«Ա՛յ, սա ողբերգություն է, սա այն է, ինչը մեզ կտանի դեպի կործանում». Կարինե Նալչաջյան

«Ի՞նչ տոնի մասին է խոսքը, երբ Նոր տարուց մեկ-երկու օր անց նորից լսում ենք չարագուշակ լուրեր: Թերևս, սպասելի են այդ չարագուշակ լուրերը՝ մեր հայրենիքը մաս-մաս բզկտվում է մեր աչքի առաջ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նա ընդգծեց՝ այս պահին շատ կարևոր է ժողովրդի զգայունակությունը բարձրացնել. «Եթե Երևանում մենք դեռ ինչ-որ չափով հանգիստ նստած ենք, դա դեռ չի նշանակում, որ Երևանը հանգիստ է լինելու: Իմանալով մեր թշնամիներին, նրանց ախորժակը, հեռանկարները, իղձերը՝ մենք չենք կարող ասել՝ դե լավ, Արցախն էր, հիմա էլ Սյունիքն է, դե լավ, մի երկու գյուղ է, էլի: Սա բարոյականությանը խորքով դեմ դիրքորոշում է, որն անպատիժ չի մնում»:

Հոգեբանի խոսքով՝ հասարակության գիտակից հատվածը խորապես անհանգիստ է և հասկանում է, որ մեծագույն աղետը չի մնում անցյալ տարվա մեջ.

«Մարդիկ մի տեսակ անտեր լինելու զգացողություն ունեն: Պետությունը հենարան է, պատվարի նման մի բան է, վերջին հաշվով, նորմալ երկրում քաղաքացին բացարձակապես քաղաքականությամբ չպետք է քնի և արթնանա, իր առօրյա կյանքով պետք է ապրի, ունենա վստահելի իշխանություններ, և եթե նույնիսկ խնդրահարույց իրավիճակներ են առաջանում, ինքը պետք է հոգեպես հանգիստ լինի, որ իր իշխանությունը հարցերը կլուծի: Բայց, ցավոք սրտի, այսօր գնալով աչքի առաջ ավելի մեծաքանակ են դառնում այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ մենք մի տեսակ անտերության ենք մատնված, այսինքն՝ գյուղացին պետք է իր գյուղը պահի, այս քաղաքի բնակիչը՝ իր քաղաքը պահի, սա անհեթեթ իրավիճակ է, և մարդիկ սա հասկանում են:

Բայց, ցավոք, բոլորը չէ, որ հասկանում են, մարդկանց մի նկատելի շերտ կա, որ իներցիայով են ապրում, իրենք դեռ այդ հեղափոխության իներցիայից, որտեղ իրենք իրենց կարևոր են զգացել, դուրս չեն եկել: Իրենք, ըստ էության, խաղալիք են եղել՝ շատ հզոր ուժերի խաղալիքի ձեռքին, եղել են մարիոնետային իշխանության խաղալիք, բայց իրենց այդ վիճակը դուր է եկել, այդ վիճակի մեջ ինքնահաստատվել են և հիմա պարզագույն ճշմարտությունները չեն ուզում տեսնել»:

Կարինե Նալչաջյանն ընդգծեց՝ թշնամին սկզբից ևեթ հոգեբանորեն շատ ճշգրիտ է աշխատել մեզ մետ.

«Հիմա նույնպես այդ աշխատանքը կա, թշնամական քարոզչությունը լավ աշխատում է: Վերջին շրջանում փորձում եմ նայել, թե ինչ կարծրատիպեր են նետվում, որ մարդկանց համար հարմար է դրանց հավատալ: Ասում են՝ բա Փաշինյանը չլինի՝ ո՞վ լինի: Երբ խորամուխ ես լինում, տեսնում ես՝ այսքան արհավիրք ու կործանում, և մարդիկ մտածում են, որ սրանից ավելի վատ կարո՞ղ է լինել: Սրանից ավելի վատ կամ նույնքան վատ կարող է լինել, եթե նույն ուժերի դրածոն մնա, բայց մարդիկ այս քարացած կարծրատիպով են առաջնորդվում: Այս արհավիրքից հետո ապրել այդ կարծրատիպով՝ նշանակում է՝ փակ աչքերով գնալ դեպի կործանում: Մյուս կարծրատիպը՝ ասում են՝ մարդիկ դուրս են գալիս փողոց՝ աթոռակռվի: Մարդիկ աթոռակռվից հոգնած են, որովհետև իրենց կարծիքով՝ հեղափոխությունը աթոռակռիվ էր, աթոռակռիվը վատ բան է, չեն ուզում մասնակցել, ասում են՝ ով էլ գա՝ նույնն է լինելու: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ մեր ազգի լավագույն տարրերը պետք է հավաքվեն, կարող ուժեր մենք շատ ունենք»:

Դիտարկմանը՝ կարող ուժերը հավաքվել են, և նրանց անվանում են՝ էլիտար բունտ անողներ, նա արձագանքեց.

«Ես ինքս իմ քաղաքացիական պարտքն եմ համարում մասնակցել հանրահավաքներին: Ուղղակի ես իմ պարտքն եմ համարում, որ հրապարակում գոնե մեկ մարդ ավել լինի, որովհետև այսօր իսկապես աթոռակռիվ չէ: Որպեսզի աթոռակռիվ լինի, այդ աթոռները պետք է գոյություն ունենան, հիմա այս կռիվն այդ աթոռների գոյության կռիվն է, այսինքն՝ պետության գոյության կռիվն է: Մենք պետություն ենք կորցնում: Ստերեոտիպ՝ աթոռակռիվ է, մարդն էլ նստում է տանը, ասում է՝ ոչ, լսում է զոհերի, գերիների մասին, մի հատ լաց է լինում, իրեն թվում է՝ իր քաղաքացիական պարտքը կատարեց, բայց ոչ, չկատարեց: Շատերը հիմա մեղքի զգացում ունեն, խաբված լինելու մեղքի զգացում ունեն, հիմա այդ մարդիկ եթե ուզում են մեղքից իրենց մաքրել, իրենց սխալը ջնջել, իրենք ինքնամաքրվելու ճանապարհ և ելք ունեն՝ պետք է կանգնեն պետությունը փրկող ուժերի կողքին»:

Հոգեբանի խոսքով՝ նույնիսկ հայրենիք կորցնելու, գերիներ, զոհեր ունենալու դեպքում մարդկային դիրքորոշումներն իներտ են, և պետք է տեխնոլոգիաներ կիրառել.

«Չմտածեք, թե այդ տեխնոլոգիաները միշտ սև են. դու կարող ես ճշգրիտ հոգեբանական ազդեցություններ օգտագործել՝ բարի նպատակներով, իսկ երկրի փրկությունը բարի նպատակ է: Եթե ոչ, ապա մեր զոհերը կկրկնապատկվեն, ես չեմ ուզում չարագուշակ բաներ ասել, բայց մենք պետք է ռեալ նայենք՝ որտեղ ենք ապրում, ինչ վերաբերմունք կա մեր նկատմամբ: Թուրքին պետք է, որպեսզի Հայաստանը, հայերը գոյություն չունենան: Գիտե՞ք՝ ես նկատել եմ, որ մարդիկ ասում են՝ եթե այսպես շարունակվի, ընդամենը Թուրքիայի մի վիլայեթ կդառնանք, մարդիկ մտածում են՝ դե, հիմա դառնում ենք՝ դառնանք, բայց չեն հասկանում, որ եթե Թուրքիայի վիլայեթ դառնան, իրենց ոչնչացնելու են, իրենք վերանալու են: Այս ամենը մատչելի ձևով, ճշգրիտ աշխատանքով պետք է բացատրել, այդ բարի գործը պետք է անել»:

Նա վերջին հանրահավաքներից մեկից մի դրվագ հիշեց. «Մտավորական Գեղամ Նազարյանն էր հարթակից խոսում, որի զավակը անհետ կորած է, պատկերացրեք  մարդու վիշտը, որը, սակայն, սթափ ուղեղով վերլուծություն է կատարում: Մոտ 50-ն անց մի կին՝ արդեն Նոր տարվա առևտուրը ձեռքին, անցնում էր, շրջվեց, ասաց՝ «խուժանի մեկը»: Հասկանո՞ւմ եք՝ նա չգիտի՝ ով է խոսում, ինչ ցավ կա այդ մարդու մեջ: Այ, սա ողբերգություն է, սա այն է, ինչը մեզ կտանի դեպի կործանում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս