Քանի դեռ Փաշինյանը չի հեռացել, Դամոկլյան սուրը կախված է մեր գլխավերևում. Թուրքագետ
Թեև փորձագիտական շրջանակները վստահեցնում են, որ ԱՄՆ որևէ նախագահ այսքան մոտ չի եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որքան Ջո Բայդենը, այդուհանդերձ, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը կասկածանքով է վերաբերվում ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչմանը՝ հաշվի առնելով թուրք-ամերիկյան փոխգործակցությունը․ «ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն Թուրքիային երբեք չեն զոհի, երբեք չեն հրաժարվի Թուրքիայից և Թուրքիան ևս ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը չի զոհի․ իրենք իրենց շահերը գիտեն։ ԱՄՆ-ը գուցե ինչ-որ ժեստեր անի՝ Թուրքիային վախեցնելու համար, սակայն երբեք Թուրքիային ի վնաս որևէ քայլի չի գնա և երբեք Թուրքիային չի զոհի հանուն Հայաստանի։
Եթե ԱՄՆ ղեկավարությունը լավ հաշվարկել է ու տեսնում է, որ կարելի է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործել իր ղեկավարի շուրթերով և դրանից հետո այլ քայլ չանել, գուցեև Բայդենը «ցեղասպանություն» բառն օգտագործի՝ ինչպես որ ժամանակին Ռեյգանն էր օգտագործել այդ բառը»։
Թուրքագետի համոզմամբ, սակայն, «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը մեզ բացառապես բարոյական հատուցում է ապահովելու: Ըստ նրա՝ «Գուցե Թուրքիան իր դեսպանին հետ կանչի մի քանի ամսով, մի քանի ամիս անց էլ դեսպանին հետ կուղարկի, նորից հարաբերությունները կլավանան»։
Ի դեպ, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել երկու տասնյակից ավելի երկրների, միջազգային կառույցների ղեկավարների։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղած նամակում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել 2019թ. ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների որոշումը և մասնավորապես նշել. «Ակնկալում ենք, որ Դուք կվերահաստատեք պատմական արդարությունն առաջ մղելու և նոր ցեղասպանությունները կանխելու՝ Ձեր հանձնառությունը»:
Քանի որ քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակների քննարկումների ծիրում «Մեղրիի միջանցք»-ի թեման է, և քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Սյունիքի հանդեպ իր բացահայտ նկրտումների մասին՝ 168.am–ը Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ զարգացումներ է կանխատեսում Սյունիքի շուրջ: Նա, ի պատասխան, մանրամասնեց․
«Ալիևը չի խոսում ինչ-որ մի միջանցքի մասին, այլ ամբողջ Զանգեզուրի մասին, իսկ եթե միջանցքից է խոսում, ապա՝ նշում է միջանցքների մասին։ Իհարկե, խոսքը ոչ իր տարածքով միջանցքների մասին է․ իրենք միայն միակողմանի են մտածում։ Նկատենք՝ դա ոչ թե ինչ-որ բեռների փոխադրման համար է, այլ ավելի հեռուն գնացող քաղաքական նպատակներ է հետապնդում, որը, ըստ էության, Թուրքիայի պահանջն է՝ պանթուրքիզմի նպատակներից ելնելով։
Քանի որ այս պատերազմից հետո Սյունիքը վտանգի տակ հայտնվեց, և Ռուսաստանն իր ռազմական ներկայացուցչությունն ամրապնդեց այստեղ, Ադրբեջանն այլևս չունի զենքի ուժով որևէ գործողություն նախաձեռնելու շանս։ Եվ մենք արձանագրեցինք, թե ինչպես Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձեց խմբագրել Ալիևի՝ «զենքի ուժով» հարցը լուծելու հայտարարությունը՝ վստահեցնելով, թե Բաքվի բռնապետը որևէ նման բան չի ասել։
Իրենք գիտեն, որ նման հայտարարությունների դեպքում իրենք Ռուսաստանի հետ խնդիրներ կունենան, ինչը ցանկալի չէ»։
Թուրքագետը նկատեց՝ Ալիևի համար ավելի հեշտ տարբերակ կա, այն է՝ Հայաստանի իշխանությունների հետ պայմանավորվածությունների գնալը․ «Եթե Նիկոլ Փաշինյանը պարզապես ստորագրի և Զանգեզուրն իրենց հանձնի, կամ մի մաս այդ տարածաշրջանից, այն ժամանակ ռուսներն արդեն այստեղ ասելիք չեն ունենա։
Քանի դեռ Փաշինյանը չի հեռացել, մեր գլխին ավելի մեծ վտանգներ են կախված․ Դամոկլյան սուրը կախված է մեր գլխավերևում»։