Անկման շինարարական դեմքը

Պաշտոնական վիճակագրությունը զարմացնելու սովորություն ունի: Բավական կայուն ու համարյա անհասկանալի սովորություն: Համավարակի հետ կապված համաշխարհային տնտեսական անկմանը զուգընթաց՝ մեր վիճակագիրներն էլ հայրենական տնտեսության անկում արձանագրեցին: Բայց հայտնի բան է՝ իշխանությունները փայլփլուն վիճակագրություն են սիրում: Նույնքան հայտնի բան է՝ մեր վիճակագիրները երբեք հակված չեն եղել օրվա իշխանություններին վշտացնել: Ու հիմա էլ (ինչպես միշտ) հայտնվել է տնտեսության պաշտոնական պատկեր, որ երկակի տեսք ունի:

Տեսք, որին շատ սազական է «լավատեսական ողբերգություն» արտահայտությունը (կամ էլ հակառակը՝ եթե Դուք իշխանամետ եք): Համեմատենք ամենաթարմ հաշվետվությունները: «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-նոյեմբերին» հաշվետվությունը հիմնականում տնտեսական ցուցանիշների անկում է արձանագրում՝ նախորդ տարվա տվյալների համեմատ: Դիտարկենք միայն շինարարության ոլորտի թվերը:

Շինարարության ոլորտի պաշտոնական անկումը նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ՝ 11.2 տոկոս է: Այս ցուցանիշը տնտեսագետների համար անսպասելի չէր: Շատ մասնագետներ նույնիսկ պատերազմից առաջ էին երկնիշ տնտեսական անկում կանխատեսում: 2020-ն ի վերջո երկնիշ կրճատում էլ արձանագրելու է: Պաշտոնապես: Որովհետև նույն պաշտոնական վիճակագրությունը Տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.3 տոկոսանոց անկում արդեն արձանագրել է: Բայց նաև արձանագրել է անհասկանալի տվյալներ, որոնց «շնորհիվ», անհրաժեշտության դեպքում (խոսքը պաշտոնական հրահանգ ստանալու մասին է), հնարավոր կլինի ավելի բարենպաստ տնտեսական ամփոփում ապահովել տարվա համեմատ: Նման տվյալների «բազա» կա պաշտոնական մեկ այլ հաշվետվության մեջ, որ կրում է «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2020թ. հունվար-նոյեմբերին» երկար անունը:

Սկզբից հիշենք, որ շինարարությունն անցած տարվա ամփոփված 11 ամիսների ընթացքում երկնիշ կրճատվել է: Հիշենք ու դիտարկենք շինարարության համար անհրաժեշտ շինանյութերի արտադրության պաշտոնական տվյալները՝ «բնեղեն արտահայտությամբ»:

Պարզվում է՝ որոշ հիմնական շինանյութերի արտադրությունն աճել է: Ընդ որում՝ նույնպես երկնիշ: Օրինակ, ցեմենտի արտադրությունն աճել է 19.2 տոկոսով: Միանգամից նշենք՝ նախորդ տարիների նման, անցած տարի էլ մեր երկրից ցեմենտ չի արտահանվել: Կարելի է, իհարկե, փաստարկել, որ նվազել է ցեմենտի ներմուծումը: Այլ կերպ ասած, տեղական արտադրությունը փոխարինել է  ներմուծվող ցեմենտին: Բացատրությունը կարելի կլիներ տրամաբանական համարել, եթե չհայտարարվեր, որ աճել է շինարարական շաղախների արտադրությունը (18.4 տոկոսով):

Նախորդ տարի շինարարության ավելի մեծ՝ 11.2 տոկոս, ծավալները փաստորեն ապահովվել են ավելի համեստ ծավալ ունեցող շինարարական շաղախների արտադրության պարագային:

Իհարկե, կարելի է տրամաբանական մեկ այլ տարբերակ էլ առաջարկել՝ ենթադրելով, որ 2019-ին շինարարական շաղախների արտադրությունը ստվերային ու չհարկվող ոլորտում է եղել: Բայց նման վարկած առաջ քաշողը հաստատաբար «սև» ու «հակաթավշյա» պիտի որակվի: Որովհետև դեռևս անտիկ ժամանակներից է հայտնի, որ մեր նոր իշխանությունները ստվերից ու կոռուպցիայից հեռու են (անտիկ աշխարհում այս միտքը «Կեսարի կինը կասկածից վեր է» արտահայտությամբ էր բանաձևվում):

Սույն հակասությունից զատ, կա մեկ զուտ հայկական շինանյութ, որի արտադրողն ու սպառողը միայն մենք ենք: Խոսքը գաջի մասին է: Շինարարության անկման ֆոնին բոլորովին համահունչ չէ այն պաշտոնական հայտարարությունը, որ գաջի արտադրությունը 2020 հունվար-նոյեմբերին աճել է 28.3 տոկոսով:  Գաջը, հակառակի պես, բարդ պահպանվող շինանյութ է: Այն արտադրել ու լավ ժամանակների համար պահեստավորելը տնտեսական ինքնասպանության պես բան է: Բայց այսքանով չեն ավարտվում «անտրամաբանական» աճի ցուցանիշները շինանյութերի արտադրատեսակների բնեղեն արտահայտության ցանկում: Պարզվում է՝ աճել է մարմարյա քարերի արտադրությունը՝ 17.5 տոկոս, սալարկման քարերի արտադրությունը (առասպելաբարո է աճել` 56.5 տոկոս): Այն, որ մյուս ավանդական քարատեսակների (տուֆ, բազալտ և այլն) արտադրությունը կրճատվել է, համահունչ է շինարարության ընդհանուր ու երկնիշ կրճատման պաշտոնական տվյալին:

Այնպես որ՝ վիճակագրությունն ընդհանուր անկում արձանագրելով՝ պահպանում է աննախադեպ աճ «արձանագրելու» հնարավորությունը: Համապատասխան  հանձնարարության դեպքում: Բնականաբար:

Տեսանյութեր

Լրահոս