«Սադրանքների՝ լայնամասշտաբ գործողությունների վերաճվելու հավանականությունը ՀՀ հատվածում մեզանից չի կախված, ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում է». ռազմական վերլուծաբան

Պատերազմից հետո Ադրբեջանի բանակում ի՞նչ հետևություններ են արվել, ի՞նչ փոփոխություններ կատարվել: 168.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանն ասաց, որ պատերազմի ելքով պայմանավորված՝ ադրբեջանական բանակում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ: Այսինքն՝ նոր տարածքներ են հայտնվել իրենց վերահսկողության տակ, ուստի վերադասավորումներ, զորամասերի կառուցումներ պետք է լինեն:

«Այս համատեքստում նորությունն այն է, որ կազմավորվել է նոր կորպուս՝ 6-րդ կորպուսը: Սա, իհարկե, չի նշանակում, որ Ադրբեջանի բանակում կա 6 կորպուս, այսինքն, սա թվով վեցն է: Ինչո՞ւ է անունը 6-րդ, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի բանակում կան 1-րդ, 2-րդ, 3-րդ, 4-րդ կորպուսներ, 5-րդ եղել է մինչև 2013-ը՝ Նախիջևանում, որը վերակազմավորվել է՝ որպես Նախիջևանի առանձին համազորային բանակ, այդ պատճառով նոր կորպուսը ոչ թե 5-րդն է համարվում, այլ 6-րդը: Ըստ ամենայնի, 6-րդ կորպուսը պետք է լինի արցախյան կորպուս, այսպես ասած: Նոր տեղակայումների, կազմավորումների գործընթացը դեռ ընթանում է, և դեռևս վաղ է կոնկրետ գնահատական տալն ու կոնկրետ պատկեր ներկայացնելը»,- նշեց նա՝ հավելելով, որ 2021 թվականի համար Ադրբեջանի ռազմական բյուջեն գրեթե 20 տոկոսով ավելացվել է, որն ունի իր օբյեկտիվ պատճառը. պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը կրել է զրահատեխնիկայի լուրջ վնասներ, և փորձելու են դրանք վերականգնել, նոր ձեռքբերումներին ուղղել այդ միջոցները:

«Սա ազդակ է՝ Ադրբեջանը կուրսը չի թուլացնում, բանակը երկրորդ պլան չի մղում, նկրտումներն էլ հետ չեն մնում»,- ընդգծեց ռազմական վերլուծաբանը:

Պատերազմի օրերին այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում էր, որ չկա ադրբեջանական բանակ, կա թուրք-ադրբեջանական բանակ: Ավելին, ասվում էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-երի ղեկավարումը հանձնված է թուրքական բանակին, պատերազմից հետո ադրբեջանական բանակում կատարվող փոփոխություններում ի՞նչ դերակատարում ունի Թուրքիան:

Հայկ Խաչիկյանն այս հարցադրմանը պատասխանելիս՝ հիշեցնում է՝ պատերազմի օրերին Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ եղել են Ադրբեջանում, ներգրավվել մարտական գործողությունների ղեկավարմանը, այդ թվում՝ ԱԹՍ-ների կառավարմանը:

«Ինչ վերաբերում է պատերազմից հետո ադրբեջանական բանակի փոփոխություններում թուրքական ազդեցությանը, ապա սա կարելի է բացատրել թեկուզ այն հանգամանքով, որ դիտարկման կենտրոնի անվան տակ, ըստ էության, Ադրբեջանում նաև թուրքական բազա է ստեղծվում: Ինչո՞ւ դիտարկման կենտրոնի տակ, որովհետև Ադրբեջանի սահմանադրությամբ օտարերկրյա բազաներն Ադրբեջանում արգելված են: Բնականաբար, դրա անունը բազա չեն դնելու: Ինչ վերաբերում է բուն սպայակազմին, դեռևս փոփոխություն չեմ դիտարկել ԳՇ-ում և այլն: Միակ նկատելի առանձնահատկությունն այն է, որ ԳՇ պետը չկա»,- ասաց Խաչիկյանը:

Արդյոք ՀՀ սահմանահատվածում՝ նախիջևանյան թև, Տավուշ, նոր զորամասերի կառուցում կամ այլ փոփոխություններ նկատվո՞ւմ են, «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը նշեց՝ նոր զորամասերի տեղակայում չի արձանագրել՝ միաժամանակ հիշեցնելով, որ նման աշխատանքներ մինչև պատերազմն են արվել:

«Բնականաբար, նոր տարածքների պարագայում նոր բազաներ կլինեն՝ Քարվաճառում, Բերձորում և ավելի հարավ»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ անկախ նրանից, որ հաղթող կողմն Ադրբեջանն է, ամեն դեպքում, իրենք այս նոր իրողությունների պարագայում ի՞նչ խնդիրների կարող են բախվել, ռազմական վերլուծաբանը պատասխանեց.

«Խնդիրները պայմանավորված են օբյեկտիվ հանգամանքներով՝ ռելիեֆ, տեղանք: Խոսքը, մասնավորապես, Քարվաճառի մասին է, որտեղ Քարվաճառն Ադրբեջանին կապող հատվածն անցնում է բարդ լեռնային պայմաններով մի ճանապարհով, ինչն օբյեկտիվ խնդիր է: Բայց սա մեր խնդիրները չի թուլացնում»:

Իսկ թե որքանով են սադրանքներ հնարավոր ՀՀ սահմանային հատվածներում, Հայկ Խաչիկյանն ասաց, որ դրանք ավելի շատ քաղաքական համատեքստում պիտի դիտարկել, ինչպես նաև գերիների հարցը, որով Ադրբեջանը շանտաժ է անում և փորձելու է օգտագործել մեր դեմ:

«Ինչ վերաբերում է սադրանքների՝ լայնամասշտաբ գործողությունների վերաճելու հավանականությանը, ապա, ցավոք սրտի, դա մեծ հաշվով մեզանից կախված չէ, այլ ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական հարաբերությունների կոնտեքստում է»,- եզրափակեց ռազմական վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս