«Ո՞նց կարա Թուրքիան մեր հետ բարեկամ լինի, շան հետ չի կարելի ընկերություն անել». Սասուն Միքայելյան
Այսօր Կոմանդոսին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին, վերջին հրաժեշտը տալուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողի հարցին, թե արդյո՞ք մենք հիմա ապրում ենք այն Հայաստանում, որտեղ Կոմանդոսը կուզենար ապրել, պատասխանեց.
«Կոմանդոսն ապրել է էն Հայաստանում, որտեղ մենք միշտ հաղթանակներ ենք տարել: Դժբախտությունը նաև դրա մեջ է, որ հաղթանակած գեներալը տեսավ էս պարտությունը և վշտով գնաց այս աշխարհից»:
Միքայելյանի խոսքով՝ Արցախյան վերջին պատերազմում Շուշիի կորուստը ծանր էր տանում Կոմանդոսը, քանի որ Շուշիի ազատագրման օպերացիան հենց ինքն է ղեկավարել:
«Ինքը միշտ լուռ է տարել ամեն ինչ, բայց, բնականաբար, հասկանում ենք՝ ինչ ապրումներ է ունեցել: Էն ժամանակ անհնարին էր թվում բոլորին, որ Շուշին կարող ենք վերցնել, Կոմանդոսը կարողացավ իր գաղափարով, իր ռազմական գիտելիքներով հասնել նրան, որ մենք շատ հանգիստ ձևով կարողացանք ազատագրել Շուշին: Մենք երբեք մեր հույսը չենք կորցնի, միշտ ասել եմ, որ այն տղաները, ովքեր ընկան, որտեղ որ ընկան, դա սրբավայր է մեզ համար, մենք պարտավոր ենք ձգտելու վերադառնալ մեր սրբավայրերը»,- ասաց Միքայելյանը:
Հարցին, թե իրեն որևէ հարցում մեղավոր զգո՞ւմ է, օրինակ՝ Շուշիի կորստի համար, Միքայելյանն արձագանքեց, որ ինքը մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին և Շուշիի ազատագրման ժամանակ վիրավորվել է:
«Շուշին իմ երազանքների քաղաքն է եղել, էսօր ամեն մարդ ինչ ասես՝ խոսում է՝ չհասկանալով, չգիտակցելով, չպատկերացնելով, էսօր ծանր վիճակներ ենք ապրում, մարդիկ դեռ չեն կողմնորոշվել, թե ի՞նչ է կատարվել, ոնց որ ցայտնոտների մեջ լինեն, մենք պետք է կարողանանք էս ամեն ինչի միջից դուրս գանք: Էն ժամանակ էլ ենք տարածքներ կորցրել, Մարտակերտն ենք տվել երկու անգամ, հետ ենք վերցրել, մենք երբեք պետք է չհուսահատվենք, եղավ էն, ինչ որ եղավ, բայց մենք պետք ա համախմբված լինենք ազգովի, կարողանանք այս իրավիճակից դուրս գանք, չպետք է հուսահատվենք, թողենք քմահաճույքի այս պետությունը, որ հետագայում ավելի մեծ պրոբլեմներ ունենանք»,-ասաց ԵԿՄ նախագահը:
Լրագրողի նկատառմանը, որ հակառակ Միքայելյանի պնդումներին, թե մենք պետք է վերադառնանք կորսված տարածքներ, «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ, օրինակ՝ Հովիկ Աղազարյանը, պնդում են, թե այդ տարածքները մերը չեն էլ եղել, իմքայլական պատգամավորն արձագանքեց.
«Ես Հովիկ Աղազարյանին պատասխանել եմ, ո՞նց կարող է Քարվաճառը մերը չլինի, Դադիվանքը 9-րդ դարից, հլը 5-րդ դարից է գալիս, 12-13-րդ դարում Քարվաճառը եղել է մեր 7 գավառներից մեկը: Դե հիմա ով ինչ ասում է, ես հո պատասխանատու չեմ, ես պատասխանել եմ նրան»:
Հարցին, թե ինքը համակարծի՞ք է իշխանական ամենաբարձր շրջանակներից հնչող թեզերին, թե մենք պետք է վերանայենք մեր վերաբերմունքը թուրքերի նկատմամբ, նրանց չհամարենք թշնամի, բարեկամանանք նրանց հետ, Սասուն Միքայելյանը բացասական արձագանքեց:
«Թուրքը մեր դարավոր թշնամին է, կարան ինչ-որ տնտեսական կապեր ունենան, բայց ո՞նց կարա Թուրքիան մեզ բարեկամ լինի, դա անհնարին ա, դա պատմականորեն է ապացուցվել թե՛ 2-րդ հազարամյակի սկզբին, թե՛ վերջին՝ հիմա: Ո՞նց կարա Թուրքիան մեր հետ բարեկամ լինի, մենք միշտ պետք է զգույշ լինենք, շան հետ չի կարելի ընկերություն անել»,-ասաց Միքայելյանը: