«2018թ. մայիսից հետո ՀՀ նոր ղեկավարության լուրջ սխալների, չմտածված հայտարարությունների և քայլերի պատճառով իրավիճակը փոխվեց ի վնաս Երևանի»․ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը Politique Internationale-ի տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պատահեց 2018թ. մայիսին Երևանում իշխանության փոփոխությունից հետո, ասել է․ «2018թ.-ի մայիսից հետո Հայաստանի նոր ղեկավարության դիվանագիտական լուրջ սխալների, չմտածված հայտարարությունների և քայլերի պատճառով իրավիճակը փոխվեց ի վնաս Երևանի։ Հայկական կողմը հայտարարեց, որ որոշել է բանակցությունները սկսել իր «նոր կետից», ըստ էության հրաժարվելով բանակցային գործընթացի նախկին արդյունքներից, սակայն չկարողանալով նույնիսկ համանախագահներին բացատրել, թե որտեղ է գտնվում այդ «կետը» և ինչում է այդ մոտեցման էությունը։

Եթե նախորդ տարիների ընթացքում բազմիցս ընդգծվում էր, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումներին, ապա այժմ միջազգային հանրության աչքերում Երևանը ներկայանում էր, որպես բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ։ Հայաստանի նոր իշխանությունները ավելի հեռուն գնացին՝ սկսելով կասկածներ հայտնել, որ հակամարտությունը հնարավոր է հանգուցալուծել բանակցությունների միջոցով և նույնիսկ պնդելով, որ պատերազմն անխուսափելի է։

Բաքուն ստացավ այն, ինչ իրեն տարիներ շարունակ չէր հաջողվում՝ որպես պատերազմի պատճառ ներկայացնել Հայաստանի կողմից բանակցություններից հրաժարվելու մեղադրանքը։ Թեև հենց Ադրբեջանն էր, որ առնվազն 2008-ից 2018 թվականներին մերժում էր համանախագահների կողմից արված բոլոր առաջարկները՝ ոչ միայն հիմնահարցի քաղաքական կարգավորման, այլև՝ փոխվստահության միջոցառումների կառուցման և զինադադարի ամրապնդման վերաբերյալ։ Ուստի, հենց Ադրբեջանն է գլխավորապես մեղավոր, որ հակամարտությունը չի կարգավորվել, ինչպես նաև, կրկնում եմ, 2020 թվականի սեպտեմբերին պատերազմ հրահրելու ու սանձազերծելու հարցում։

Երբ կողմերից մեկը պատրաստվում է պատերազմի, իսկ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Ադրբեջանը հենց դա էր անում, իսկ մյուս կողմը կարծում է, որ պատերազմն անխուսափելի է և չի անում այն ամենը, ինչ անհրաժեշտ է ռազմական գործողությունները կանխելու համար, ապա պատերազմը դառնում է անխուսափելի։ Բայց նաև այդ դեպքում, երբ հակառակորդը գնում է ռազմական արկածախնդրության, կարելի է պատերազմը կանգնեցնել, եթե պատրաստ ես համապատասխան հակահարված տալ և եթե առկա է աներկբա աջակցություն և ըմբռնում դաշնակիցների ու միջազգային հանրության կողմից, որոնք կանեն այն ամենը, ինչ հնարավոր է, որպեսզի կանգնեցնեն ռազմական գործողությունները։ Իրավիճակի նման զարգացման ականատեսն ենք եղել 2016 թվականին, երբ պատերազմը կանգնեցվեց երեք ու կես օր անց։

Իսկ նրանց, ովքեր այսօր նույնիսկ Երևանում պնդում են, թե միևնույնն է՝ ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ շուրջ երեսուն տարի ձգվող բանակցությունների միջոցով հնարավոր էր մոտ ապագայում հասնել կարգավորման, ես կպատասխանեմ հայտնի ասացվածքով. «Ավելի լավ է 40 տարի բանակցել, քան՝ 40 օր պատերազմել»։ Մանավանդ, երբ բանակցությունները գնում էին անհրաժեշտ ճանապարհով՝ հիմնված համանախագահների կառուցողական առաջարկների վրա։ Հայաստանը չէր վարում բանակցություններ հանուն բանակցությունների, այլ՝ ձգտում էր հասնել հանգուցալուծման և համանախագահների ու Հայաստանի մոտեցումները համահունչ էին դարձել»։

Տեսանյութեր

Լրահոս