Հայաստանը չի ունենալու նոր ատոմակայան, իսկ գործողը կարող է վերածվել միջուկային աղետի

Գործող իշխանություններին առանց փաստարկների քննադատելը և լուծումներ չառաջարկելն աշխարհում ամենահեշտ և անպիտան զբաղմունքն է։ Դրա համար ես իմ վերլուծությունը կառուցում եմ հստակ փաստերի վրա և հաջորդ հոդվածում նաև առաջարկելու եմ ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ։ Ամեն դեպքում, որպես եզրակացություն, ամենասկզբից պետք է արձանագրեմ, որ ՀՀ Կառավարությունն էներգետիկայի ոլորտում ոչ թե պարզապես թերանում է, այլ դրսևորում է մտավոր հետամնացության հատկանիշներ։ Եթե իմ եզրակացությունները և ներկայացված փաստերը կհերքվեն տեխնիկապես գրագետ պետական որևէ փաստաթղթով կամ հիմնարար տվյալներով, ապա ես ներողություն կխնդրեմ և հոդվածը կհրապարակեմ ճշգրտումներով, ինչպես որ դա ընդունված է ամբողջ աշխարհում։

Նոր ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) կառուցման ճանապարհային քարտեզ մշակելու և դրա իրագործումն անհապեղ սկսելու փոխարեն, ՀՀ Կառավարությունն իր «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր  (մինչև 2040 թ.-ը)» փաստաթղթի նախագծում, որը 2019թ․-ի վերջին հրապարակվել էր հանրային քննարկումների համար, խոսում է գործող ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարացնելու հնարավորության ուսումնասիրության մասին։ Այս մոտեցման վերլուծական հենքը, ամենայն հավանականությամբ, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՓԲԸ կողմից և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ, մշակված  «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թթ․-ի զարգացման պլան» փաստաթղթում ներառված վերլուծությունն է։ Ըստ այդ փաստաթղթի, գործող ԱԷԿ-ի ժամկետի երկարաձգումը մինչ 2032 կամ 2036 թվականներ կարող է արժենալ, համապատասխանաբար՝ 150 և 300 մլն ԱՄՆ դոլար։

 Մտավոր հետամնացության դրսևորում No. 1։

Ռազմավարական փաստաթղթերում չի կարելի առաջ քաշել ԱԷԿ-ի շահագործման ժամկետի 2026թ․-ից հետո երկարացման դրույքներ՝ առանց որևիցե լուրջ տեխնիկական ուսումնասիրության, հատկապես, երբ նմանատիպ փաստաթղթերն օգտագործվում են պետության էներգետիկ ռազմավարության մշակման համար։ Պետք է հիշել, որ գործող ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1975թ.-ին, կանգնեցվել է 1988-ին և նորից վերաշահագործվել է 1995թ.-ին։ Ներկայումս ընթանում է դրա շահագործման կյանքը մինչև 2026թ. հերթական երկարաձգման աշխատանքները։

Պետք է նաև հաշվի առնել, որ աշխարհում բացակայում է ԱԷԿ-ի կոնսերվացման, կրկնակի վերագործարկման և շահագործման ժամկետի բազմակի երկարացման փորձը։ Եթե այդպիսին կա, խնդրում ենք հանրության հետ կիսվել։

Պետք չէ, որ Հայաստանը վերածվի փորձադաշտի։ ԱԷԿ-ի պես կառույցներում ամենակարևորն անվտանգությունն է, և դրանց կյանքը հնարավոր չէ անվերջ երկարաձգել։ Այստեղ անվտանգության աստիճանի նվազեցման կամ նույնիսկ նվազեցման չնչին ռիսկի պարագայում փոխզիջումային որևէ լուծումներ չպետք է իրագործվեն։

Եղած նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ ներկայիս իշխանությունները դա չեն հասկանում և իրենց քայլերով ստեղծում են ամբողջ տարածաշրջանի ամբողջական ռադիոակտիվ թունավորման էական ռիսկ։ Այս ամենի շարժառիթներից մեկն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից խուսափելու պոպուլիստական ձգտումներն են։ Վերջինս անխուսափելի է ցանկացած նոր մեծածավալ ներդրումների դեպքում, և դա նորմալ գործընթաց է։ Պետք է զարգացնել տնտեսությունը, որի արդյունքում կմեծանան սպառողների եկամուտները և, հետևաբար, էլեկտրաէներգիայի սակագների աճի պարագայում այն մատչելի կլինի սպառողների համար։ Մինչդեռ իշխանությունները տնտեսությունը զարգացնելու փոխարեն՝ փորձում են արհեստականորեն ցածր պահել սակագինը և վտանգել ոչ միայն՝ էներգետիկ ոլորտի ֆինանսական կենսունակությունը, այլ նաև ստեղծում են անվտանգության լրջագույն սպառնալիքներ։

Մտավոր հետամնացության դրսևորում No. 2։

Ի՞նչ է անելու Հայաստանը, եթե պարզվի, իսկ դրանում ես կասկած չունեմ, որ գործող ԱԷԿ-ի ժամկետը 2026թ.-ից հետո երկարաձգել հնարավոր չէ։ 100 տոկոսով վստահ եմ, որ լինելու է մեծ ճնշում միջազգային հանրության կողմից (արդարացված ճնշում)՝ մինչև 2026թ․-ի վերջն այն հանել շահագործումից։ Այդ պարագայում կստացվի, որ առնվազն 6 տարի ոչ մի բան չի արվելու նոր ԱԷԿ-ի կառուցման համար։ Հուսով եմ՝ պատասխանատու մարմինները գիտեն, որ նոր ԱԷԿ-ի կառուցումը՝ անկախ հզորությունից, նախագծումից մինչև շահագործման հանձնում, տևում է անվազն 10 տարի։ Նմանատիպ բարդ ներդրումային ծրագրերն ունեն հսկայական ռիսկեր և ժամանակացույցից միշտ ետ են մնում։ Առավել մանրամասն տեղեկատվության կարիք ունեցողներին խորհուրդ եմ տալիս դիտել Ֆլամանվիլ (Ֆրանսիա) և Օլկիլուտօ-3 (Ֆինլանդիա) ԱԷԿ-ների կառուցման ժամանակացույցի ուշացումները՝ 17 տարի՝ 5 տարվա փոխարեն՝ Ֆրանսիայի դեպքում, և 16 տարի՝ 5 տարվա փոխարեն՝ Ֆինլանդիայում։ Խնդրում եմ հաշվի առնեք, որ Ֆրանսիան աշխարհում համարվում է միջուկային էներգետիկայի հսկայական փորձով առաջատար։ Կապալառուները փորձառու և աշխարհահռչակ EDF և Areva ընկերություններն են։

«ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի» նախագծի իրականացման ժամանակացույցի 1․3 կետում նշված է հետևյալը․ «Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի 2026-2036թթ․ երկարաձգման աշխատանքների իրականացում»։ Սա ակնհայտորեն հակասում է ռազմավարության նախագծի այն դրույթին, որ շահագործման ժամկետը կերկարաձգվի միայն այն դեպքում, եթե հիմնավորվի գործող ԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը 2026թ․-ից հետո։ Այստեղ հարկավոր է բացարձակ հստակություն, և պետք է նշել շահագործման հերթական երկարաձգման ժամկետը։

 Մտավոր հետամնացության դրսևորում No. 3։

Ըստ «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թթ․-ի զարգացման պլանի»՝ նոր ԱԷԿ-ը չի հանդիսանում նվազագույն ծախսերով էլեկտրամատակարարման դիտարկված սցենարների մաս։ Դա գուցե և այդպես է, բայց թույլ է տրվել կատաստրոֆիկ երկու սխալ։

Առաջին՝ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների հնարավոր տարբերակները չեն ներառում շուկայում լայն տարածում ստացած բազամաթիվ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ռուսական և չինական CNP մոդելները և կանադական  CANDU տարբերակը։ Երկրորդ՝ մեծ շեշտ է դրված փոքր մոդուլյար բլոկների վրա, որոնք դեռ լավ փորձարկված տեխնոլոգիաներ չեն և բավականին թանկ են։ Այդ իսկ պատճառով, ուսումնասիրության սցենարները պետք է վերանայվեն։ Բացակայում են նաև ատոմային էներգետիկայի այլ օգուտները, որոնք հնարավոր է գնահատել և հաշվի առնել յուրաքանչյուր սցենարի բերված/դիսկոնտավորված ծախսերը հաշվարկելիս։ Թուրքիան ներկայումս Պակիստանի հետ ակտիվորեն քննարկում է միջուկային զենքին վերաբերող տարբեր թեմաներ, իսկ մենք չենք ուզում օգտագործել մեր առջև բացվող հնարավորությունները, եթե մենք շարունակենք միջուկային էներգետիկայի զարգացումը։ Փակագծերը չբացեմ։ Ռուսները լավ խոսք ունեն՝ «Всё объясняют только дуракам»:

Մտավոր հետամնացության դրսևորում No. 4:

Ինչպե՞ս է ֆինանսավորվելու նոր ԱԷԿ-ը, եթե ըստ ռազմավարական փաստաթղթի՝ այն արժենալու է առնվազն 6 մլրդ ԱՄՆ դոլար։ Սա հնարավոր չէ ֆինանսավորել պետական երաշխիքներով վարկերի և պետական բյուջեի հաշվին։ Պարզապես նշել, թե կդիտարկվեն մասնավոր ներդրումների ներգրավման տարբերակներ, նույնպես բավարար չէ։ Նույնիսկ մասնավոր ներդրումների պարագայում անհրաժեշտ են պետական երաշխիքներ։ Եթե չկան էլեկտրաէներգիայի ամբողջական ծավալի երաշխիքներ, ապա էլեկտրաէներգետիկ նոր հզորությունների մեջ ոչ ոք ներդրում չի անում։ Դա գործում է գրեթե ամբողջ աշխարհում՝ բացառությամբ, այսպես կոչված, «merchant» կայանների։ Մասնավոր ներդրողներին տրամադրվող երաշխիքները նույնպես հաշվարկվում են պետական պարտքի մեջ։ Եթե առաջարկվում են այլ լուծումներ, խնդրում ենք հստակեցնել։

Ներկայումս ռազմավարության այդ բաժինը նման է բաժակաճառի։ Եթե ենթադրենք, որ նոր ԱԷԿ-ի ծրագրի իրականացման աշխատանքները սկսվելու են հենց վաղը, որպեսզի այն հնարավոր լինի հանձնել շահագործման 2028-ին (ինչը գրեթե անհնար է), ապա ի՞նչ միջոցների հաշվին է դա իրականացվելու։ Եթե, ենթադրենք, որ ՀՀ գումարային պետբյուջեն հաջորդ 6 տարվա ընթացքում դժվար թե գերազանցի 20 մլրդ ԱՄՆ դոլարը, իսկ լրացուցիչ պետական պարտքի հնարավորությունները սահմանափակ են՝ մոտ 5 մլրդ ԱՄՆ դոլար, եթե լինի առնվազն 5-6 տոկոս տարեկան տնտեսական աճ, ապա որտեղի՞ց է գոյանալու այդ 6 մլրդ գումարը։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ ամբողջ պետական պարտքը և պետական բյուջեի զգալի մասն ուղղվելու է այս ծրագրի՞ն։ Նորից եմ կրկնում՝ մասնավոր ներդրողները նույնպես պահանջելու են պետական երաշխիքներ, ինչը պետական պարտք է։

 Մտավոր հետամնացության դրսևորում No. 5։

Ո՞ր պետական մարմինն է պատասխանատու լինելու նոր ԱԷԿ-ի ծրագրի իրականացման համար՝ հաշվի առնելով, որ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերացվեց, և այն դարձել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մաս, որտեղ ներկայումս էներգետիկայի պատասխանատուն ընդամենը մեկ փոխնախարար է։

Ես ամենևին էլ ուռճացված պետական ապարատի կողմնակից չեմ, բայց ամեն ինչ չափում են արդյունքներով։ Նախարարության վերացումից հետո էներգետիկայի ոլորտի բոլոր ծրագրերը, ինչպես գրել էի նախորդ հոդվածում, էականորեն հետ են ժամանակացույցից, իսկ որոշները՝ ընդհանրապես տապալվել են։ Նախկինում նմանատիպ խնդիրներ չկային։ Այո, կային ուշացումներ, բայց դրանք համատարած ձախողումների բնույթ չէին կրում։ Եթե որևիցե մեկին թվում է, որ էներգետիկայի ոլորտի համար պատասխանատու ներկայիս նախարարությունը կարող է հաջողությամբ այդ ծրագիրն իրականացնել, ապա դուք չարաչար սխալվում եք։ Նույնիսկ գործող ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման աշխատանքներն արդեն իսկ ժամանակացույցից 2 տարի հետ են։ Դրանք նախատեսվում է ավարտել 2022թ.-ին վերջին, իսկ ժամանակացույցը փոխվել է 2018թ.-ից հետո ոլորտի կառավարման տոտալ ձախողման արդյունքում։

 Մտավոր հետամնացության դրսևորում No. 6:

«ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի» նախագծում չկա ոչ մի բովանդակային խոսք գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի լրանալուց հետո շահագործման դադարեցման և կայանի անվտանգ փակման մասին։ Այդ ծախսերը բավականին շոշափելի են։ Ըստ նախկինում արված որոշ ուսումնասիրությունների՝ դրանք կարող են կազմել մոտ 400 մլն դոլար։ Ի սկզբանե նախատեսված էր ստեղծել այդ գումարի հատուկ պահուստ, և տարեկան մոտ 1 մլն դոլար ներառվում էր ԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Ակնհայտ է, որ մոտ 18-20 մլն ԱՄՆ դոլար գումարը, որը կկուտակվի մինչև 2026թ.-ի վերջը,  հաստատ բավարար չի լինելու այդ լրջագույն կարևորություն ունեցող աշխատանքների կատարման համար, որոնք չափազանց կարևոր են երկրի անվտանգության տեսանկյունից։

Հնարավոր լուծումները կներկայացվեն հաջորդ հոդվածում։

Տեսանյութեր

Լրահոս