Ատելության դաշնակիցն ու ճշմարտության թշնամին
Հայաստանում ատելությունը ենթարկվել է հետաքրքիր տրանսֆորմացիաների։ Տարիներ, տասնամյակներ շարունակ ատելության հիմնական թիրախը եղել են նախորդ իշխանությունները, ատելությունն էլ գեներացվել է հիմնականում նրանց կողմից, ովքեր իշխանության են այսօր։
Բայց այնպես չէ, որ ատելությունը միայն կամ հենց իշխանությանը հատուկ հատկանիշ է։
Կյանքը ցույց է տալիս, որ ատելության հարցում կարևոր է ոչ այնքան հիմնավորվածությունն ու փաստական բազան, որքան ատելություն գեներացնողը։ Նախկինում ատելություն գեներացնողներն ընդդիմության շարքերում էին, ատելության թիրախն իշխանությունն էր, հիմա գեներացնողներն են եկել իշխանության, ատելության թիրախը դարձել է ընդդիմությունը կամ նախկին իշխանությունները։
Ատելությունը զենք է, որով գործողները կարողացել են գալ իշխանության և նույն ատելությամբ հիմա պահպանում են իշխանությունը։
Ատելությունը թույն է, որի հակաթույնը Հայաստանում չի գտնվել։ Իսկ քանի դեռ չի գտնվել, այն շարունակելու է բաժանել հասարակությանը, որը երբեք չի եղել այնքան բևեռացված, որքան այսօր։
Լայն իմաստով, դա այլևս նույնիսկ հասարակություն չէ, այլ քաղաքական նախասիրություններ, կուռքեր ու հակակուռքեր ունեցող տարբեր աղանդների միավորում, որոնց գոյության շարժիչ ուժը փոխադարձ ատելությունն է։
Հայաստանում ատելությունը վերածվել է կյանքի, կյանքը՝ ատելության։ Հասարակության բևեռացվածությունն ու ատելության գերակայությունն ամենաշատը վնասում է ճշմարտությանը։
Սեկտանտիզմի սկզբունքով ապրող հասարակություններում չկան ճշմարտություններ, գործում են միայն այս կամ այն բևեռի, աղանդի դոգմաները, որոնք կարող են ոչ միայն ճշմարիտ չլինել, այլև, որպես կանոն, լինում են հակաճշմարտություններ։
Այսինքն՝ Հայաստանում հանրային կյանքը կառուցվում է ոչ թե օբյեկտիվ իրականության, դրա հիմքը հանդիսացող ճշմարտության, այլ աղանդավորության վերածված քաղաքական խմբերի՝ աղավաղած ճշմարտության, իմա՝ ստի և կեղծիքի հիման վրա։ Արդյունքում՝ հասարակությունը դառնում է ոչ թե ճշմարտության, այլ՝ կեղծիքի սպառող, նրա ներկայացրած պահանջարկն էլ ոչ թե ճշմարիտ քաղաքականության, այլ մանիպուլյատիվ կեղծարարության պահանջարկ է։ Հասարակությունը թմրամոլի նման կախվածության մեջ է հայտնվել ստից ու կեղծիքից, ինչը քաղաքականությամբ զբաղվողներից, բայց առաջին հերթին՝ իշխանությունից պահանջում է մշտապես զբաղվել իրականության նորանոր կեղծումներով։
Իշխանությունն այդ հարցում թիվ մեկ շահառուն է, քանի որ այն ևս հիմնված է կեղծիքի վրա։
Ճշմարտությունը գործող իշխանության թշնամին է, քանի որ այն կարող է բացահայտել դրա ողջ սնանկությունն ու մերկությունը։
Արդյունքում՝ Հայաստանն ապրում է համատարած ստի ու կեղծիքի, նենգափոխված իրականության ու, որպես դրանց ինտեգրալ հետևանք՝ ատելության մթնոլորտում։ Ատելություն, որը պետության թշնամին լինելով իշխանության դաշնակիցն է հանրությանը մշտապես նեգատիվ տիրույթում պահպանելու հարցում։ Որովհետև ատող հասարակությունն առավելապես բնազդներով առաջնորդվող հասարակություն է ու պակաս մտածող հասարակություն է, իսկ պակաս մտածող լինելով՝ քիչ հարցեր տվող ու պատասխաններ չփնտրող հասարակություն է, ու այդմով հանդերձ՝ իշխանությանը ձեռնտու հասարակություն է։
Ատելությունից դուրս գալու ու ոչ թե բնազդներով, այլ բանականությամբ առաջնորդվելու դեպքում հասարակությունը կարող է մտածել այս իշխանության էության ու բնույթի ու, որպես հետևանք՝ դրա անթույլատրելիության ու փոփոխելիության անհրաժեշտության մասին։ Հետևաբար՝ իշխանությանն անհրաժեշտ է մշտապես ատող հասարակություն։
Այս իրավիճակի փոփոխության երկու տարբերակ կա, որոնք կարող են կիրառել քաղաքականությամբ զբաղվողները՝ կամ հասարակությանը հանել ատելության իռացիոնալ թմբիրից և փորձել վերադարձնել բանականության տիրույթ, կամ փոխել ատելության թիրախը՝ ատելության ալիքն ուղղելով իշխանության դեմ։
Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողներն ընտրել են երկրորդ տարբերակը, որն ի սկզբանե ձախողված տարբերակ է, քանի որ ատելություն գեներացնելու հարցում հազիվ թե որևէ մեկը կարողանա մրցել Նիկոլ Փաշինյանի հետ։