Պատերազմի կանխատեսելի հետևանքներն ու Արայիկ Հարությունյանի՝ Աննա Հակոբյանին դռան հետևում սպասելու գինը

Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել.

«Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»,- շեշտել է նա:

Արայիկ Հարությանյանը, ըստ էության, կրկնում է Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ՝ 2020-ի նոյեմբերի 29-ին հնչեցրած արդարացումը:

«Եվ այս իրավիճակում եկեք հասկանանք՝ տեղի ունեցածի այլընտրանքը ո՞րն էր: Այլընտրանքն այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմը կսկսվեր, ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց:

Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», ու էլի պատերազմ պիտի սկսվեր:

Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»,- ասել էր Փաշինյանը:

Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան զույգը փորձում է ամեն կերպ պատերազմի խայտառակ արդյունքների մեղքը բարդել ուրիշի վրա՝ բանակ, հասարակություն, ընդդիմություն: Եվ ոչինչ, որ հենց իրենք ունեին պատերազմը դադարեցնելու լիազորություն, և, որ հենց իրենք են մերժել պատերազմի առաջին օրերին մարտական գործողությունները դադարեցնելու առաջարկները. Նիկոլ Փաշինյանը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի առաջարկը, Արայիկ Հարությունյանը՝ նախկին նախագահների, որովհետև չի ցանկացել խախտել Նիկոլ Փաշինյանի հետ դաշնակցությունը:

2020-ի դեկտեմբերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել էր, որ պատերազմի երրորդ օրն արդեն Արցախում էր, և 1,5-2 օրը բավական էր հասկանալու՝ լրջագույն խնդրի առաջ ենք, ուստի օր առաջ պետք է կանգնեցնել այս պատերազմը, թեկուզ՝ լուրջ զիջումներով:

«Այն ժամանակ ես կիսվեցի որոշ գաղափարներով և՛ Արկադի Ղուկասյանի հետ, և՛ Բակո Սահակյանի հետ, և Բակո Սահակյանն առաջարկեց հանդիպում կազմակերպել Արայիկ Հարությունյանի հետ։ Ես Արայիկ Հարությունյանի նկատմամբ առանձնապես համակրանք չեմ ունեցել երբեք, բայց, այնուամենայնիվ, հանգամանքներից ելնելով, համարեցի, որ պետք է կիսվել գործող նախագահի հետ մտահոգություններով և որոշ առաջարկներով, թե ինչ պետք է անել այդ իրավիճակում: Բակո Սահակյանը գնաց այդ հանդիպումը կազմակերպելու համար, երբ որ հետ եկավ, տարակուսանք էր իր դեմքին, ասում է՝ չի ուզում, ավելի շուտ՝ ոչ թե չի ուզում, այլ Արայիկ Հարությունյանն ասում է, թե՝ չեմ կարող դա անել, եթե հանդիպեմ, ինձ կուտեն, և այդ հանդիպումը վատ կանդրադառնա Ղարաբաղի վրա»,- մանրամասնել էր Քոչարյանը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ նույն եզրահանգմանն է եկել, ինչ Օնիկ Գասպարյանը, Ռոբերտ Քոչարյանը:

«Երբ ես սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը եղել եմ ՊԲ հրամանատարական կետում, այսինքն՝ 29-ին ամբողջ օրը և 30-ին, հենց 30-ին նույն կարճ հետևությունն եմ արել ռազմաքաղաքական իրավիճակից և համարյա նույն առաջարկությունն արել եմ: Միայն մեկ տարբերություն է եղել. ինչպես Օնիկ Գասպարյանն ասում է, ինքն առաջարկել է կանգնեցնել պատերազմը, իմ առաջարկությունների մեջ եղել է հետևյալը, որ պետք է ամեն ինչ անել ռազմաքաղաքական իրավիճակում բանակցային գործընթացը շարունակելու և ՊԲ ղեկավարումն ու համակողմանի ապահովումն արագ տեմպերով կատարելու համար:

Այդ եզրակացությունը ես տվել եմ ԱԽ նախագահ Արայիկ Հարությունյանին, այն նաև Արցախի ԱԽ քարտուղարն է տեսել, այդ եզրակացությունը ես տվել եմ Ջալալ Հարությունյանին, և չգիտեմ՝ ով էր այնտեղ, ասել եմ նաև, որ այն փոխանցեն ՀՀ ղեկավարին: Եվ այդ եզրակացության հիման վրա մի քանի առաջարկություններով ես և Ջալալ Հարությունյանը Մովսես Հակոբյանին խնդրել ենք, որ նա արագ գա Երևան և ներկայացնի կառավարության ղեկավարին, բայց Փաշինյանը Մովսես Հակոբյանին չի ընդունել, ինչպես տեղյակ եմ նրա խոսքից»,- մանրամասնել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

Ինչ էր անում հոկտեմբերի սկզբին պատերազմի հետևանքները քաջ գիտակցող Արայիկ Հարությունյանը․ այո՛, շարունակում էր իր ներդաշնակ քայլքը Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կողքով: Բավական է հիշել հոկտեմբերի 5-ին Փաշինյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում հայտնի խորհրդակցությունը հայտնի օպերացիայի շուրջ, և Արայիկ Հարությունյանի՝ դռան հետևում սպասելը Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգի առանձնազրույցի ավարտին, երբ պատրաստվում էին Սամվել Բաբայանի ասած՝ Քյանդ-Հորադիզ օպերացիային:

Սրանից հետո ականատեսը եղանք Արայիկ Հարությունյանի արկածախնդիր մարտակոչերին՝ հոկտեմբերի 14-ին, հոկտեմբերի 29-ին Շուշիից, երբ արդեն պարզ էր՝ պատերազմը հասել է Շուշիի տակը:

Էլ չասենք, որ պատերազմի առաջին օրը Արայիկ Հարությունյանը մեծ-մեծ խոսում էր՝ պատերազմ են հայտարարել, պատերազմ էլ կստանան, իսկ նոյեմբերի 9-ին, երբ արդեն, ըստ էության, հայտնի էր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման որոշումը, Արայիկ Հարությունյանը գրառում է անում՝ թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:

Այն, որ հայաստանյան ընդդիմությունը, 168.am-ի տեղեկություններով, սկզբում չի աջակցել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին՝ ԱԽ նիստում պատերազմի 4-րդ օրն արած հայտարարության համատեքստում, դա այլ թեմա է, բայց պետք չէ սեփական հանցավոր արկածախնդրության, կամակատարության արդյունքում ստեղծված իրավիճակի մեղքը բարդել դիմացինի վրա, որի մեջ Նիկոլ Փաշինյանի անունն ուղիղ տեքստով երբևէ չի հնչում՝ չհաշված մեկ-երկու անգամ ինչ-ինչ ակնարկները, թե ՀՀ-ից օգնություն չի հասել:

Արայիկ Հարությունյանն Արցախում Քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը չի մոռացել մեղադրել նաև նախկիններին, թե բանակցային գործընթացում չեն կարողացել ավելի նպաստավոր լուծումներ ունենալ:

«Ինչո՞ւ ենք կռվել, որովհետև բոլորս միասին մշտապես ասել ենք՝ ոչ մի թիզ հող»,- լրացրել է Հարությունյանը:

Այս տարվա փետրվարին 24News-ի հետ հարցազրույցում «ոչ մի թիզական» լինելու մեղադրանք հնչեցրել էր նաև Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

«Մենք երկու սխալ ճանապարհ ենք ընտրել. մեկը, որ բանակը համապատասխան սպառազինություն չէր ստանում, մյուսը՝ այնպիսի ծայրահեղական թեզեր էին տարածում հայ ժողովրդի մեջ, որոնք մեզ տարել են մի վիճակի, որի հետևանքը, ցավոք, եղել է այն, ինչ կա։ Մենք պետք է կա՛մ բանակը պատրաստեինք, կա՛մ ժողովրդին նախապատրաստեինք քաղաքական ճանապարհին»,- շեշտել էր նա:

Բայց զավեշտալին այն է, որ Պողոսյանն այս մտքից առաջ նախկիններին մեղադրել էր Ստեփանակերտին տարածքային զիջումներ պարտադրելու համար, որը մերժվել է:

«Պատերազմը եղել է անխուսափելի, և այս պատերազմի սկսման առաջին նախազգուշացումը եղել է 2016-ին։ Դեռևս «քառօրյայից» հետո քննարկվում էր, որ այն ընդամենը սկիզբն է, բայց ավարտը չէ։ Ավարտը պետք է լինի խաղաղ բանակցությունների միջոցով՝ տարածքների հանձնմամբ։ Այդպիսի քննարկումներ ՀՀ նախկին ղեկավարների մակարդակով 2016 թ.-ին եղել են Արցախի իշխանությունների հետ, 88-ի շարժման ակտիվիստների հետ: Սակայն եղել է միանշանակ մերժում։ Մենք այս տարիների ընթացքում ճիշտ չենք օգտագործել ժամանակը, որովհետև այն, ինչ քննարկվում էր բանակցային սեղանին, հանրությանը չի ներկայացվում»,- ասել էր նա:

Նշենք, որ ավելի վաղ նման պնդում արել էր նաև Սամվել Բաբայանը, թե 2017-ին Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ զիջումների մասին քննարկում է ունեցել:

Այդ ժամանակ Արցախի նախագահը Բակո Սահակյանն էր, իսկ 2017-ի սեպտեմբերի 25-ից Արայիկ Հարությունյանը ԱՀ պետական նախարարի պաշտոնն էր ստանձնել, մինչ այդ երկրի վարչապետն էր:

Բաբայանին Արայիկ Հարությունյանը հակադարձել էր. «Սամվել Բաբայանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2017թ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին։ Կուզեի պարոն Բաբայանին և մեր հանրությանը տեղեկացնել, որ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։

Հաջորդը. հիշատակված հայտնի հանդիպումը կամ, ավելի ճիշտ, հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017 թ., այլ 2016 թ. ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի։

Հ.Գ. «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում»:

Ավելին, 2016-ի ամռանն Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հարցազրույց էր տվել ռուսական «ВЗГЛЯД» էլեկտրոնային պարբերականին, և պնդել, որ Արցախի իշխանությունների հետ չի քննարկվել անգամ այդ ժամանակ ոչ պաշտոնական քննարկումների առարկա դարձած «Լավրովի պլանը»:

«Մեզ հետ որևէ պլան չի քննարկվել և, դրանից ելնելով, սխալ կլինի որևէ ենթադրություն կամ եզրակացություն անելը»,- շեշտել էր նա՝ հավելելով, որ առանց Արցախի՝ բանակցային գործընթացին մասնակցության, այն դատապարտված է ձախողման:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով առիթների դեպքում դեմ է արտահայտվել Մադրիդյան սկզբունքներին, միաժամանակ, համակարծիք է եղել բարենպաստ լուծումների անկարող նախկին իշխանությունների հետ, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի իշխանության, որ խնդիրը պետք է լուծել փոխզիջումների միջոցով, ինչը ենթադրում է նաև տարածքների հանձնում, սակայն առաջին պլանում պիտի լինի Արցախի կարգավիճակի հարցը, Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը:

2018-ին ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո ժամանակին ՀՀ իշխանությունների հետ ընդհանուր հայտարարի եկած Արայիկ Հարությունյանն իր դիրքորոշումը ներդաշնակեցրեց Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն»՝ երկրորդ պլան մղելով Արցախի կարգավիճակի հարցը:

Եվ հենց այստեղ է, որ տեղի ունեցավ Արցախի իշխանությունների կամ Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ նախկին իշխանությունների տեսակետի և առաջարկի մերժումը, և, ըստ էության, ոչ նպաստավոր գործընթացի սկիզբը դրվեց:

«Մենք այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը՝ ՀՀ իշխանությունների հետ: Ես նշել եմ, որ դրանք նույնական են, որևէ խնդիր չկա: Նախկինում շատ ավելի խոսում էինք՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա՝ ոչ, գլխավորն անվտանգությունն է: Եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա նշանակելու է Արցախի վերջը, մենք գիտենք՝ ով է մեր թշնամին»,- պատերազմից մոտ 20 օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Արցախի ղեկավարը:

Այն ժամանակ 168.amահազանգել էր, որ «առաջին հայացքից ականջ շոյող և համարձակ թվացող անվտանգության թեզի շրջանառումը՝ առանց կարգավիճակի առաջնային կարևորության, հղի է վտանգներով, օրինակ, միջազգային հանրությունը կամ ԼՂ հարցով զբաղվողները շատ հանգիստ կարող են առաջ տանել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը՝ վստահեցնելով, որ անվտանգությունն անհրաժեշտ մակարդակով պաշտպանված կլինի: Կամ կարող է, օրինակ, գտնեն, որ միայն Ստեփանակերտից, Ասկերանից հնարավոր կլինի Արցախի անվտանգությունն ապահովել: Այսինքն՝ անվտանգության ապահովման անվան տակ ամեն ինչ կարող են առաջարկել, պարտադրել»:

Մեր այս ահազանգից մոտ 20 օր հետո ունեցանք Ադրբեջանի սանձազերծած պատերազմ, դրանից 44 օր հետո՝ Արցախի տարածքների 75 տոկոսի կորուստ, Արցախի անորոշ կարգավիճակ կամ փաստացի կորսված, խաղաղապահների առկայություն, Արցախի ՊԲ-ի, լավագույն դեպքում՝ «պայմանագրային ապագա»:

Ավելին, Արցախի նախագահն այսօր բարդագույն խնդիր ունի տնտեսապես, անվտանգային առումով պահելու մնացած 25 տոկոսը, և, ըստ էության միակ փրկությունը և անվտանգության ապահովումը սպասում է ՌԴ-ից՝ գոնե ԼՂԻՄ-ի տարածքի վերադարձից մինչև ՌԴ կազմում հովանի գտնել, բայց ոչ Նիկոլ Փաշինյանից, որի հետ այդքան ներդաշնակ դիրքորոշումներ ունեին Արցախի հարցում:

Հետո՞ ինչ, որ վերջերս նորից Փաշինյանի հետ միաբերան Արայիկ Հարությունյանը սկսել է կրկնել՝ Արցախն ապագա ունի, մինչդեռ չի խորշում տնտեսաբնակարանային ապահովություն գտնել Երևանում: Դե այսօր Արցախում ռուս խաղաղապահն ավելի շատ հարց է լուծում, քան Արայիկ Հարությունյանը՝ որպես նախագահ, և մեկ է՝ նա կլինի Արցախո՞ւմ, թե՞ Երևանում:

Տեսանյութեր

Լրահոս