Բաժիններ՝

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն իրարից անկա՞խ են որոշել դուրս գալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից

Երեկ հայտնի դարձավ, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ իշխանության 16 ներկայացուցիչներից 11-ը խորհրդից դուրս գալու դիմում է ներկայացրել: Նրանց թվում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը, նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: 168.am-ը ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանից հարցրեց, թե ո՞րն է պատճառը, որ նախարարության ներկայացուցիչները նման որոշում են կայացրել:

«Այստեղ նախարարությունը որևէ պատճառ չունի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ինքն է որոշում կայացնում, դա իրենց անհատական որոշումն է»,- ասաց Մելիքբեկյանը:

Մեր ճշտող հարցին, թե իրեն հայտնի՞ չէ ԿԳՄՍ նախարարի տեղակալների՝ անդամակցությունից հրաժարվելու պատճառը, խոսնակն արձագանքեց.

«Նախարարի տեղակալն այստեղ կապ չունի, այստեղ խոսում ենք Հոգաբարձուների խորհրդի անդամի մասին»:

Երեկ ԵՊՀ ներկայացուցիչները պնդում էին, որ այս կերպ իշխանությունը ցանկանում է ժամանակ ձգել, մինչև ուժի մեջ մտնի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, ըստ որի՝ Կառավարությունը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում կունենա 50+1 ձայն, այսինքն՝ մեծամասնություն: ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի խոսքով՝ նախարարությունը համաձայն չէ հնչած տեսակետի հետ:

«Դա իրենց խնդիրն է, դա իրենց կարծիքն է, նախարարությունը չի կիսում իրենց կարծիքը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ինքն է իր որոշումը կայացրել, նույն ձևով, եթե ԵՊՀ-ի կողմից լիազորված որևէ անդամ հրաժարվի,  դիմում գրի, ԵՊՀ-ն ի՞նչ պետք է մեկնաբանի: Յուրաքանչյուր անդամ իր դիրքորոշումն ունի, իր մեկնաբանությունը»,- ասաց Մելիքբեկյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին էլ իշխանության ներկայացուցիչների և 2 դասախոսների բացակայության պատճառով տապալվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր բուհի 2019-20 ուստարվա հաշվետվությունը և զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված աշխատանքների կատարողականը, ինչպես նաև կայացվեր որոշում ԵՊՀ-ի կառավարիչ-ռեկտորի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության վերաբերյալ: Այն ժամանակ էլ մեկնաբանել էին, թե նիստը տապալելու որոշում չի եղել, հոգաբարձուներն իրենք են որոշում՝ ինչ նիստի մասնակցել, պատահաբար է ստացվել, որ իշխանության ներկայացուցիչները բոլորը միասին նիստին ներկա չեն եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս