Անկոտրում բանակ, խաղաղ երկինք. Հոսպիտալից շնորհավորում են պատերազմում վիրավորված երիտասարդները
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն այս օրերին գերծանրաբեռնված է աշխատում: Ինչպես բժիշկներն են նշում, իրենց համար պատերազմը դեռ չի ավարտվել, իրենք պայքարում են յուրաքանչյուր վիրավորի համար: Ինչպես և սպասվում էր, հոսպիտալի միջանցքները մարդաշատ էին՝ բժիշկներ, վիրավորներ, նրանց հարազատներ: Մոտենում եմ բուժքույրերից մեկին՝ խնդրելով կազմակերպել զրույց վիրավորների հետ և ճշտել, թե արդյոք նրանք ցանկանում են խոսել: Բուժքույրը շտապում է տեղեկացնել, որ տղաները պատերազմի հետևանքով ծանր հոգեբանական շրջան են անցել և իրենց հետ շփումը յուրահատուկ, զգուշավոր մոտեցում է պահանջում: Յուրահատուկ ու զգուշավոր մոտեցումը մտքումս վերլուծելով՝ թակում եմ հիվանդասենյակի դուռը: Ներսում արցախյան վերջին պատերազմում վիրավորված զինվորներն են, որոնք ապաքինման փուլում են: Նրանք ժպիտը դեմքներին ներս են հրավիրում: Լուսանկարչի հետ զգուշավոր ներս ենք մտնում՝ փորձելով ըմբռնել իրավիճակը: Մեկ րոպե էլ չանցած` լարված մթնոլորտը կոտրվեց, տղաները, մեկը մյուսին հերթ չտալով, կատակներով ու ծիծաղով լցրեցին հիվանդասենյակը: Մտածում ես՝ որտեղից այսքան ուժ այս տղաներին: Մթնոլորտն այնպիսին էր, որ մենք էլ ներգրավվեցինք իրենց հումորներում ու մի պահ մոռացել էինք, թե ինչի համար էինք հավաքվել:
Հերթը հասավ հարցազրույցին: Իհարկե, խոսել ցանկանալ քչերը գտնվեցին, հիմնականում մատնացույց էին անում մեկը մյուսին՝ համեստորեն լռելով իրենց հերոսությունների ու սխրագործությունների մասին: Մարտական գործողություններում Ջաբրայիլում ծառայած Նորիկ Տոնոյանը նկատում է, որ հումորը եղել է նաև ռազմական գործողությունների ժամանակ:
«Մեր խումբը եղել է շատ ջերմ, համախմբած, բոլորի հումորը տեղը: Առանց դրա չէր լինի: Կանգնած ենք եղել միմյանց թիկունքին: Հպարտանում եմ մեր բանակով: Ուզում եմ Բանակի օրվա առթիվ շնորհավորել մեր զինվորներին, մաղթել, որ միշտ կանգուն լինեն: Ուզում եմ շնորհավորել նաև մեր բժիշկներին, որոնք հերոս են, մեր կողքին են: Մենք երկրորդ կյանք ստացանք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նորիկ Տոնոյանը:
Ֆիզուլիում վիրավորված Վահե Աբրահամյանը ևս վերհիշում է պատերազմի օրերին իրենց համախմբվածությունը ու նկատում՝ շատ կցանկանար, որ դա լիներ ամբողջ բանակում:
«Մաղթում եմ, որ բանակը լինի ուժեղ, ծառայողները՝ առողջ, միշտ նայեն առաջ ու միշտ ձիգ լինեն: Պատերազմի օրերին մենք, կարծես, մի ընտանիք լինեինք: Մեր կարգախոսը հետևյալն էր՝ մենք բոլորս մի մոր երեխեք ենք: Փառք Աստծո, դավաճաններ մեզ մոտ չեղան, ոչ ոք չփախավ: Կցանկանայի շեշտել մեր ընկեր Վաչագանին, ով իր մահով մեր կյանքը փրկեց: Կուզեի, որ այդպիսի համախմբածություն լինի ամբողջ բանակում»,-նշեց Վահե Աբրահամյանը:
Միքայել Մանուկյանը, ով ծառայել է Մատաղիսում, պատերազմական գործողությունների մասին պատմելիս, անպայման ընդգծում է ընկերներին: Նշում է, որ սկզբում շատ դժվար էր, խաղաղ պայմաններում ծառայած զինվորը, որ պատերազմական իրավիճակ չէր տեսել, միանգամից սկսում է տեսնել պատերազմի հետ կապված ամեն ինչ:
«Իմ ամենամեծ ցանկությունն է, որ մենք առաջիկայում ունենանք հաղթանակած բանակ: Շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ, ուզում եմ, որ մեր բանակն այնքան ամուր լինի, որ ոչ մի թշնամի չփորձի ոտնձգություն կատարել»,-ասաց Միքայել Մանուկյանն՝ ավելացնելով, որ ծառայությունը վերջացրել է, բայց ցանկանում ապաքինվելուն պես հետ գնալ:
Հարցազրույցներից հետո տղաները շարունակում են կատակել, իրենց բաժին դարձած դժվարությունները ժպիտով ընդունել: Զրուցել չէին ցանկանում, սակայն նկարվելուն դեմ չէին: Առջևում իրենց երազանքներն ու նպատակներն են՝ խաղաղ երկնքի տակ ապրելու բարեմաղթանքով: