Արայիկ Հարությունյանի՝ Սերժ Սարգսյանի հետ «ընդհանուր հայտարարը» մոռանալու և Նիկոլ Փաշինյանին «ներդաշնակեցվելու» գինը
24News-ի հետ հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, թե «2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունները պաշտոնական Ստեփանակերտին առաջարկում էին զիջել տարածքները՝ վերահաս պատերազմը կանխելու համար, սակայն ստացել են կտրուկ մերժում»:
«Պատերազմը եղել է անխուսափելի, և այս պատերազմի սկսման առաջին նախազգուշացումը եղել է 2016-ին։ Դեռևս «քառօրյայից» հետո քննարկվում էր, որ այն ընդամենը սկիզբն է, բայց ավարտը չէ։ Ավարտը պետք է լինի խաղաղ բանակցությունների միջոցով՝ տարածքների հանձնմամբ։ Այդպիսի քննարկումներ ՀՀ նախկին ղեկավարների մակարդակով 2016 թ.-ին եղել են Արցախի իշխանությունների հետ, 88-ի շարժման ակտիվիստների հետ: Սակայն եղել է միանշանակ մերժում։ Մենք այս տարիների ընթացքում ճիշտ չենք օգտագործել ժամանակը, որովհետև այն, ինչ քննարկվում էր բանակցային սեղանին, հանրությանը չի ներկայացվում»,- ասել է նա:
Ըստ էության, Վահրամ Պողոսյանը կրկնում է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի՝ 2019-ի փետրվարի 5-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արտահայտած միտքը, որտեղ նա պնդում է, որ 2017-ին Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ զիջումների մասին քննարկում է ունեցել:
Հիշեցնենք, որ 2017-ին Արցախի նախագահը Բակո Սահակյանն էր, իսկ 2017-ի սեպտեմբերի 25-ից Արայիկ Հարությունյանը ԱՀ պետական նախարարի պաշտոնն էր ստանձնել, մինչ այդ երկրի վարչապետն էր:
Սամվել Բաբայանը, մասնավորապես, նշել էր. «Ամիսը հստակ չեմ կարող ասել, բայց գնացել են, բանակցել են, ասել են ինչ փոխզիջում, ոնց պիտի լինի: Ղարաբաղի իշխանություններից հարցրեք, ասեք՝ Ձեզ հավաքել են դահլիճում, և ոչ միայն իշխանություններին, ակտիվիստներ և այլն, ու խոսել են, հարցրեք՝ ինչի մասին են խոսել: Եվ ամբողջ վերնախավը բերանները ջուր էին հավաքել: Այ, երբ որ անկեղծ ասեն, թե ինչի մասին են խոսել իրենց հետ, հասկանալու եք, թե ինչի համար են ինձ փակել»:
Հարցազրույցից մեկ օր հետո Արայիկ Հարությունյանն արձագանքել էր Սամվել Բաբայանի հայտարարությանը, որտեղ նա ակնարկում է, թե իբր ինքն է դեմ եղել տարածքային զիջումներին, ինչի արդյունքում ստացել է իր դեմ ժամանակին հարուցված «Իգլայի» գործ:
«Սամվել Բաբայանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2017 թ.-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին։ Կուզեի պարոն Բաբայանին և մեր հանրությանը տեղեկացնել, որ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։
Հաջորդը. հիշատակված հայտնի հանդիպումը կամ, ավելի ճիշտ, հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017 թ.-ին, այլ 2016 թ.-ի ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի։
Հ.Գ. «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում»,- ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել էր Արայիկ Հարությունյանը:
Ի դեպ, 2016-ի ամռանն Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հարցազրույց էր տվել ռուսական «ВЗГЛЯД» էլեկտրոնային պարբերականին, և պնդել, որ Արցախի իշխանությունների հետ չի քննարկվել անգամ այդ ժամանակ ոչ պաշտոնական քննարկումների առարկա դարձած «Լավրովի պլանը»:
«Մեզ հետ որևէ պլան չի քննարկվել և, դրանից ելնելով, սխալ կլինի որևէ ենթադրություն կամ եզրակացություն անելը»,- շեշտել էր նա՝ հավելելով, որ առանց Արցախի՝ բանակցային գործընթացին մասնակցության, այն դատապարտված է ձախողման:
2016-ին Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տալիս Bloomberg-ին և լավրովյան առաջարկների մասով ասում հետևյալը. «Ես որ ասում էի` հիմք կար, ինչը նկատի ունեի. իրոք, Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին հետևյալ պատկերը… իսկ Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, և ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, և այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց, մինչև ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տևեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաև նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից, և պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլևս կոնֆլիկտ չլինի: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողմերի միջև: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը»:
Իսկ նույն թվականին 2016-ին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել է. «2015թ.-ի սկզբին պարզ դարձավ, որ գործը գնում է մեծ հակամարտության, եթե չասենք` պատերազմի, և ահա պատահեց ապրիլը։ Իհարկե, կա որոշում, և մենք հասկանում ենք, որ այն պետք է հիմնվի փոխզիջումների վրա. դա այն դեպքը չէ, որ հաղթի Հայաստանը կամ Ադրբեջանը, կամ էլ Ղարաբաղը»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով առիթների դեպքում դեմ է արտահայտվել Մադրիդյան սկզբունքներին, միաժամանակ, ինչպես վերևում նշեցինք, հայտարարել է, որ 2016թ. ապրիլ և հուլիս ամիսներին հանդիպում է եղել ՀՀ իշխանությունների հետ, և իրենք եկել են ընդհանուր հայտարարի: Այսինքն, համակարծիք է եղել նրան, ինչի մասին Սերժ Սարգսյանը խոսել է 2016-ին տված՝ վերևում հիշատակված հարցազրույցներում:
Գաղտնիք չէ, որ ՀՀ նախկին իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջին պլան էին մղում Արցախի կարգավիճակի հարցը, Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը, որի հետ ևս Արցախում համաձայն են եղել:
Այլ հարց է, որ 2018-ին ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո ժամանակին ՀՀ իշխանությունների հետ ընդհանուր հայտարարի եկած Արայիկ Հարությունյանն իր դիրքորոշումը ներդաշնակեցրեց Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն»՝ երկրորդ պլան մղելով Արցախի կարգավիճակի հարցը:
Եվ հենց այստեղ է, որ տեղի է ունեցել Արցախի իշխանությունների կամ Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ նախկին իշխանությունների տեսակետի և առաջարկի մերժումը:
«Մենք այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը՝ ՀՀ իշխանությունների հետ: Ես նշել եմ, որ դրանք նույնական են, որևէ խնդիր չկա: Նախկինում շատ ավելի խոսում էինք՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա՝ ոչ, գլխավորն անվտանգությունն է: Եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա նշանակելու է Արցախի վերջը, մենք գիտենք՝ ով է մեր թշնամին»,- պատերազմից մոտ 20 օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Արցախի ղեկավարը:
Այն ժամանակ 168.am-ը զգուշացրել էր, որ «առաջին հայացքից ականջ շոյող և համարձակ թվացող անվտանգության թեզի շրջանառումը՝ առանց կարգավիճակի առաջնային կարևորության, հղի է վտանգներով, օրինակ, միջազգային հանրությունը կամ ԼՂ հարցով զբաղվողները շատ հանգիստ կարող են առաջ տանել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը՝ վստահեցնելով, որ անվտանգությունն անհրաժեշտ մակարդակով պաշտպանված կլինի: Կամ կարող է, օրինակ, գտնեն, որ միայն Ստեփանակերտից, Ասկերանից հնարավոր կլինի Արցախի անվտանգությունն ապահովել: Այսինքն՝ անվտանգության ապահովման անվան տակ ամեն ինչ կարող են առաջարկել, պարտադրել»:
Ավելի ուշ 168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահն ինքնորոշման իրավունքի երկրորդման խնդրին անդրադառնալով՝ պարզաբանել էր.
«Ինչ վերաբերում է, թե որն է Արցախի համար առաջնային՝ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչո՞ւմը, թե՞ անվտանգությունը, ապա դա արհեստականորեն ձևավորված երկընտրանք է, քանի որ մեկը գլխավորապես միջոց է, մյուսը՝ նպատակ: Այսինքն, ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ու անկախության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չեն, դրանք պետք է ծառայեն Արցախի բնակչության երաշխավորված տևական անվտանգությանն ու արժանապատիվ կյանքին սեփական հայրենիքում: Այդ արհեստական երկընտրանքի կողմնակիցները պետք է հետևյալ մտավարժանքով համոզվեն անվտանգության առաջնահերթության հարցում. եթե տեսականորեն ընտրելու լինեն երկու տարբերակի միջև՝ ա) զրո միջազգային ճանաչում փաստացի անկախության ու կայուն անվտանգության պայմաններում (օրինակ՝ Արցախի ներկա վիճակը), և բ) լրիվ միջազգային ճանաչում խիստ խոցելի ու անկայուն անվտանգային միջավայրով (օրինակ՝ մերօրյա Սիրիան կամ Ուկրաինան), ապա արդյո՞ք չէին ընտրի «Ա» տարբերակը: Քանի որ, մենք կարծում ենք, որ մեր անվտանգային միջավայրը կարող է բարելավվել, եթե սեփական անվտանգային երաշխիքներին ավելանան միջազգային ճանաչմամբ պայմանավորված երաշխիքները, գլխավորապես այդ պատճառով, այո, մեզ համար կարևոր է միջազգային ճանաչումը, սակայն ոչ երբեք՝ մեր սեփական անվտանգային երաշխիքների հաշվին: Իսկ եթե առաջարկվում է մեր անվտանգության սեփական երաշխիքները փոխարինել միջազգային ճանաչումից բխող անորոշ երաշխիքներով, և Ադրբեջանն էլ անընդհատ անվտանգային իրական սպառնալիքներ է ներկայացնում՝ առանց միջազգային պատշաճ հակազդման, արդյո՞ք պարտավոր չենք ընդգծել մեր անվտանգության ապահովման առաջնահերթությունը բոլոր մնացած պայմանների հանդեպ»:
Մեր հոդվածից և այս հարցազրույցից մոտ 20 օր հետո Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, դրա ելքը, տարածքային կորուստները և Արցախի անորոշ կարգավիճակը կամ փաստացի կորսվածը, խաղաղապահների առկայությունը, Արցախի ՊԲ-ի «պայմանագրային ապագան», ցավոք, ցույց տվեցին, որ մեր կանխատեսումները ճիշտ էին, որ Արայիկ Հարությունյանի չսիրած արհեստական երկընտրանքի կողմնակիցներն ավելի ճիշտ դուրս եկան:
Եվ այսօր Արցախի նախագահը փրկությունը և անվտանգության ապահովումը սպասում է ՌԴ-ից, ոչ թե Նիկոլ Փաշինյանից, որի հետ այդքան ներդաշնակ դիրքորոշումներ ունեին Արցախի հարցում:
Մինչդեռ 2019-ին ռուսալեզու լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր. «Մենք չենք վստահում ոչ միայն Ռուսաստանին, այլև ցանկացած այլ խաղաղապահների: Արցախի անվտանգությունը պահպանել կարող են միայն Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության ուժերը: Խաղաղապահների անհրաժեշտություն չկա: Մենք Ադրբեջանի հետ կկարողանանք ապագայում պայմանավորվել: Բայց մեզ անվտանգության միջնորդներ պետք չեն»:
Այս ամենը հաշվի առնելով է, թերևս, որ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը ՀՀ նախկին իշխանություններին մեղադրելուց հետո իր մտքի շարունակության մեջ տողատակերում ափսոսանք է հայտնում Արցախի իշխանությունների «տարածքային մերժումների» մասով, հատկապես, երբ վերջին պատերազմը ցույց տվեց, որ Արցախի օդն այնքան էլ պաշտպանված չէ, մեղմ ասած, և թշնամու ոչ թե «ճանճերը», այլ ԱԹՍ-ներն ու ինքնաթիռները լավ էլ մտնում էին, որի հետևանքով հարյուրավոր զոհեր ունեցանք:
«Մենք երկու սխալ ճանապարհ ենք ընտրել. մեկը, որ բանակը համապատասխան սպառազինություն չէր ստանում, մյուսը՝ այնպիսի ծայրահեղական թեզեր էին տարածում հայ ժողովրդի մեջ, որոնք մեզ տարել են մի վիճակի, որի հետևանքը, ցավոք, եղել է այն, ինչ կա։ Մենք պետք է կա՛մ բանակը պատրաստեինք, կա՛մ ժողովրդին նախապատրաստեինք քաղաքական ճանապարհին»,- 24News-ի հետ հարցազրույցում անկեղծացել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
Սա ոչ այլ ինչ է, քան պարզ արկածախնդրություն, եթե չասենք՝ հանցավոր, որի ականատեսն ենք եղել պատերազմի 44 օրերի ընթացքում: