Մեզ ի՞նչ են առաջարկում. հյուսիս գնալու համար ճանապարհ բացել դեպի հարավ. աբսուրդ է, նման բան չի լինում. բեռնափոխադրող ընկերության ղեկավար

Մոսկվայում հունվարի 27-ին նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում։ Տեղեկությունը հայտնում է РБК-ն։

РБК-ի աղբյուրները փոխանցում են, որ քննարկվելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը։ Հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։

«Առաջին աշխատանքային հանդիպումն է, որը պետք է նվիրված լինի ճանապարհների ապաշրջափակման հարցերի քննարկմանը: Մեր հայրենակիցներից շատերը, ընդդիմադիր դաշտի մեր գործընկերներն  անհանգստություն ունեն, որ հայտնի հայտարարության ստորագրումից հետո գերիների վերադարձը 8-րդ կետում էր նշված, ըստ որի՝ բոլորը՝ բոլորի դիմաց պետք է գերիները փոխանակվեն, ինչո՞ւ 8-րդ կետը դեռ չավարտած՝ մենք անցնում ենք 9-րդ կետը կյանքի կոչելուն: Կարծում եմ՝ գերիների վերադարձի ծանր գործընթացն առաջիկա մեկ ամսվա ընթացքում հիմնականում ավարտին կհասցվի»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը:

«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը,  շարունակելով գործընկերոջ խոսքը՝  նշեց. «Իհարկե, այդ հարցերը փոխկապակցված չեն, ոչ մի հայտարարությունում էլ նշված չէ, որ կետերը հերթականությամբ պետք է իրականանան: Սակայն քննարկումներ, կոնսուլատացիաներ, նախապատրաստական աշխատանքներ միանշանակ պետք է լինեն: Բայց, իմ կարծիքով, ոչ մի կոնկրետ գործողություն, պրակտիկ քայլ՝ այդ ճանապարհների բացման, նորերի կառուցման  մասին խոսք չի կարող գնալ, քանի դեռ 8-րդ կետի հարցերը չեն լուծվել: Չի կարող լինել համագործակցություն՝ տնտեսական ոլորտում, երբ այդպիսի զգայուն՝ գերիների կամ աճյունների վերադարձի  հարցում ընդհանուր հայտարարի չենք գալիս»:

Ինչ վերաբերում է ճանապարհների հետ կապված մտահոգություններին՝ բեռնափոխադրող ընկերության ղեկավարն ասաց, որ իր մոտեցումը մի փոքր այլ է, կողմ է, որ ցանկացած ճանապարհի նպատակահարմարությունը կոնկրետ դիտարկվի:

«Բայց ուղղակի հայտարարել՝ ճանապարհ է բացվում, բոլորի համար դա լավ է, ես դա չեմ կիսում, որովհետև կա ճանապարհ, որը մեզ տանում է տրանսպորտային վերջնական իզոլյացիայի՝ մեկուսացման: Հայտնի ճանապարհը, որ Հորադիզից  երկաթուղային ճանապարհի կառուցումն է դեպի Մեղրի, հետո՝ Նախիջևան, ապա՝ Երասխով գալ, մտնել նորից Հայաստան, դրա մասին խոսել այսօր կամ քննարկել՝ վաղաժամկետ է: Դա մեզ համար անթույլատրելի թեմա է: Եթե տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է  խոսքը, ապա մենք ունենք այսօր տրանսպորտային կոմունիկացիաներ, որոնք կարող են շահագործվել»,- հավելեց Գագիկ Աղաջանյանը՝ հայտնելով, որ Թուրքիան արդեն հայտարարել է Կարս-Իգդիր-Շարուր երկաթուղու կառուցման պատրաստակամության մասին, այսինքն՝ Հայաստանը հարավից շրջանցող ճանապարհի մասին է խոսքը: Եվ սա՝ այն դեպքում, երբ Հայաստանն իրենց 45 կմ տարածք է տալիս՝ միջանցք:

«Մենք դրանից ի՞նչ ենք շահելու, երբ հնարավորություն ենք տալիս շրջանցել Հայաստանը: Բացարձակ ոչինչ»,- ասաց նա:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հարցրեց՝ սխա՞լ է հսսկանում, որ այդ ամբողջ կոնտեքստում հնարավորություն չենք ունենալու Երևան-Նախիջևան-Իրան-ՌԴ-Միջին Ասիա գնալ:

«Ախր Ռուսաստանն այս ճանապարհի հետ բացարձակ կապ չունի: ՌԴ-ի հետ մեր կապերի համար բացարձակ այլ տարբերակ գոյություն ունի՝ դեպի Աղստաֆա ու այնտեղից՝ ավելի կարճ ճանապարհ: Ռուսաստանը գտնվում է ՀՀ հյուսիսում, Նախիջևանը և Իրանը՝ հարավում, իսկ մեզ ի՞նչ են առաջարկում. հյուսիս գնալու համար ճանապարհ բացել դեպի հարավ. աբսուրդ է, նման բան չի լինում: Այն դեպքում, երբ Ադրբեջանի տարածքում մինչև Աղստաֆա, Ղազախ ճանապարհ գոյություն ունի և շահագործվում է, ավելին՝ այն երկու ուղղությամբ գնում և գալիս է»,- պատասխանեց Գագիկ Աղաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս