Կառավարությունը Մոսկովյան 1 շենքն օտարելու որոշում կայացրեց՝ դեռևս հստակ չիմանալով՝ շենքը հուշարձա՞ն է, թե՞ ոչ

Կառավարության նիստում հաստատվեց Ոստիկանությանը ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Մոսկովյան փողոցի 1 հասցեում գտնվող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված տարածքն օտարելու մրցույթի նախագիծը:

Նախագիծը ներկայացնելիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ աշխատանքները կանոնակարգելու համար ստեղծվել է հանձնաժողով, որը որոշել է օտարման ներկայացնել գույքը, որի մեկնարկային գինը 1.294.090.800 դրամ է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հստակեցրեց, որ սա ոչ թե աճուրդի, այլ մրցույթի մասին որոշում է, և գույքի օտարման պայմաններում, այսպես կոչված՝ գույքի անձնագրում, հստակ նշված է լինելու այն, ինչ թույլատրելի է լինելու անել շինարարության ընթացքում և ինչ չի կարող արվել: Ըստ Աղաջանյանի՝ արտաքին միջամտություն անել չի թույլատրվելու:

Այդուհանդերձ, նիստում պարզվեց, ոչ դեռևս չի հստակեցվել, թե շենքը հուշարձա՞ն է, թե՞ ոչ:

«Հուշարձան ա շենքը հանդիսանում, և արտաքին միջամտություններ չեն կարող լինել, այսինքն՝ պայմանը հստակ է: Հուշարձան չի՞… բայց որոշակի արժեք ունի…»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց. «Ես ուզում էի խնդրել, որ էդ դեպքում նաև շրջանառվի, որ մենք էլ տեսնենք՝ դա ընդգրկվա՞ծ է հուշարձանների ցանկում, թե՞ ոչ: Էս պահին չեմ կարող մտաբերել»:

Բայց պարզվեց՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչն ընդգրկված է  աշխատանքային խմբում:

«Ենթադրում եմ՝ Ձեր կարծիքը հաշվի առնված պետք է լինի»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Տեսանյութեր

Լրահոս