Բաժիններ՝

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստը չեղարկվեց

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը երեկ ընդմիջվել էր քվորում չլինելու պատճառով և պետք է շարունակվեր այսօր, տեղի չունեցավ: Ինչպես տեղեկացանք ԵՊՀ-ից՝ պատճառը խորհրդի անդամներից մեկի հարգելի բացակայությունն էր: Հիշեցնենք, որ իշխանության 15 ներկայացուցիչների՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գալու հետևանքով խորհրդում մնացել է 17 անդամ, հենց այնքան, որքան անհրաժեշտ է   քվորում ապահովելու և նիստ անցկացնելու համար: Ստացվում է, որ եթե խորհրդի անդամներից միայն մեկը, անգամ հարգելի պատճառով, բացակայում է, խորհրդի աշխատանքը պարալիզացվում է:

Նշենք, որ այս նիստի ընթացքում  պետք է քննարկեին մի շարք հարցեր՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու, խորհրդից դուրս գալու դիմում ներկայացրած հոգաբարձուների անդամակցությունը վաղաժամ դադարեցնելու, հայտարարության տեսքով իշխանության ներկայացուցիչների` խորհրդի անդամակցությունից հրաժարվելուն անդրադառնալու: Նախատեսված էր քննարկել  նաև Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու մասին Հոգաբարձուների խորհրդի ավելի վաղ կայացրած որոշումն  ուժը կորցրած ճանաչելու առաջարկը:

Ընդունված օրակարգով պետք է կայացվեր որոշում ԵՊՀ-ի կառավարիչ-ռեկտորի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության վերաբերյալ:

Հիշեցնենք նաև, որ ԵՊՀ ՀԽ անդամակցությունից հրաժարվելուց հետո 168.am-ը զանգահարել էր ԿԳՄՍՆ՝ ճշտելու, թե ի՞նչ պատճառով են նման դիմումներ ներկայացրել նախարարության ներկայացուցիչները, մեր հարցին պատասխանել էին, որ «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ինքն է որոշում կայացնում, դա իրենց անհատական որոշումն է»:

Երեկ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները հրավիրված համատեղ ասուլիսի ընթացքում պնդել էին, որ կորցրել են վստահությունը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, քանի որ ըստ նրանց՝ քննարկվել և քվեարկվել է մի որոշում, սակայն հրապարակվել է մեկ այլ որոշում, ինչպես նաև ապրիլի 1-ի նիստի օրակարգում ներառված չի եղել խորհրդի նախագահի ընտրության հարցը:

Խորհրդի կազմում ընդգրկված բուհի ներկայացուցիչները վստահեցնում են, որ ԿԳՄՍՆ ներկայացուցիչների պնդումները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այն, ինչ տեղ է գտել աշխատակարգի փոփոխության մեջ, տառացի ընթերցվել է, իսկ ինչ վերաբերում է խորհրդի նախագահի ընտրության հարցն օրակարգում չներառելուն, ապա նիստի օրակարգում որևէ հարց ներառելու համար առաջարկություն անելու իրավունք ունի հոգաբարձուներից յուրաքանչյուրը: ԵՊՀ մի շարք ներկայացուցիչների համոզմամբ՝ իշխանությունն ուղղակի փորձում է ժամանակ ձգել, որ ուժի մեջ մտնի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, ըստ որի՝ իշխանությունը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում կունենա ձայների մեծամասնություն՝ 50+1:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս