ՌԴ-ում տպավորություն է, որ մի շարք հարցերի պատասխանատվությունը Հայաստանը դնում է ՌԴ-ի և Ադրբեջանի վրա. Արեշև

«168 Ժամ»-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

– Պարոն Արեշև, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պատերազմից հետո: Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի է, որ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ընդդիմությունն ավելի պասիվ է գործում, իշխանությունը որոշել է շարժվել արտահերթ ընտրությունների ճանապարհով, որոնց մասնակցելու մասին օրերս հայտարարեց նաև ՀՀ երկրորդ նախագահը:

– Հայաստանի ներքաղաքական կյանքը բավականին անորոշ եմ որակում, որովհետև, ինչպես ճիշտ բնորոշեցիք, ընդդիմության ակտիվությունն ունի անկման ակնհայտ միտում, միևնույն ժամանակ՝ գործող իշխանությունը ներդնում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի կամ ինքնապահպանվի հնարավորինս երկար, կամ անցկացնի արտահերթ ընտրություններ իրեն հարմար, ձեռնտու պայմաններով: Տեսնում ենք տարատեսակ գործընթացներ, որոնք մասամբ իրենցից ենթադրում են որոշակի կուլիսային բանակցություններ, ուստի չենք կարող հասկանալ ողջ պատկերը:

Իսկապես Ռոբերտ Քոչարյանը արտահայտել է ցանկություն մասնակցելու ընտրությունների, բայց այստեղ կրկին անհասկանալի է դրանց անցկացման ժամկետը և նրա մասնակցության ձևաչափը, նրա թիմը՝ մասնավորապես: Ակնհայտորեն պետք է կա՛մ ստեղծվի նոր կուսակցություն, կա՛մ նա կղեկավարի արդեն իսկ գործող կուսակցություններից մեկը, քանի որ Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ է, որտեղ ամեն ինչ կախված է քաղաքական դասավորությունից օրենսդիր մարմնում: Թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն և թե ինչ ծավալով կիրագործվեն, ներկայումս բավականին բարդ է ասելը։ Բայց ակնհայտ է մեկ բան, որ ընդդիմությունը չունի բավարար ռեսուրս, որպեսզի փոխի իշխանությունը փողոցային ակցիաների միջոցով այնպես, ինչպես հաջողվեց Փաշինյանին 2018 թվականին:

– Ինչո՞ւ՝ ըստ Ձեզ:

– Երևի թե դա իրավաչափ է, քանի որ ցույց է տալիս հայաստանյան հասարակության հիմնական հատվածի հոգնածությունը քաղաքական ցնցումներից։ Դա խոսում է նաև վրա հասած որոշակի ապատիայի մասին, բայց միևնույն ժամանակ, կարծում եմ, գարնանային քաղաքական սեզոնը խոստանում է բուռն լինել հատկապես այն բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների ֆոնին, որոնք հայտնի իրադարձությունները բերեցին: Կարևոր է, որպեսզի Հայաստանի պետականությունից, պետական կառույցներից ինչ մնացել է, պահպանվեն, և որպեսզի քաղաքական գործընթացներն անվերահսկելի ու անդառնալի հետևանքներ չունենան:

Ինձ թվում է, որ գործող իշխանությունները վերջին երկու տարվա ընթացքում լիարժեքորեն իրականացրել են այն փոփոխությունները, որոնց մասին ակնհայտ կամ ոչ ակնհայտ հայտարարել են: Ինձ թույլ տամ հիշեցնել կարգախոսներից մեկը 2018 թ․ ապրիլյան իրադարձություններից հետո, որ նրանք իրենց հետևանքներով ավելի կարևոր են, քան Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը: Դա իրականացվեց: Որքանո՞վ էին դրանք դրական հայկական հասարակության համար՝ դատելը բավականին բարդ է, դրանք, ըստ իս, բացասական են: Վերջերս կրկին Երկրորդ նախագահը խոսեց պատերազմական գործողությունների հետևանքով մի քանի միլիարդ դոլարի վնասից, մի քանի փորձագետներ այլ թվեր ևս նշում են, այնուամենայնիվ խոսքը թե տնտեսական, թե բարոյահոգեբանական լուրջ կորուստների մասին է, որոնք, քիչ հավանական է, որ կարող են փոխհատուցվել երկաթուղով կամ ապաշրջափակմամբ: Ուստի ինձ թվում է, որ վերջնական եզրահանգումները պետք է հայ ժողովուրդն անի։ Բայց, իմ կարծիքով, այն սահմանադրական գործընթացները, որոնք նախաձեռնվել էին դեռ Երրորդ նախագահի կողմից, բացասական էին, դրանց հետևանքներն էականորեն նկատվում են այսօր: Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է, որ վերադառնան քիչ թե շատ ադեկվատ պետական կառավարման մոդելի: Հետսովետական բոլոր երկրների փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանական մոդելը հղի է ժամանակ առ ժամանակ ստեղծվող քաոսով և պետական կառավարման դիսֆունկցիայով: Ինչի հանգեցրեց այն Հայաստանում՝ տեսնում ենք: Այսինքն՝ դա իմ կարծիքն է, ես երբեք չեմ ողջունել կառավարման այդ մոդելը:

– Դատելով հասարակության, իշխանության, ընդդիմության տրամադրություններից՝ ի՞նչ սպասել առաջիկա քաղաքական զարգացումների շրջանակում:

– Ցանկալի կլիներ, որ լինեին կառուցողական գործընթացներ, և այստեղ շատ բան կախված է կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամկետներից, ավելի շուտ դրանք կլինեն արտահերթ, գոնե շատերն այդ մասին են ասում: Միևնույն ժամանակ՝ կա կարծիք, որ արտահերթ ընտրությունները կհանգեցնեն հասարակության հավելյալ կազմաքանդման և որևէ լավ բանի չեն հանգեցնի: Բայց ամեն դեպքում, կարծում եմ, կարող են լինել հակասական գործընթացներ՝ հաշվի առնելով հասարակության վերաբերմունքը թե իշխանության, թե ընդդիմության նկատմամբ:

Այստեղ, ըստ իս, կարևոր է արտաքին քաղաքականությունը և այն, որ այս ընթացքում Հայաստանում հակառուսական տրամադրությունները չխորանան: Կան որոշ ԶԼՄ-ներ, որոնք այն ամենի, ինչ տեղի է ունեցել, պատասխանատվությունը փորձում են դնել Ռուսաստանի վրա, ինձ թվում է, որ ամեն դեպքում դա կառուցողական չէ և չի նպաստի հայ-ռուսական հարաբերություններում վստահության ամրապնդմանն այն դեպքում, երբ Հայաստանի համար մի շարք կարևոր հարցերում, այդ թվում՝ սահմանների դեմարկացիան և այլ հարցեր հարավային հատվածում, ՌԴ-ն դերակատարություն ունի, և ՌԴ-ի դերակատարությունը ՀՀ-ի համար էապես աճել է: Պարադոքս է, որ սա տեղի ունեցավ այն իշխանությունների օրոք, որոնք, ինչպես արդարացիորեն նշեց ՀՀ երկրորդ նախագահը, ժամանակին ՌԴ դեսպանատան դեմ ցույցեր էին անում և կոչ անում լքել Հայաստանը:

– Փաշինյանը պե՞տք է արդյոք Մոսկվային այս բանակցությունների շրջանակում, քանի որ մի կողմից՝ տեսնում ենք, որ նա ընդունվում է կարծես, մյուս կողմից՝ հարվածները նրա ուղղությամբ չեն դադարում, ինչպես Իգոր Պոպովի մեկնաբանություններն էին Արցախի կարգավիճակի հարցով, այնպես էլ Լավրովի դիտարկումները ռազմագերիների հարցով: Մոսկվայի վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

– Ինձ թվում է՝ Ռուսաստանը համագործակցելու է երկրի ցանկացած լեգիտիմ կամ լեգիտիմ համարվող ղեկավարի հետ: Մենք տեսնում ենք, որ Մոսկվան վարում է բանակցություններ գործող ղեկավարի հետ, միևնույն ժամանակ՝ մենք հիանալի հասկանում ենք, որ նրա և նրա թիմի գործունեությունում կան բազմաթիվ հարցեր նաև այն գերատեսչությունների կողմից, որոնց միջև ամենօրյա աշխատանք կա: Ուստի այստեղ իսկապես կան շատ հարցեր, այդ թվում՝ գործող վարչապետի մի շարք արտահայտությունները, իմ կարծիքով, չեն նպաստում հայ-ռուսական հարաբերություններում վստահության ամրապնդմանը: Նախկինի նման շատ հարցեր կան, բայց Ռուսաստանն ամրապնդելու է Հայաստանի հետ համագործակցությունը գերատեսչությունների մակարդակում, հատկապես այն, որոնք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրագործմանն են ներգրավված: Գիտենք, որ հունվարի 30-ին հերթական հանդիպումն է լինելու աշխատանքային երեք երկրների փոխվարչապետների: Ուստի այդ հանձնաժողովից ևս շատ բան է կախված լինելու, ինչպես նաև ռուս խաղաղապահներից ու ուժայինների շփումներից: Համագործակցությունը կաթվածահար չի լինելու այնպիսի սպեցիֆիկ գործչի վարչապետության պարագայում, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, սակայն նրա ներկայությամբ համագործակցությունն այլ ձև է ձեռք բերում:

– Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի կարգավիճակը: Ռուսական կողմն այս հարցում ճանաչում է իրերի ներկայիս դրությունը, նշում է, որ համայնքները պետք է համակեցություն սկսեն, կյանքը կարգավորվի, հակված չէ քննարկումների այս փուլում, Ադրբեջանը՝ ևս, Հայաստանը ցանկանում է սկսել քննարկումներ այս հարցի ուղղությամբ: Այս հարցով ի՞նչ սպասել:

– Այս հարցով չափազանց շատ են խոսակցությունները, չստուգված տեղեկությունները, որոնք մի փոքր բարդացնում են վերլուծությունը: Երևանն ու Բաքուն տարաձայնություններ ունեն այս հարցի շուրջ, բայց մենք հիանալի հասկանում ենք, որ 2020թ․ աշնան իրադարձությունները նոր իրողություններ ստեղծեցին տարածաշրջանում և աշխարհագրական, աշխարհաքաղաքական և տնտեսական: Օբյեկտիվորեն չկա այլ տարբերակ, քան այդ հարցի հետաձգումն անորոշ ժամանակով: ԵԱՀԿ ՄԽ-ն կտրուկ թուլացրել է իր դիրքերը, դա բոլորը նկատում են: Սա ևս իրողություն է, Ռուսաստանում տպավորություն է, որ այս և մի շարք այլ հարցերի պատասխանատվությունը, ինչպես Ղարաբաղում կյանքի կարգավորման պատասխանատվությունը, դնում են Ռուսաստանի և Ադրբեջանի վրա: Սա նոր իրողություն է, որը ևս պետք է համապատասխան կերպով իմաստավորվի:

Դեռ կարող ենք խոսել գործող և նոր ստատուս-քվոյի մասին, որը ավելի քիչ բարենպաստ է հայկական կողմի համար, սակայն այդպիսին են իրողությունները, և խոսել սկզբունքորեն նոր բանի մասին՝ շատ բարդ է: Նշեմ նաև, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը նոր խոստումներ է փորձում տալ այս հարցի առնչությամբ՝ փորձելով արժանանալ Հայաստանի համակրանքին, բայց Բաքվում ամերիկյան բիզնեսը խոսում է այն տարածքներում հարմարվելու և պրոյեկտների մասին, որոնք Ադրբեջանը ստացել է: Այստեղ ԱՄՆ դիրքորոշումը երկակի է, և նրանք ևս ճանաչելու են այն իրողությունները, որոնք ձևավորվել են տարածաշրջանում պատերազմից հետո: Ես մեծ նշանակություն չէի տա պետքարտուղարի հայտարարություններին, չեմ կարծում, որ դրանց լուրջ քայլեր են հաջորդելու:

Տեսանյութեր

Լրահոս