2022թ․ էլեկտրաէներգիայի սակագների սպասվող կտրուկ աճի և արևային էլեկտրաէներգետիկայի զարգացման կոռուպցիոն ռիսկերի մասին․ ինչո՞ւ են լռում բոլորը

Կցանկանայի անդրադառնալ երկու կարևոր խնդիրների և հասկանալ ՀՀ Կառավարության դիրքորոշումն այս խնդիրների լուծման վերաբերյալ և առանձին որոշումների ընդունման տրամաբանությունը։ Մասնավորապես, կցանկանայի անդրադառնալ սակագների սպասվող էական բարձրացմանը, ի հավելումն ՀԾԿՀ կողմից 2021 թվականի համար արդեն իսկ հայտարարված բարձրացմանը, և վերականգվող էներգետիկայի ոլորտում տեղի ունեցող անհասկանալի զարգացումներին։

1 Սակագների լրացուցիչ էական բարձրացում 2022 թվականին։

Մինչ բուն թեմային անցնելը կցանկանայի նշել, որ սակագների բարձրացման սոցիալական և տնտեսական մեղմման հարցերը գտնվում են ՀՀ Կառավարության պատասխանատվության ներքո և չեն հանդիսանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործառույթ։ Ի պատիվ ՀԾԿՀ-ի, կուզենայինք նշել, որ վերջինս պատասխանատու կերպով իրականացնում է էլեկտրաէներգիայի սակագների ճշգրտումն ըստ գործող մեթոդաբանության և ժամանակին, ինչը, ընդհանուր առմամբ, դեռ թույլ է տալիս ապահովել ոլորտի ֆինանսական կայունությունը և մատակարարումների հուսալիություն։ Հիմա անդրադառնանք բուն հարցերին։

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՊՓԲԸ (ԲԵՑ) ընկերությունն ունի մի շարք պետական երաշխիքով վարկեր KfW գերմանական զարգացման բանկից, Իրանական ֆինանսական կառույցներից և այլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից, որոնց մայր գումարների մարումները պետք է սկսվեն 2021-2022 թվականներին։ Խոսքը մարումների զգալի գումարների մասին է՝ մոտավորապես 30 միլիոն եվրո։

Պետք է նաև հաշվի առնել, որ ՀՀ դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլար և եվրոյի նկատմամբ կառաջացնի սակագնի լրացուցիչ բարձրացման անհրաժեշտություն, քանի որ և՛ պարտքային բեռի սպասարկումը, և՛ շատ այլ ծախսեր կցված են ԱՄՆ դոլարի փոխարժեքին (օրինակ, գազի գինը մեծ սպառողների համար, ինչպիսիք են ՋԵԿ-երը)։

Բացի այդ, ՀԾԿՀ չի հաստատել «Գազպրոմին» պատկանող Հրազդան-5 ՋԵԿ-ի հիմնանորոգման ծախսերի ներառումը սակագնի մեջ, ինչը թույլ չի տալիս 2021թ․-ին արդյունավետորեն շահագործել Հրազդանի-5 կայանը, և փոխարենը պահանջվելու է 30-40 տոկոսով ավելի անարդյունավետ՝ գազի բարձր ծախսով, և էականորեն ավելի քիչ հուսալի Հրազդան ՋԷԿ-ի հին էներգաբլոկների շահագործում։

Այս բոլոր գործոնների համադրման արդյունքում կարելի է կանխատեսել վերջնական սպառողական սակագնի առնվազն լրացուցիչ 5 դրամ աճ։

Պետք է հաշվի առնել, որ հնարավոր չէ բնակչության սակագինը հավերժ սուբսիդավորել սպառողների այլ խմբերի հաշվին, ինչպես որ դա տեղի է ունենում ներկայումս։ Եթե այդ պրակտիկան շարունակվի, ապա առևտրային և արդյունաբերական սպառողների սակագները պետք է բարձրացվեն 5 դրամից զգալիորեն ավել, ինչը լուրջ տնտեսական հետևանքների կբերի։ Անհասկանալի է, թե ինչ է պատրաստվում ՀՀ գործող Կառավարությունը ձեռնարկել այս բարձրացման սոցիալական և տնտեսական հետևանքները մեղմելու համար։

2 Արևային էլեկտրաէներգետիկայի զարգացման կոռուպցիոն ռիսկերով լի մոտեցում։

Անվերջ խոսվում էր Մասրիկ-1 50 ՄՎտ դրվածքային հզորությամբ էլեկտրակայանի կառուցման մասին։ Այս ծրագիրը բավականին արագ տեմպերով իրականացվում էր 2016-2018թթ․-ին՝ միջազգային ներդրողների հետ համագործակցությամբ և Համաշխարհային բանկի (ՀԲ) օժանդակությամբ։ Վերջին երկու տարիներին այն, կարծես թե, կանգ է առել։ Ինչո՞ւ են այդ լավագույն միջազգային փորձին համապատասխան միջազգային մրցույթով ընտրված ներդրողի աշխատանքները դադարեցվել։ Սա օրինակելի ծրագիր էր, որի փորձը պետք է օգտագործվեր այլ վերականգնվող էներգետիկ հզորությունների կառուցման համար։ Էլեկտրաէներգիայի սակագինը պետք է կազմեր 4,19 ցենտ/կՎտժ։

Այդ ծրագիրը չավարտած, ինչո՞ւ ներկայիս Կառավարությունն առանց մրցույթի պայմանագիր ստորագրեց Masdar Clean Energy (ՄԱԷ) ընկերության հետ 2,9 ցենտ/կՎտժ սակագնով մոտ 200-300 Մվտ արևային կայանի կառուցման համար։ Ինչո՞ւ չարվեց մրցույթ։ Այն փաստը, որ սակագինը ավելի ցածր է, քան Մասրիկ-1-ի համար մրցույթով ձեռք բերվածը, չի կարող հիմնավորում հանդիսանալ, քանի որ Մասրիկ-1 մրցույթն ավարտվել էր 2017թ․-ին։ Դրանից հետո արևային պանելների և դրա հետ կապ ունեցող սարքավորումների գները համաշխարհային շուկայում էականորեն նվազել են՝ մոտ 30 տոկոս։ Եթե լիներ մրցույթ, ապա կարող էր լինել ավելի ցածր սակագին, քան այն, ինչ խոստացվել է Masdar Clean Energy-ի կողմից։

Երբ Կառավարությունը գիտակցեց, որ դա այնքան էլ լավ ուղի չէ, հայտարարվեց մրցույթ, որի արդյունքները ներկայումս ամփոփվում են, և պայման դրվեց Masdar Clean Energy ընկերության առջև, որ, եթե ինչ-որ մեկն առաջարկի 2,9 ցենտից ցածր սակագին, ապա պայմանագիրը կշնորհվի այդ այլ ընկերությանը։ Սա պարզապես փորձ է՝ արդարացնել ուղղակի մեկ ընկերության հետ բանակցված պայմանագիրը, քանի որ բոլորին հայտնի է, ներառյալ՝ շատ կասկածելի գործունեությամբ զբաղվող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ANIF) ՓԲԸ-ին, որին Masdar Clean Energy ընկերության հետ գործարք կնքելու համար միջնորդել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը։ Սա նմանատիպ ծրագրերի իրականացման խայտառակ անընդունելի և կոռուպցիոն ռիսկերով լի պրակտիկա է՝ հաշվի առնելով՝ այս ներդրողին պետք է տրվեն պետական երաշխիքներ, որոնք կարող են ունենալ ֆինանսական հետևանքներ։

Եթե կան անհամաձայնություններ՝ փաստացի տվյալների, վերլուծության և այլ առումներով, ոլորտի պատասխանատուներին խնդրում ենք հստակ և փաստերով արձագանքել մասնագիտական մակարդակում։

Վերջում կցանկանայի շեշտել, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ ոլորտը՝ համեմատած նախորդ ԽՍՀՄ և ամբողջ Արևելյան Եվրոպայի երկրների հետ, հանդիսանում է շատ արդյունավետ, կանխատեսելի և կայացած կարգավորման դաշտ ունեցող, և ֆինանսապես քիչ թե շատ կայուն ոլորտ։

ՀՀ էներգետիկան հսկայական ձեռքբերումներ է արձանագրել 1998-2016 թվականներին կատարված արմատական և լուրջ բարեփոխումների արդյունքում։ Դա փաստում են նաև ոլորտում առկա մասնավոր մեծածավալ ներդրումները և բազմաթիվ միջազգային կառույցներ, որոնք բարձր են գնահատում այդ տարիների ձեռքբերումները։ Դա անժխտելի ճշմարտություն է, և այդ ամենը համացանցում (իհարկե, լուրջ և հեղինակավոր աղբյուրներում, այլ ոչ թե ֆեյսբուքյան բամբասանքներում) հանրամատչելի է բոլորի համար։ Հուսանք, որ այս բոլոր ձեռքբերումները ոլորտի կառավարման ներկայիս խայտառակ անկարողության արդյունքում ամբողջովին չեն տապալվի։

Տեսանյութեր

Լրահոս