Ովքե՞ր Ռուստամ Բադասյանի հետ կգնան Հակակոռուպցիոն կոմիտե. ուրվագծվում է նրա թիմը
Օրեր առաջ 168.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ջատագով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է ցանկանում դառնալ Կոմիտեի նախագահ: Մեզ ասացին, որ նա վստահ է, թե Նիկոլ Փաշինյանը հաղթելու է առաջիկա ընտրություններում, իսկ իրեն էլ այդ պարագայում խոստացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը:
«Ռուստամ Բադասյանը հոգնել է արդարադատության նախարարի պաշտոնից: Ավելին, նա արդեն իր թիմն է հավաքում նոր աշխատավայրում հաստատվելու համար»,- ասել էր մեր աղբյուրը:
Թեմայի վերաբերյալ նոր զարգացումներ են հայտնի դարձել մեզ: Պարզվում է՝ ուրվագծվել է այն թիմը, ում հետ Հակակոռուպցիոն կոմիտեում «սարեր է շուռ տալու» Ռուստամ Բադասյանը:
Արդարադատության ներկայիս նախարարը, ով քաղաքական կոռուպցիայի դասագրքային նմուշ է՝ նախարարությունում ու նրան ենթակա ստորաբաժանումներում իր ընկեր-բարեկամ-ընկերոջ հայր-ընկերոջ աներ-քավոր-սանիկ հնարավոր ու անհնարին դասավորումներով, համարում է, որ ինքն է հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում տանելու արժանի միակ պաշտոնյան:
Եվ այսպես՝ մեր տեղեկություններով՝ Ռուստամ Բադասյանի հետ Հակակոռուպցիոն կոմիտե կգնան Արդարադատության նախարարության աշխատակազմի Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը, Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանը, նախարարի օգնական Ներսես Զեյնալյանը:
Ի դեպ, Մարիամ Գալստյանը վարչության պետ է դարձել Արփինե Սարգսյանի ղեկավարած վարչությունը կիսելու արդյունքում: Նախկինում այդ վարչությունը կոչվում էր ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն:
Այս պահին բանակցություններ են վարվում Արդարադատության նախարարությունը ներկայացնող այլ անձանց հետ:
Ռուստամ Բադասյանը չի անտեսել նաև Պետական եկամուտների կոմիտեի իր նախկին գործընկերներին. նրա թիմում Հակակոռուպցիոն կոմիտեում կլինեն ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը, ՊԵԿ-ի քննչական վարչության պետ Տիգրան Հարությունյանը՝ 7 քննիչներով:
Չի բացառվում նաև, որ Կոմիտեում ընդգրկված կլինի Քրեակատարողական ծառայության ներկայիս ղեկավարությունը՝ ՔԿԾ-ում աշխատող իրենց մերձավոր քննիչներով ու դատախազներով:
Մեզ տեղեկացրին, որ Ռուստամ Բադասյանը շտապում է, որովհետև չի բացառվում, որ մինչև հնարավոր ընտրություններ նա արդեն այլ պաշտոն զբաղեցնի, հետևաբար՝ վերջինիս անակնկալներ պետք չեն: Կոմիտեում պետք է լինեն յուրայիններ, ինչպես հիմա Արդարադատության նախարարությունում ու նրան ենթակա առանձնացված ստորաբաժանումներում են: