Եթե մեր ԱԱԾ-ն իսկապես ազգային է, ապա պետք է պարզի, որպեսզի մենք փրկվենք. Տեր Շահե քահանա Հայրապետյան

Հունվարի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը. այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Սուրբ Պատարագ, որը խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը:

2021 թվականին նշվող Սուրբ Ծննդյան տոնը, սակայն, հայերիս համար տարբերվում է նախորդող տասնամյակներից, որովհետև պատերազմում կրել ենք պարտություն, ունենք 5000 զոհ, տասնյակ հազարի հասնող վիրավորներ, անհետ կորածներ և գերեվարվածներ, որոնց թիվը պատերազմի ավարտից մոտ երկու ամիս անց էլ պատկան կառույցները չեն հրապարակում՝ այն համարելով պետական գաղտնիք։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, Տեր Շահե քահանա Հայրապետյանը նշեց, որ մենք հասել ենք 2021 թվական տիրոջ ողորմածությամբ և հենց այդ ողորմածությամբ է, որ կարողանում ենք 2021-րդ անգամ մեկս մյուսին ավետիս տալ։

«Իսկ մի՞թե Աստծո ողորմածությունը չէ սա, չէ՞որ բազում ավելի հին ազգեր կորցրել են անգամ իրենց լեզուն, իրենց աշխարհագրական տարածքները։ Սրանով հանդերձ, մենք մտածելու առիթ ունենք այս պատերազմից հետո, որովհետև այն, ինչ կատարվում էր մեզ հետ, պետք է վերարժևորենք»,- ասաց քահանան։

Նրա խոսքով՝ պետք է վերարժևորենք նաև Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքը։

«Վերջին տարիներին սկսեց եկեղեցին հալածվել, և այս ամենը պետք է մեզ առիթ տար մտածելու, որովհետև եթե մենք այնքան տուրք ենք տվել, որ օտարն այսքան մտնի մեր մեջ, այդ դեպքում հող պահելը, հող տալն իրենց համար ոչինչ է դառնում։ Օտարը մեր մեջ է, ու դա է նաև մեր պարտության պատճառը, որովհետև մենք սկսեցինք զարգացնել գաղափարախոսություններ, որոնք դեմ են մեր ընտանիքին, մեր բարոյականությանը, մեր հոգևորին, մեր կրթությանը։ Մեր գենոֆոնդն այդ օտարը փոխում է»,- ասաց Տեր Շահե քահանան՝ նշելով, որ Խորհրդային Միության փլուզումից հետո պետություններին տրվեցին վարկեր, փողեր՝ խղճի ազատության, համասեռամոլության քարոզի, տարատեսակ այլ ազատությունների դիմաց, ու այստեղ խնդիրը հետևյալն է՝ տվյալ երկրի ղեկավարը ո՞ր տարբերակն է ընտրում։

«Ղեկավարը պետք է ընտրի՝ դժվարությամբ վերականգնել ազգային արժեքներն ու գնալ ազգային պետականության կերտման հետևի՞ց, թե՞ տուրք տալով համաշխարհային ճնշմանը՝ գնա սեփական ժողովրդին ոչնչացնելու, բարոյականությունն ու մշակույթը»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ ՀՀ ղեկավարները, մասնավորապես, վերջին 2.5 տարվա իշխանությունները, որո՞նք ընտրեցին՝ Տեր Շահեն պատասխանեց. «Այն, ինչ ունենք այսօր, շատ տխուր ընտրություն է։ Ես դատավոր չեմ, բայց ասում են՝ ծառը ճանաչիր իր պտղից, հիմա պտուղը շատ տարօրինակ է, նույնիսկ՝ անպտուղ»: Նա շեշտեց, որ այստեղ պետության արժեքները պաշտպանողը մնում է ժողովուրդը, իհարկե, եթե ունենա այդքան ինքնագիտակցություն։

«Չպետք է մտածի, թե ինչ-որ կտոր հող կորավ, գնամ կամ չգնամ հրապարակ. չէ՛, ժողովուրդ ջան, քո հոգին, քո սրբությունը կորավ, այսքան երիտասարդներ բաժանվեցին մեզանից, պտղաբերություն չեղավ, հազարավոր աղջիկներ մնացին առանց ամուսնության. սրանց մասին պետք է մտածել»,- ասաց Տեր Շահեն։

Թե ինչո՞ւ մի ողջ ժողովուրդ այդ գիտակցությամբ չի առաջնորդվում, ավելին՝ հասարակության մեջ կան շերտեր, որոնք շատ հանգիստ են վերաբերվում՝ ինչպես Արցախի մեծ մասի կորստին, այնպես էլ՝ Հայաստանի սահմանների կորստին, Տեր Շահե քահանան պատասխանեց.

«Մեր միջի օտարն են այդ մարդիկ, որոնք, իհարկե, անտարբեր էլ պետք է լինեին։ Երբ նայում եմ այդ մարդկանց, տեսնում եմ, որ որևէ կապ չունեն այս ամենի հետ, այս աղետը իրենց հետ չի պատահել, իրենց համար գուցե կա այլ հայրենիք, կամ այստեղից այդ այլ հայրենիքն են կերտում և Հուդայի անապատները դառնում են դրախտ, հետևաբար՝ եթե մեր Ազգային անվտանգության ծառայություն կոչվածն իսկապես ազգային է, ապա պետք է պարզի այս ամենը, որ մենք փրկվենք մեր միջի վիշապից»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս