Ահաբեկիչները կհաստատվե՞ն Ադրբեջանի գրաված տարածքներում. Ի՞նչ է անում ՀՀ ԱԳ նախարարությունը
Արցախյան պատերազմից հետո Մերձավոր Արևելքից Ադրբեջան տեղափոխված և Արցախյան հակամարտության գոտում օգտագործված ահաբեկչական խմբավորումները չեն հեռացել Ադրբեջանից և այս պատերազմի ընթացքում Ադրբեջանի գրաված տարածքներից:
Ավելին, ինչպես մի շարք աղբյուրներ են նշում, զինյալներն ընտանիքներով կհաստատվեն այդ տարածքներում: Ամերիկացի հետաքննող լրագրող, տարիներ շարունակ սիրիական պատերազմը լուսաբանած Լինդսի Սնելն այն բացառիկ լրագրողն էր, ով Բաքու տեղափոխված սիրիացի զինյալների մասին առաջին տեղեկությունները հաղորդեց: Դեռ ռազմական գործողությունների մեկնարկից մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 22-ին, Սնելն իր թվիթերյան էջում հրապարակել էր մի խումբ տղամարդկանց լուսանկար՝ նշելով, որ նրանք ենթադրաբար թուրքամետ «Համզա» ջիհադիստական խմբի անդամներ են, ովքեր Անկարայով այդ օրը ժամանել են Բաքու։
Ուշագրավն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունից օրեր անց ևս Լինդսի Սնելն իր թվիթերյան էջում գրեց. «Լսել եմ, որ բոլոր սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են (բացի մեկ ամիս առաջ ուղարկված մոտ 700-ից)։ Նաև լսել եմ խոսակցություններն այն մասին, որ ավելի շատ կուղարկվի։ Չգիտեմ, թե ինչու… սպասում եմ մանրամասներին։ Ենթադրվում էր, որ Թուրքիան/Ադրբեջանը կցանկանան, որ նրանք արագ հեռանան, որպեսզի շարունակեն հերքել իրենց ներկայությունը, բայց, հավանաբար, ոչ»։
Այլ աղբյուրներից ստացվող տեղեկությունները, թե ահաբեկիչները հաստատվելու են ընտանիքներով, Սնելը հերքեց՝ նշելով, որ սիրիացի վարձկանների ընտանիքները չեն պատրաստվում մեկնել այնտեղ լոգիստիկ դժվարությունների պատճառով։
Ավելին, ըստ նրա, սիրիացի վարձկաններին չի թույլատրվում մնալ առանց վերահսկողության, շատերին արգելված է նույնիսկ սմարթֆոն ունենալ։ Այնուամենայնիվ, տարածաշրջանային մամուլում և մերձավորարևելյան աղբյուրներում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ կա նպատակ Ադրբեջանի գրաված տարածքները բնակեցնել ահաբեկիչներով, հետևաբար՝ նրանց ընտանիքներով, ինչը հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի՝ կփոխի տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը՝ անվտանգային նորանոր խնդիրներ ստեղծելով Հայաստանի ու Արցախի համար:
Ի դեպ, հարկ է նաև նշել, որ թուրքական աղբյուրները փորձում են ամեն կերպ փակ պահել այս տեղեկությունները, և դրանք հայտնվում են շրջանառության մեջ միայն սիրիական ու իրանական աղբյուրներից:
ՀՀ դատախազությունը նոյեմբերի 27-ին տարածված հաղորդագրությունում նշել էր. «Ավելին, ըստ հրապարակվող տեղեկությունների՝ միջոցներ են ձեռնարկվում ահաբեկչական խմբավորումների տեղակայման և վարձկանների հավաքագրման հիմնական կենտրոններից մեկը հանդիսացող՝ Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջաններից կազմակերպված ձևով անձանց Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներ տեղափոխման և հաստատման վերաբերյալ: Վերջինս, իրականությանը համապատասխանելու դեպքում, ըստ էության, կարելի է գնահատել՝ որպես տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենտրոնացման, դրանով իսկ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակչության, տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և կայունության սպառնալիքների մեծացմանը, հարաբերական խաղաղության խաթարմանը միտված քայլ»:
Հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ է անում այս վտանգների ուղղությամբ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ ԱԳՆ-ի կողմից աշխատանքները մշտական և շարունակական բնույթ են կրում:
Նրա խոսքով, հարցը մշտապես բարձրացվել է մեր միջազգային գործընկերների հետ շփումներում՝ թե՛ ոչ հրապարակային հանդիպումների ժամանակ, թե՛ հրապարակային ելույթներում մշտապես անդրադարձ է կատարվել այդ հարցին:
Աննա Նաղդալյանը հորդորեց հիշել ՀՀ ԱԳ նախարարի մամուլի ասուլիսները Մոսկվայում և անդրադարձերն այդ թեմային հենց այդ այցի շրջանակում:
Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նշել էր, որ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող Թուրքիան այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն:
Դա, ըստ նրա՝ պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները՝ ստիպելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած տեսակի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը:
«Թուրքիան ամբողջությամբ պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և իր հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և, ընդհանրապես, Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտուց դուրս բերելու հստակ ազդակներ: Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և վերաբնակեցնել նրանց Արցախի օկուպացված շրջաններում»,- նշել էր Այվազյանը:
Իրանագետ Ահարոն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո, ցավոք սրտի, թե՛ հայկական, թե՛ իրանական, ռուսական և միջազգային մամուլում կարծես միանգամից դադարեցվեցին ահաբեկիչների մասին լուրերը, այնինչ մինչ այդ օրն ամեն օր մոտ մեկ տասնյակից ավելի տեղեկատվություն էր տարածվում ահաբեկիչների առկայության մասին: Սակայն, ըստ նրա, ցավոք, դադարեց և, ցավոք, այդ մասին չի խոսվում կամ քիչ է խոսվում նաև հայկական տիրույթում:
«Իրանական կողմում ևս այդ մասին քիչ են խոսում, որովհետև Իրանը՝ նկատելով, որ ազդեցության առումով զիջել է իր դիրքերը Հարավային Կովկասում Թուրքիային, փորձում է իր գործողութուններով, քայլերով հակակշռել այդ ազդեցությունը Հարավային Կովկասում և, մասնավորապես, Ադրբեջանում, իսկ ինչպե՞ս՝ տնտեսական ակտիվությամբ և ծրագրեր առաջարկելով, և այդ պատճառով կարծեք թե թվացյալ երկրորդ պլան է մղվել ահաբեկիչների թեման։ Բայց Իրանի համար դա չի կարող երկրորդ պլան մղվել՝ զուտ հաշվի առնելով Իրանի ազգային անվտանգությունը և պետական շահերը, քանի որ երկար ժամանակ Իրանը պայքարել է ահաբեկչության վտանգի դեմ և հեռավորության վրա է պահել ահաբեկչությունն իր երկրի սահմաններից, պայքարել է դրանց դեմ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, և այլն: Ու հանկարծ հիմա այդ վտանգն իր հյուսիսային սահմանների մոտ է, և դա չէր կարող պարզապես մեկ օրում վերանալ:
Նոյեմբերի 10-ից հետո Իրանը ժամանակ առ ժամանակ տեղեկություններ է տարածում, որ այսինչ ահաբեկիչն է ձերբակալվել Արևմտյան Ատրպատականում Ուրմիա քաղաքի մոտ, Մակու քաղաքի մոտ, Թուրքիայի հետ սահմանին ահաբեկչական խմբավորում է չեղոքացվել: Բայց տեղեկատվական այն ահռելի հոսքը, որը կար մինչ նոյեմբերի 10-ը, այսօր չկա: Ներկայումս, ըստ երևույթին, գործողությունների մակարդակով են քայլեր ձեռնարկում, և իրենց զորքի մի հատվածը տարբեր տեսակի ստորաբաժանումների հիմա ամբողջությամբ գտնվում է ադրբեջանաիրանական սահմանին մարտական բարձր պատրաստականության բերված՝ ինչպես նաև Թուրքիայի հետ սահմանին, սա նրա համար է, որպեսզի արգելակվի ահաբեկիչների հնարավոր մուտքն Իրան»,- ասաց Վարդանյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը շատ անելիքներ ունի․ ինչի՞ մասին է խոսքը, եթե ահաբեկիչները կարող են լինել Հադրութում, ինչո՞ւ խոսենք Քարվաճառի, Մեխակավանի, Կովսականի մասին, որտեղ կարող են հաստատվել ահաբեկիչները, երբ նրանք կարող են լինել Շուշիում, Հադրութում:
Վերլուծաբանի խոսքով՝ վտանգը շատ մեծ ու իրական է, մեզանում այդ վտանգի չափը չեն պատկերացնում, որովհետև, բարեբախտաբար, մինչ այս պահն այնպես է պատահել, որ ահաբեկչական վտանգ Հայաստանում չի եղել, այսինքն՝ վտանգ եղել է, բայց ահաբեկչական գործողություններ չեն եղել և, բարեբախտաբար, մեր ժողովուրդը տեղյակ չէ այդ ամենից: Բայց Իրանում, նրա խոսքով, շատ լավ պատկերացնում են, որովհետև Իրանը մի քանի անգամ «ճաշակել» է այդ ահաբեկչության դառը կորիզները, և նրանք պատկերացնում են,թե ինչ է նշանակում, երբ ահաբեկիչներն իրենց հյուսիսային սահմանների մոտ են և հայտնվելով երկրի ներսում՝ ինչերի են ընդունակ:
«Կարծում եմ՝ պետք է համագործակցել Ռուսաստանի և Իրանի հետ: Մշտապես շեշտել եմ, որ պետք է, ցանկալի է, անհրաժեշտ է, որ ձևավորվի հայ-իրանառուսական հակաահաբեկչական կոալիցիա, բայց կարծում եմ՝ այսօր այդ մասին խոսելն անիմաստ է, քանի որ, ցավոք սրտի, մեր երկիրը արդեն նախկին սուբյեկտայնությունը չունի, և դրա մասին է վկայում ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆի այցը և քննարկումներն Արցախի թեմայով Բաքու և Մոսկվա և ոչ Երևան: Բայց սա չի նշանակում, որ ձեռքներս ծալած պետք է նստենք: Է՛լ ավելի մեծ թափով պետք է պայքարենք, որովհետև իրական վտանգ է այս ամենը»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով, որ պետք է ավելի նախաձեռնողական և ակտիվ քաղաքականություն կառուցել Իրանի հետ, և փաստը ցույց է տալիս, որ մոտ երեք տարի հայ-իրանական հարաբերությունները սպասողական վիճակում են, անկումային, և այդ ամենը զգացնել է տալիս ցանկացած ոլորտում:
«Պետք է շտկվի այս ամենը, որովհետև Իրանը մեր համար կրկնակի, եռակի անգամ ավելի կարևոր է այսօր, քան նախկինում: Պետք է ավելի բարձր մակարդակ լինի հայ-իրանական հարաբերություններում: Այդ հարաբերություններն այնքան հագեցած պետք է լինեն, որ խոսելու ժամանակ չլինի, պետք է գործել-գործել անդադար»,- ասաց Վարդանյանը: