«Վահան Քերոբյանը վճռական է տրամադրված. Մեղրու ազատ տնտեսական գոտին վերջապես պետք է կառուցվի և գործարկվի». Արմեն Վարդանյան

Իրանին խիստ մտահոգում է մեր տարածաշրջանում Արևմուտքի դերակատարման բարձրացումը: «Հոդված 3» ակումբի կողմից տեսակապի միջոցով կազմակերպված քննարկմանը նշեց իրանագետ Արմեն Վարդանյանը:

«Պատահական չէ, որ պատերազմի ժամանակ Իրանի փոխարտգործնախարարը ժամանեց տարածաշրջանի երկրներ և առաջարկեց համագործակցության նոր ձևաչափ, որը պիտի ընդգրկեր հարավկովկասյան երեք երկրները՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան, Իրան, Թուրքիա»,- շարունակեց  նա:

Ըստ Վարդանյանի՝ Իրանը փորձում է ևս անմասն չմնալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը նրա համար չափազանց մեծ նշանակություն ունեցող երկրներ են:

Անդրադառնալով Մեղրու ազատ տնտեսական գոտուն՝ իրանագետն ասաց, որ օրերս խոսել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ և տպավորություն ստացել, որ  Քերոբյանը վճռական է տրամադրված, որ վերջապես այդ տնտեսական գոտին կառուցվի, գործարկվի:

Քննարկմանը մասնակցող տնտեսագետ Ատոմ Մարգարյանն իր հերթին հավելեց, որ տարածաշրջանը բոլոր ուղղություններով տեկտոնիկ փոփոխությունների նախաշեմին է՝ քաղաքական, ռազմաքաղաքական, ինչո՞ւ չէ՝ տնտեսական հնարավորությունների առումով:

«Եվ գլոբալ խոշոր խաղորդները՝ ԱՄՆ, Չինաստան, ԵՄ-ն, ինչպես նաև ուժային այլ կենտրոններ ակնդետ հետևում են և շահագրգիռ են այստեղի զարգացումներին: Եվ այս պայմաններում մենք պետք է կարողանանք  մեր շահերը, մեր օրակարգը ձևակերպել և բալանսավորել մեր հարևանների, և առաջին հերթին՝  Իրանի և Վրաստանի շահերի հետ»,- շեշտեց տնտեսագետը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում

Տեսանյութեր

Լրահոս