«Հայաստանում 3 տարի է՝ ունենք իշխանություն, որը պաշտպանում է նեոօսմանիզմի քաղաքականության շահերը»․ Դավիթ Շահնազարյան
«Գրեթե համոզված եմ, որ այսօր ԱՄՆ նախագահ Բայդենը իր ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
Ըստ նրա՝ պետք է հստակ հասկանանք, որ դա կապված է լինելու աշխարհաքաղաքական գործոնների, Միացյալ նահանգների շահերի և Թուրքիայի այսօրվա քաղաքականության հետ․
«Ինչևէ, դրանից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության համար, կարծում եմ՝ նոր հնարավորություններ են բացվում, ինչն այս իշխանություններն անընդունակ են իրականացնելու, ինչպես նաև ընդհանրապես արտաքին քաղաքականություն վարելու»:
Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ այսօր Թուրքիան շարունակում է վարել նեոօսմանիզմի քաղաքականություն, որը կոչվում է նաև պանթուրանիզմ և դրա առաջին զոհերը դարձյալ մենք էինք․
«Միայն և միայն այն պատճառով, որ Հայաստանում արդեն 3 տարի ունենք մի իշխանություն, որը պաշտպանում է հենց նույն նեոօսմանիզմի քաղաքականության շահերը: 1915-ից հետո մեր ամենամեծ աղետը 2020 թվականն էր և առաջին հերթին մեզ պետք է միասնություն, որ հաղթահարենք մեր ներսի նեոօսմանիզմը: Սա է գլխավոր նպատակը, որովհետև այն 5 հազարից ավելի զոհերը, մեր հայրենիքի կորուստները տեղի չէր ունենա, եթե Հայաստանն ունենար թեկուզ վատ, բայց իր շխանությունը, ոչ թե օտարի նշանակած իշխանությունը:
Հուսանք, որ մոտ ապագայում կկարողանանք ազատվել այս հանցագործ իշխանություններից, պետական դավաճանություն կատարած իշխանություններից, որպեսզի կարողանանք պահպանել արդեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և մեր պետականությունը: Եթե վտանգն Արցախն էր, հիմա վտանգն առաջին հերթին Սյունիքն է: Հայաստանի իշխանությունները նույնպես լծված են ինչ–որ հաղորդակցական միջանցքներով, որոնք բացարձակապես Հայաստանի Հանրապետության շահերից չեն բխում»:
Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ Հայաստանը շատ մեծ անելիք ունի, բայց առաջին հերթին Հայաստանը պետք է որպես գործոն լինի․
«Հայաստանն այսօր գործոն չէ՛։ Դեռ երկու տարի առաջ եմ ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերությունների սուբյեկտ չէ, այլ ընդամենը օբյեկտ է և ոչ մի հարց չի լուծվելու, ամեն ինչ շարունակելու է վատթարանալ, վտանգները մեր տարածքային ամբողջականությանն նկատմամբ շարունակելու են մեծանալ, քանի դեռ մենք չենք ավարտել նեոօսմանիզմի շահերը պաշտպանող այս քաղաքականությունից»: