Հակակոռուպցիոն կոմիտեի շենքը՝ Մոսկովյան 1 հասցեո՞ւմ. Քննչական գլխավոր վարչության շենքի անհասկանալի ճակատագիրը

2020թ. հունիսի 11-ին Կառավարության նիստում հաստատվեց Ոստիկանությանը ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Մոսկովյան փողոցի 1 հասցեում գտնվող 1934.8 քմ մակերեսով վարչական շենքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված տարածքն օտարելու մրցույթի նախագիծը:

Հիշեցնենք, որ այդ շենքը ՀՀ Քննչական գլխավոր վարչության շենքն էր:

Նախագիծը ներկայացնելիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ աշխատանքները կանոնակարգելու համար ստեղծվել է հանձնաժողով, որը որոշել է օտարման ներկայացնել գույքը, որի մեկնարկային գինը 1.294.090.800 դրամ է:

Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ հստակեցրել էր, որ սա ոչ թե աճուրդի, այլ մրցույթի մասին որոշում է, և գույքի օտարման պայմաններում, այսպես կոչված՝ գույքի անձնագրում, հստակ նշված է լինելու այն, ինչ թույլատրելի է լինելու անել շինարարության ընթացքում, և ինչ չի կարող արվել: Ըստ Աղաջանյանի՝ արտաքին միջամտություն անել չի թույլատրվելու:

Թե ինչ կատարվեց հետագա ամիսներին շենքի հետ, անցկացվե՞ց մրցույթ, թե՞ ոչ, լայն հանրությունը տեղյակ չէ: 168.am-ին, սակայն, տեղեկություններ հասան այն մասին, որ քաղաքի կենտրոնում գտնվող այդ բավականին արժեքավոր ու գայթակղիչ շենքն Արդարադատության նախարարության միջոցով կտրվի ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեին:

Փաստորեն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը որոշել է, որ ինքը պետք է տեղակայվի Մոսկովյան 1 հասցեում գտնվող նախկին ՀՀ քննչական գլխավոր վարչության շենքում:

Մինչդեռ Կառավարությունը օգոստոսի 6-ի հերթական նիստում որոշում էր ընդունել Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի տեղակայման վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Երևան քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքի տարածքում պետք է կառուցվեր Հակակոռուպցոն կոմիտեի շենքը:

Ներկայացվել էր նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման համար նախագծային աշխատանքների համար անհրաժեշտ խոշորացված հաշվարկը՝

Նախագծային աշխատանքների արժեքի խոշորացված հաշվարկ (այդ թվում՝ ելակետային տվյալների ձեռքբերման ծախսեր)

2,563,000.0 x 2.0%=51,260.0 հազ.դրամ,

(ՀՀ քաղ. նախարարի 15.02.2008թ N 19-Ն հրաման)

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման իրատեսական ժամկետն առնվազն 6 ամիս է, ընդ որում՝ դրանում ներառված է նախագծման աշխատանքների ձեռքբերման համար անհրաժեշտ գնման գործընթացի տևողությունը՝ այս փուլում առաջարկվում է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեին հատկացնել հաշվարկված գումարի 25%-ը, որը նախագծային աշխատանքներ կատարող կազմակերպությանը կտրվի որպես կանխավճար։

Նշենք, որ միայն 2021-2023թթ. Հակակոռուպցիոն կոմիտեի ֆունկցիոնալության ապահովման համար կհատկացվի 8 միլիարդ 203 միլիոն 983 հազար դրամ:

Այս գումարից աշխատավարձի, կոմունալի և գրասենյակային ծախսերը կկազմեն 5 մլրդ 163 մլն 483 հազար 900 ՀՀ դրամ (նախնական հաշվարկ), շենքային պայմանների ծախսերը՝ 2 մլրդ 563 մլն դրամ, տեխնիկական հագեցվածության համար կհատկացվի 285 մլն 500 հազար դրամ, իսկ տրանսպորտային հագեցվածության համար՝ 192 մլն դրամ:

Հիշեցնենք, որ 168.am-ն ավելի վաղ գրել էր, որ Ռուստամ Բադասյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու նկրտումներ ունի և այս պահին հավաքում է իր թիմը:

Տեսանյութեր

Լրահոս