Բաժիններ՝

Երասխավանի մոտակայքում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման փաստով հարուցված քրգործը վերաորակվել է ավելի ծանր պատիժ նախատեսող հոդվածով

Ռուս ռազմական քննիչները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման առնչությամբ հարուցված քրեական գործը վերաորակվել առավել ծանր հոդվածի շրջանակներում (կանխամտածված սպանություն): Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին:

«Քրեական գործը, որը սկզբնապես հարուցվել էր ՌԴ ՔՕ 351-րդ հոդվածի (չվերթների կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան) համաձայն, վերաորակվել է առավել ծանր հոդվածի՝ 105-րդ հոդված մաս 2 (երկու կամ ավելի անձանց կանխամտածված սպանություն)»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս մասնավորեցրել է, որ եթե առաջին հոդվածի պարագայում նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում, ապա երկրորդով՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Աղբյուրն ընդգծել է, որ տվյալ որոշումն ընդունվել է գործի շրջանակներում իրականացված քննչական օպերատիվ գործողությունների արդյունքում:

«Չնայած հանցագործության ակնհայտությանը՝ քննիչները պետք է սկզբում գործ հարուցեին այն հոդվածով, որով սովորաբար հետաքննվում են նման միջադեպերը, այնուհետև նոր նյութեր հավաքեին գործի առավել հստակ դասակարգման համար, ինչն էլ արվել է»,- հավելել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս դժվարացել է նշել, թե որքան կտևի գործի քննությունը: Նրա խոսքով՝ գործի քննությունը վարում են Գյումրիի ռուսական բազայում գտնվող ռազմական քննիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս