Փաշինյան-Պուտին հանդիպումը մեկ կարևոր նրբություն ունի․ Տարասով

«Կասկածից վեր է, որ ղեկավարների հանդիպման գլխավոր օրակարգը վերաբերելու է տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսներին, ճանապարհների ապաշրջափակման հարցերին, և դա բավականին լայն ու ծանր օրակարգ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ապրիլի 7-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ ապրիլի 7-ին Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում է տեղի ունենալու։ «Առաջին հերթին, իհարկե, կքննարկվի եռակողմ պայմանավորվածությունների և եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, որը վերջ դրեց Ղարաբաղում ռազմական գործողություններին»,- ասել էր Կրեմլի ներկայացուցիչը:

Բացի այդ, Պեսկովի խոսքով, Պուտինը և Փաշինյանը կխոսեն Հայաստանում ընտրությունների և տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։

«Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում»,- ասել էր Գևորգյանը։

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ հաշվի առնելով, որ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունվար ամսին եռակողմ ձևաչափով, ապա նման ինտենսիվ գործընթացների ֆոնին բնական է, որ կրկին հանդիպման անհրաժեշտություն կա, հատկապես, երբ Ռուսաստանը կարծես հանդես է գալիս նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման երաշխավորի դերում։

Ըստ նրա, կասկածից վեր է, որ հանդիպման գլխավոր օրակարգը վերաբերելու է տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսներին, ճանապարհների ապաշրջափակման հարցերին, և դա բավականին լայն ու ծանր օրակարգ է։

Տարասովի կարծիքով, կարիք կա բարձր մակարդակով քննարկել և ամփոփել այն արդյունքները, որոնք փոխվարչապետներն են ապահովում իրենց բանակցությունների ընթացքում։

«Կարիք կա նաև քննարկել, թե Հայաստանին ու Ռուսաստանին ինչն է ձեռնտու այս հարցերում։ Հաշվի առնելով, որ տեղի ունեցավ ՌԴ փոխվարչապետի այցը Հայաստան և Ադրբեջան, կարելի է ենթադրել, որ նրա այցերը ևս ուղղված էին բարձր մակարդակով ապաշրջափակման հնարավորությունները քննարկելուն։ Սակայն դա տեղի է ունենում փակ դռների ետևում, և հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է քննարկվում։ Հասկանալի է, որ Ռուսաստանին այս ամենում հետաքրքրում է ուղիղ կապը Հայաստանի, Իրանի հետ, այն, թե ռուսական ենթակառուցվածքները որքանով են մասնակցելու այս ապաշրջափակմանը։ Քննարկումները թեժ փուլում են, բայց կարծում եմ՝ դեռ ժամանակ է հարկավոր վերջնական հասկանալու համար, թե ինչ պատկեր կունենա այս ամենը»,- ասաց նա։

Տարասովի խոսքով, դատելով հայ-ռուսական բարձր մակարդակի վերջին բոլոր հաղորդագրություններից, քննարկման թեմա կդառնա նաև գազի գինը, էներգետիկ ոլորտում համագործակցության հարցը։

Տարասովը չի բացառում, որ «Իսկանդերի» կիրառման թեման ևս քննարկվի։

Ռուս քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Պեսկովի խոսքում նշվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ևս քննարկվելու են Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում։

Նրա խոսքով, դա ամենևին չի նշանակում, որ ՌԴ-ն միջամտում է ՀՀ ներքաղաքական կյանքին։

«Այդ քննարկումը կարևոր է ՀՀ-ում կայունության տեսանկյունից, որպեսզի քաղաքական ակտիվ գործընթացներն ավարտվեն ընտրություններով, հատկապես, երբ տարածաշրջանում անկայունությունը նոր է ավարտվել և կարևոր հարցեր են քննարկվում։ Այդ փուլում երկրի ներսում անկայունությունը, քաղաքական ճգնաժամը նախընտրելի չէ։ Կարծում եմ՝ Պեսկովի կողմից այդ հանդիպման օրակարգի ներքին բաղադրիչը նշվեց հենց այս կոնտեքստում, և դա բավականին կարևոր նրբություն է, որը կապ ունի՝ ինչպես ՀՀ ներքին կյանքի, այնպես էլ՝ տարածաշրջանի հետ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս