ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ խորհրդում իրենց անդամությունը թողնելու որոշման հիմքում ընկած պատճառների մասին

ԿԳՄՍՆ-ի կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված ներկայացուցիչները՝ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանի և Ժաննա Անդրեասյանի ապրիլի 14-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ  անդրադարձան  ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գալու պատճառներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հնչում են տարբեր բնույթի մեղադրանքներ՝ առ այն, որ որպես հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ իրենք անտարբեր են գտնվել բուհի խնդիրների հանդեպ, չունեն սրտացավություն և մտահոգված չեն բուհի զարգացման հեռանկարներով, ուստի հարկ են համարում պարզաբանել խորհրդում իրենց  անդամությունը թողնելու որոշման հիմքում ընկած պատճառները:

«Վերջին նիստը, որ կայացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մասով, տեղի ունեցավ հունվարի 29-ին, և առաջին հարցը, որ դրվեց քննարկման ժամանակ, հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր: Կուզեի ընդգծել, որ մեզ ուղարկվել էր մի տարբերակ, որում առաջարկվել էր աշխատակարգում ավելացնել նոր կետ, ձևակերպվում էր, որ խորհրդի նախագահի բացակայության պարագայում խորհրդի քարտուղարը, եթե տվյալ բուհում սովորող չէ, ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները՝ մինչև խորհրդի հաջորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը: Ե՛վ նախագահի, և՛ քարտուղարի բացակայության պայմաններում խորհրդի նախագահի լիազորությունները խորհրդի առաջին նիստի իրավական համանմանության հիմքով իրականացնում է տարիքով ավագ անդամը, իսկ քարտուղարում՝ կրտսեր անդամը:

Եվ, երբ քննարկում ծավալվեց այս կետի շուրջ, հիմնական հիմնավորումը, որ բերվեց՝ հարցն առաջ քաշելու, այն էր, որ ըստ էության առկա է իրավական բաց, և խորհրդի նախագահի պաշտոնի թափուր լինելու պարագայում հստակ կանոնակարգում չկա, թե ով պետք է հրավիրի նիստն ու նախագահի: Աշխատակարգի այս փոփոխությունը ներկայացված է, որպեզի մենք չունենանք իրավական խնդիր, և այն պայմաններում, եթե խորհրդի նախագահ չընտրվի, ապա կունենանք իրավական հստակ կարգավորում՝ հաջորդ նիստ հրավիրել խորհրդի նախագահի ընտրության թեմայով:

Երբ հարցի քննարկումն ավարտեցինք և անցանք քվեարկությանը, պետք է նշեմ, որ որևէ անդրադարձ չեղավ այն դիտարկմանը, որ քարտուղարը ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները՝ մինչև խորհրդի հաջորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը»,- մանրամասնեց Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ, երբ իրենց ծանուցել են ապրիլի 1-ի նիստի մասին, որպես խորհրդի անդամ՝ ինքը պարզաբանում է տվել, որ աշխատանքային զբաղվածության պատճառով չի կարողացել ներկա գտնվել նիստին, բայց, միևնույն ժամանակ, իր մոտ առաջացել են հարցեր, որոնք կապված են եղել ուղարկված օրակարգի հետ:

«Այդ օրակարգից պարզ էր դառնում, որ ներառված չէ խորհրդի նախագահի ընտրության մասին հարցը: Երբ փորձեցինք գտնել նախորդ խորհրդի նիստի արդյունքում կայացված որոշումները, զարմանալի մի բան հայտնաբերեցինք. հոգաբարձուների խորհրդի բաժնում տեղադրված են հունվարի 29-ի որոշումները, և այդտեղ երբ ծանոթանում ենք աշխատակարգում տեղի ունեցած փոփոխությանը, տեսնում ենք, որ ձևակերպումը չի համապատասխանում խորհրդի կողմից քննարկված և քվեարկված որոշմանը:

Հիմնական հարցը, որը մեզ համար խիստ խնդրահարույց է, հետևյալն է. խորհրդի նախագահի լիազորությունների դադարեցման դեպքում խորհրդի քարտուղարը, եթե տվյալ բուհում սովորող չէ՝ ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները՝ մինչև խորհրդի հաջորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը: Խորհուրդը քվեարկել է աշխատակարգի այն փոփոխության համար, որով հստակ է, որ քարտուղարի կողմից լիազորությունների ստանձնումը խիստ ժամանակավոր է և նախատեսված է միայն հաջորդ նիստը հրավիրելու համար, որում անպայման պետք է քննարկվի խորհրդի նախագահի ընտրության հարցը: Այնուհետև, անհասկանալի հանգամանքներում, որպես հոգաբարձուների խորհրդի որոշում և ըստ այդմ հաստատված փաստաթուղթ՝ դրվում է մի տեքստ, որի համար խորհուրդը չի քվեարկել»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նրա փոխանցմամբ՝ հունվարի 29-ի նիստերի որոշումներից, որը հայտնաբերել են, այն համար 6-ն է: Դրանով ներկայացվում է, որ նիստում կայացել է խորհրդի նախագահի քվեարկություն, և երկու թեկնածուներից որևէ մեկը չի ընտրվել: Իսկ 2-րդ կետում նշվում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունների կատարումը խորհուրդը որոշել է նիստի ավարտից հետո ժամանակավորապես հանձնել խորհրդի քարտուղարին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծեց՝ այդ փոփոխությունը քվեարկված և ընդունված չէ խորհրդի կողմից, ուստի իրենք չունեն վստահություն, քանի որ որոշումները խեղաթյուրվել են:

ԿԳՄՍ  նախարարի մյուս տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շարունակելով գործընկերոջ խոսքը՝ շեշտեց.

«Հստակ է ձևակերպումների խեղաթյուրումը: Ստացվում է, որ ապրիլի 1-ի նիստի օրակարգում ներառված չէ ԵՊՀ խորհրդի նախագահի հարցը, որը կարծես թե ակտուալ չէ: Կարծես թե քարտուղարը ստանձնել է այդ գործառույթը՝ կազմակերպական հարցերի համար, այլ կարծես անժամկետ կարողանում է նախագահի լիազորությունները տանել: Ստացվում է, որ հարցն օրակարգից դուրս է գալիս: Բնական է, նման անառողջ մթնոլորտում մենք չենք կարող գնալ իրավական ընթացակարգով, լուծել հարցը, ընտրել նախագահ, ապա՝ ռեկտոր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս