«ԿԳՄՍՆ-ն ԵՊՀ-ի հետ խոսում է ուլտիմատումով». Կողմերի միջև հեռահար բանավեճը շարունակվում է
Իշխանության 15 ներկայացուցիչ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գալու դիմում է ներկայացրել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախարարության ներկայացուցիչների որոշման պատճառը:
«Ապրիլի 1-ի նիստի օրակարգից պարզ էր դառնում, որ ներառված չէ խորհրդի նախագահի ընտրության մասին հարցը: Երբ փորձեցինք գտնել նախորդ խորհրդի նիստի արդյունքում կայացված որոշումները, զարմանալի մի բան հայտնաբերեցինք. հոգաբարձուների խորհրդի բաժնում տեղադրված են հունվարի 29-ի որոշումները, և այդտեղ, երբ ծանոթանում ենք աշխատակարգում տեղի ունեցած փոփոխությանը, տեսնում ենք, որ ձևակերպումը չի համապատասխանում խորհրդի կողմից քննարկված և քվեարկված որոշմանը: Հիմնական հարցը, որը մեզ համար խիստ խնդրահարույց է, հետևյալն է. խորհրդի նախագահի լիազորությունների դադարեցման դեպքում խորհրդի քարտուղարը, եթե տվյալ բուհում սովորող չէ՝ ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները՝ մինչև խորհրդի հաջորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը: Խորհուրդը քվեարկել է աշխատակարգի այն փոփոխության համար, որով հստակ է, որ քարտուղարի կողմից լիազորությունների ստանձնումը խիստ ժամանակավոր է և նախատեսված է միայն հաջորդ նիստը հրավիրելու համար, որում անպայման պետք է քննարկվի խորհրդի նախագահի ընտրության հարցը: Այնուհետև, անհասկանալի հանգամանքներում, որպես հոգաբարձուների խորհրդի որոշում և ըստ այդմ հաստատված փաստաթուղթ՝ դրվում է մի տեքստ, որի համար խորհուրդը չի քվեարկել»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Հիշեցնենք՝ ԵՊՀ հոգաբարձուների ապրիլի 1-ի նիստն իշխանության ներկայացուցիչների և 2 դասախոսների բացակայության պատճառով տապալվել էր: Այն ժամանակ էլ մեկնաբանել էին, թե նիստը տապալելու որոշում չի եղել, հոգաբարձուներն իրենք են որոշում՝ ինչ նիստի մասնակցել, պատահաբար է ստացվել, որ իշխանության ներկայացուցիչները բոլորը միասին նիստին ներկա չեն եղել: Նույն կերպ մեզ հետ զրույցում մեկնաբանել էին նաև միաժամանակ անդամությունից հրաժարվելու դիմումներ ներկայացնելու փաստը:
Այսօր ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը, որը ժամանակավորապես ստանձնել է խորհրդի նախագահի լիազորությունները, այսօր Հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ անդամակցությունից հրաժարվելու դիմում ներկայացրած անձանցից որևէ մեկն իր դիմումում նման հիմնավորում չի ներկայացրել. 13-ը դիմումը գրել են առանց հիմնավորման, մեկը գրել է, որ անորոշ վիճակ է, դրա համար է հեռանում, մյուսն էլ որպես պատճառ՝ նշել է աշխատանքային զբաղվածությունը:
«Ես, լինելով Հոգաբարձուների խորհրդի քարտուղար, որևէ հարց չեմ մտցրել օրակարգ: Ես ընդամենը ծանուցել եմ այն, ինչ եղել է ձևավորված համապատասխան ընթացակարգերով: Այ, եթե ես ինձանից հարց բերեի օրակարգ, դա այլ հարց կլիներ: Առաջարկ եղել է խորհրդի երկու անդամների կողմից՝ մեկը գրել է նույն օրը՝ նախորդ նիստի ժամից 15-20 րոպե առաջ, մյուսը՝ 1-2 օր առաջ, որ նման հարց ճիշտ կլինի օրակարգ ներառել, ես համաձայնել եմ, որ գաղափարը ճիշտ է, խնդրեմ, եկեք տեղում առաջարկեք, որովհետև դա իմ որոշելիքը չէ: Տեղում արդեն կառաջարկեին, կքվեարկեին, ես էլ, տրամաբանական համարելով, այդ հարցին պետք է կողմ քվեարկեի, որ այդ հարցը ներառվեր:
Այստեղ հարցն այլ է: Ասում եք՝ այլ որոշում է տեղադրված, խորհրդի նախագահ ընտրելու համար առաքված տեքստում նշված է եղել, որ «խորհուրդը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, որոշեց ընտրել խորհրդի նախագահ էսինչ մարդուն», անվան տեղը բաց է թողնված եղել, և քվեարկության արդյունքները, բնականաբար, պետք է նշվեն: Տրամաբանական է եղել, որ որևէ մեկը խորհրդի նախագահ պետք է ընտրվի, խորհրդի նախագահ չի ընտրվել, հիմա բնական է, որ այն տեքստը, որը ներկայացված էր, նախապես առաքված էր, որ «էսինչ մարդն ընտրվեց խորհրդի նախագահ» և այն, ինչը որ հետո պետք է վերջնական տեսք ստանար, դառնար իրավաբանական տեքստ, պետք է ունենար տարբերություն: Պետք է գրվեր, որ «էս, էս մարդիկ էին թեկնածուները, հավաքեցին այսքան ձայն, համաձայն էսինչ բանի՝ չի ընտրվել»:
Բա էդ դեպքում ինչպե՞ս է շարունակվում հետագա աշխատանքը, մինչ այդ աշխատակարգում կատարվել էր փոփոխություն և այդ փոփոխության համաձայն՝ պետք է ձևակերպվի՝ հաջորդ նիստն ո՞վ է հրավիրելու: Տրամաբանական է, որ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը պետք է լիներ հաջորդ նիստին և քննարկվեր, այո, դրա համար խորհրդի անդամները պետք է գային այդ նիստին, հարցն առաջարկեին, քվեարկեին, օրակարգը հաստատեին, ընտրեին, պարզագույն մոտեցում»,- ասաց Մալխասյանը:
Լրագրողի հարցին, թե համաձա՞յն է Հոգաբարձուների խորհրդի անդամների պնդումներին, որ այս ամենի տակ կա քաղաքական ենթատեքստ, իշխանությունները փորձում են խափանել ռեկտորի ընտրությունը, ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանն արձագանքեց.
«Դա կարող է լինել ենթադրություն, ես չեմ ուզում մեկնաբանել, իրենց դիրքորոշումն է, եթե դա անեին իրենք հունվարի 29-ին, կամ 3 օր անց, երբ նիստի արձանագրությունը, որոշումները տեղադրվել են կայքում, ես դա լիարժեքորեն կհամարեի հիմնավորում, բայց ինչքան ժամանակ է անցել, ինչո՞ւ դա, օրինակ՝ ապրիլի 1-ից առաջ չէին ասում, կամ ապրիլի 1-ի նիստի օրը: Այն, որ դա մտահոգություն է, ճիշտ են ասում, մտահոգ մարդը գալիս է, հարցն առաջարկում է, ընտրում են, և այդտեղ ոչ մի խնդիր չկա»:
Մալխասյանի խոսքով՝ իր համար էական չէ, թե Հոգաբարձուների խորհրդում ինքն ինչ դերակատարում կունենա, կարևոր է, որ խորհուրդը շարունակի իր բնականոն աշխատանքը: ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կիսում այն տեսակետը, թե որոշման հրապարակված տեքստը չի համապատասխանում ընդունված որոշմանը:
«Այն տառացի ընթերցվել է և տառացի տեղ է գտել հենց աշխատակարգի փոփոխության մեջ, և այդ մարդիկ այդ որոշման օգտին քվեարկել են: Իրենց խոսքում «միայն» բառ հնչեց, որ միայն հաջորդ նիստի օրակարգը ձևավորելու գործընթացում պետք է քարտուղարը որպես նախագահող հանդես գա, բայց ոչ, «միայն հաջորդ նիստ» նշված չէ, կա ասված «հաջորդ նիստ», իսկ յուրաքանչյուր հերթական նիստ նախորդի հաջորդն է, էսպես փիլիսոփայությամբ մոտենանք: Ինչո՞ւ այդ փոփոխությունը տեղի ունեցավ աշխատակարգում, որովհետև խորհուրդը չկարողացավ ընտրել նախագահի, իսկ նրանց այս մեկնաբանությունը ոչ թե պատճառ է, այլ առիթ է, իսկ պատճառն այն է, որ այդ մարդիկ չեն կարող այստեղ պարտադրել, որ իրենց թեկնածուն դառնա Հոգաբարձուների խորհրդի նախագահ»,- ասաց Ափոյանը:
Նա նշեց, որ Հոգաբարձուների խորհրդի նախագահ կարող է ընտրվել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի ցուցակային կազմի 50+1 ձայներ հավաքելու դեպքում, իշխանության թեկնածուն չի ընտրվել, քանի որ չեն կարողացել ապահովել անհրաժեշտ 17 ձայները:
«Եթե իրենք իրենց դուրս գալը հիմնավորում են նախագահի ընտրության չկազմակերպմամբ, ուրեմն իրենք համալսարանի հետ խոսում են ուլտիմատումով՝ կա՛մ կլինի մեր նախագահը, կա՛մ մենք բոլորով դուրս կգանք, և դուք որևէ բան չեք կարողանա անել: Ինչ վերաբերում է նրան, որ այլ բան են լսել, այլ բան է ներառվել, նման բան չկա, մենակ իրենք չեն Հոգաբարձուների խորհրդի անդամ, 32 անդամ ունի խորհուրդը, մենք 16-ով նման բան չենք տեսել, և եթե նրանք այդպես են մեկնաբանում, ուրեմն դա իրենց ընկալման հարցն է, որ նիստի ժամանակ իրենք այլ բան են լսել, այլ բան են հասկացել և այլ բանի համար են քվեարկել, իրենք իրենց կարող են մեղադրել ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ»:
Ապրիլի 1-ի նիստի օրակարգում Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը չներառելու մասին էլ Ափոյանն ասաց, որ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կարող էին գալ նիստին, հարցը բարձրացնել և լուծել այն:
«100 լուծում կար, բայց սա ամենավերջին լուծումն էր, որ խռովեին գնային, հիմա ի՞նչ, տրամաբանությունը դա է, որ մենք նեղացանք, որ դուք էդպես արեցիք, մենք նեղանալով՝ հելանք գնացինք էստեղի՞ց, սա արդյոք պետականամետ մտածելակե՞րպ է»,- ասաց Ափոյանը: