Բաժիններ՝

Երբ հաց ես գնում, պիտակին գրված չէ, որ առաջին կամ երկրորդ տեսակի հաց է, բայց գինն առաջին տեսակին բնորոշ են դնում, այնինչ ալյուրը երկրորդ տեսակի է

Առաջնային անհրաժեշտության սննդամթերքն անցած ամսվանից թանկացել է: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը՝ 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 3.4%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.9-3.7%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Վաղարշապատում:

Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 3.3%-ով: 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 4.9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է՝ 2.8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 35.9% գնաճ: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է՝ 7.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 4.2% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է, համապատասխանաբար՝ 7.3% և 10.0%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 6.1% և 2.2% ):

Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ալյուրը թանկացել է, սակայն հացի շուկայում դեռևս իրենք մոնիտորինգ չեն իրականացրել, սակայն, նրա փաստմամբ, շուկայում շարունակում են մնալ հացի քաշի, որակի հետ կապված թերությունները:

«Մեզ նաև հետաքրքրում է հացի որակը, բացի այդ՝ գնապիտակի վրա նշված չէ նաև քաշը: Որևէ նորմատիվ ակտով հացի քաշը ֆիքսված չէ, պարզապես պետք է գնապիտակին գրված լինի, սպառողին տեղեկացնեն, որ այս հացը 450 գրամանոց է, այս մյուսը՝ 700:

Բացի քաշից, մի շարք խախտումներ են կատարում՝ խոնավության, աղի զանգվածի հետ կապված: 1 տոկոս խոնավությունը 3 տոկոս լրացուցիչ աճ է տալիս: Ասենք, մի տոննայում 30 կգ ավելի քաշ է ստանում: Տեղեր էլ կան, որ խոնավությունը 3-4 տոկոս է՝ 1 տոկոսի փոխարեն, ու 10 տոննայում 300 կգ և ավելի լրացուցիչ ավելցուկ է ստանում: Եվ հիմնականը, երբ խանութից հաց ես գնում, պիտակին գրված չէ, որ առաջին կամ երկրորդ տեսակի հաց է, բայց գինն առաջին տեսակին բնորոշ են դնում, այնինչ ալյուրը երկրորդ տեսակի է՝ էժան, աղն են շատ գցում, և այլն»,- նշեց Ռուբեն Հայթյանը:

Հավելենք, որ Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն օրեր առաջ ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ որոշ տնտեսվարողներ խորամանկ ձևով են վարվում, հացի գինը նույնն է մնացել, բայց քաշը պակասել է: Հացի քաշը, Կարեն Չիլինգարյանի խոսքով, նշված է եղել 310-320 գրամ, բայց կշռել-տեսել է, որ 280-290 գրամ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս