Բաժիններ՝

Անձրև բերողը… Չինական առած

Չինական մի նահագնում 4 ամիս անձրև չէր գալիս: Փչանում էր բերքը, մարդկանց սով էր սպառնում: 3 գյուղերի բնակիչներ հավաքեցին իրենց վերջին փողերը ու որոշեցին ուրիշ նահանգից կախարդ հրավիրել, անձրև բերող կախարդ:

Վերջինս մի տնակ խնդրեց գյուղի ծայրում ու օրական մի բաժակ բրինձ, իսկ բնակիչներից որևէ մեկի հետ խոսել կտրականապես հրաժարվեց, չնայած մարդիկ շատ էին խնդրում ընդունելություն:

Գյուղի ավագն ասաց.

– Հանգիստ թողեք նրան, հիմա անձրև բերողին կենտրոնանալ է պետք:

Երրորդ օրն անձրև եկավ: Ծերուկը վերցրեց իր փողերը, որը տեղի չափանիշերով շատ մեծ կարողություն էր, ու պատրաստվեց վերադառնալ իր գյուղ, որն այդտեղից բավականին հեռու էր գտնվում:

Գյուղի ավագը կրկին այդ կախարդին փոխանցեց գյուղացիների` նրա հետ հանդիպելու խնդրանքը:
Այս անգամ կախարդը համաձայնեց նրանց մի փոքր ժամանակ հատկացնել:

– Պատմեք, խնդրում ենք, ինչպե՞ս  դուք անձրև բերեցիք,- ծերունուն հարցրին մարդիկ,- հավանաբար ինչ-որ հատուկ ծե՞ս կա: Այն ձեզ ժառանգաբա՞ր է փոխանցվել:

– Դուք գժվել ե՞ք,- զարմացավ ծերունին,- ե՞ս եմ անձրև կանչել: Ես, ի՞նչ է, կախա՞րդ եմ: Մի՞թե դուք կարող էիք մտածել, որ ես իմ ոչինչ էությամբ կարող եմ կառավարել հզոր տարերքները:

– Բայց այդ դեպքում դուք այդ ի՞նչ արեցիք,- շփոթված հարցրին մարդիկ,- չէ՞ որ անձրև է գալիս:

– Ոչ ոք ոչինչ փոխել չի կարող,- ուսուցանող կերպով մատը վեր բարձրացնելով` ասաց ծերունին,- սակայն յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն կառավարել: Առանց ավելորդ համեստության` ասեմ, որ ես այդ արվեստի մեջ որոշ բարձունքների եմ հասել:

Եվ ահա ես եկել եմ այստեղ ճիշտ, ներդաշնակ հոգեկան վիճակում ու տեսել, որ այստեղ ամեն ինչ սխալ է: Խաթարված է իրերի կարգուկանոնը, փչանում է բերքը, մարդիկ հուսահատության մեջ են: Ես դա չեմ կարող փոխել: Միակ բանը, որը ես կարող եմ անել, ինձ փոխելն է, այսինքն` ոչ ճիշտ դառնալը, այն ամենին միանալը, ինչն այստեղ է տեղի ունենում: Հենց դա էլ ես արեցի:

– Այո, իսկ հետո ՞: Անձրևն ինչպե՞ս եկավ:

– Հետո ես, բնականաբար, աշխատեցի ինձ վրա` ինձ վերադարձնելով ու բերելով ճիշտ վիճակին: Բայց քանի որ ես այստեղ եղած ամեն ինչի հետ միասնական էի, ապա դա էլ ինձ հետ միասին աստիճանաբար, որոշ իներցիայով, բայց վերադարձավ դեպի ճիշտ ճանապարհ:

Իսկ այս հողի համար ճիշտն այս պահին նրա ոռոգումն էր: Ահա այդ պատճառով էլ անձրև եկավ, ոչ թե՝ որովհետև ես անձրև կանչեցի…
– Բայց եթե ամեն ինչ այդքան պարզ էր ու հեշտ, ինչո՞ւ դուք դրա համար այդքան մեծ գումար պահանջեցիք,- հարցրեց ունկնդիրներից մեկը ու ավելացրեց,- գյուղացիները ստիպված եղան իրենց վերջին շապիկը վաճառել ձեզ վճարելու համար:

– Որովհետև ես արդեն ծեր և անուժ մարդ եմ, իսկ երբ միանում եմ աններդաշնակությանը, ես ինձ նույնքան վատ եմ զգում, որքան իմ շուրջը եղած բոլոր մարդիկ: Ինքնակամ ճիշտ վիճակից սխալ վիճակին անցնելը շատ թանկ արժե,- ասաց անձրև բերողն ու նշան արեց, որ ընդունելությունն ավարտված է:

Թարգմանեց 168.am–ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս