Մեծապատիվ շվեյցարները
Բնության մեջ չկան գենեզիս և պատճառահետևանքային կապեր չունեցող երևույթներ։ Իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը, իր հակաբնականությամբ, այդուհանդերձ բնական է ու ունի խիստ որոշակի պատճառներ ու առաջացման աղբյուրներ։
Այսօր տեղի ունեցողը, աղետալի պատերազմն ու մնացյալը տարիներ շարունակ իրականացված հանրային ու քաղաքական կառույցների դեֆորմացիայի հետևանքն են։ Դրա կուլմինացիան, իհարկե, 2018 թվականն էր, երբ ահա այդ ինստիտուցիաների ձևախեղման արդյունքում քաղաքականության ու քաղաքացիականության, հանրային կյանքի կազմակերպման, հաղորդակցության մշակույթի և այլ համակարգերում տեղի ունեցան իրականում հեղափոխական փոփոխություններ՝ այդ կառույցներում դոմինանտ դարձան արժեքներ ու նորմեր, որոնք հակացուցված են նույն այդ կառույցների փիլիսոփայությանը, քաղաքականությանն ու քաղաքացիականությանը, հանրային ու պետական համակարգերի ամբողջականությանը։
Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, և մենք իրադարձությունների տարերային ընթացքում չնկատեցինք կամ չցանկացանք նկատել, որ ամեն ինչ շուռ է գալիս գլխիվայր՝ վերջնարդյունքում այդպիսին դարձնելով նաև պետությունը։
Հենց դրա հետևանքն է, որ այսօր բովանդակային իմաստով ունենք հակապետություն ու հակահասարակություն, ապրում ենք հարաբերություններում, որոնցում գերակայում են հակամարդիկ ու հակաարժեքները։
Բայց սա, ողբերգական լինելով՝ անխուսափելի հանգրվան էր։
Հենց այսպիսի հատակում պետք է հայտնվեր պետությունը, որում մորուքը՝ տղամարդկային, հայհոյանքն էլ՝ քաղաքական հասունության նշան է։
Այլ ընթացքով չէր կարող շարժվել երկիրը, որում որոշումները կայացվում են ինտելեկտուալ կուսության ու բարոյական իմպոտենցիայի մթնոլորտում։
Հենց այսպիսին պետք է լիներ անդունդը, որտեղ պլակատիզմը դարձավ դեպուտատություն, բառադիզմը՝ պետական քաղաքականություն, քաղաքացիականությունը՝ ամբարտավանություն, շուստրիությունը՝ դիվանագիտություն։
Կառույցը, որի առկայության դեպքում միայն պետությունը կարող է գոյություն ունենալ, քանդվել է անողոքաբար։
Փողոցների փակումը եղել է քանդման վերջին արարը, որը պետք է դառնար սեփական երկրում օտար պետության դրոշի առաջնորդությամբ տեղաշարժվողի աստեղային ժամի սկիզբը։
Երեք տարի առաջ այս օրերին փակվել են ոչ միայն ու ոչ այնքան՝ Երևանի փողոցները։
Երեք տարի առաջ Երևանում բեմադրված աղբամանային բարիկադիզմն իրականում փակել է Հայաստանի ոչ միայն զարգացման, այլ անգամ գոյության ճանապարհները։ Փակողները, փաստորեն, դրանք պատրաստ են բացել միայն Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ։
Երևանի փողոցներ փակողները դարձել են պետության շվեյցարները՝ հույսով, որ թեյավճար կստանան ադրբեջանաթուրքական միջանցքի բացման դիմաց։