Մտնում ենք թանկացումների նոր փուլ

Լայն սպառման ապրանքները Հայաստանում սկսել են համատարած թանկանալ։ Թե դա ինչի հետ է կապվում, դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ՝ արձանագրենք մեկ այլ կարևոր հանգամանք. թանկացումները տեղի են ունենում սպառողների եկամուտների նվազման պայմաններում։

Մարդիկ օրեցօր կորցնում են իրենց եկամուտները, և դա ուղեկցվում է գների համատարած բարձրացմամբ։ Սա նշանակում է, որ մտնում ենք  սոցիալական լարվածության նոր փուլ։

Սոցիալական լարվածությունը կշարունակի խորանալ հաջորդ տարի։ Ստիպված ենք խոստովանել, որ դրա համար ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները։

Տնտեսական զարգացումները Հայաստանում այնպիսին են, որ թույլ չեն տալիս խոսել սոցիալական իրավիճակի բարելավման մասին։ Այս տարվա բավական լուրջ անկումից հետո անգամ հաջորդ տարվա տնտեսական աճի սպասումները չափազանց համեստ են։ Վերջին կանխատեսումներով՝ տնտեսական աճը 2021թ. կարող է լինել 3 տոկոսի սահմաններում։ Թեև դա ևս կասկածելի է։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեսության մեջ, դրական սպասումների քիչ հույսեր է տալիս։ Ապագայի նկատմամբ անորոշությունները տնտեսական զարգացումները մղել են հետին պլան։

Հաջորդ տարի, եթե նույնիսկ հաջողվի ապահովել կանխատեսվող 3,2 տոկոս տնտեսական աճը, դա մեզ մեծ բան չի տալու։ Չենք հասնելու անգամ 2019թ. մակարդակին։

Այդպիսի զարգացումների պարագայում Հայաստանի ՀՆԱ-ն ավելի քիչ կլինի, քան ունեցել ենք 2, գուցե նաև 3 տարի առաջ։ Դրա հետևանքներից սոցիալական ոլորտում անհնարին է լինելու խուսափել։ Առնվազն մի քանի տարի է պետք լինելու՝ կորցրածը վերականգնելու համար։

Այլևս հայտնի է, որ հաջորդ տարի կառավարությունը սոցիալական ոլորտում ծախսերի ավելացում չի նախատեսումը։ Խոսքը, մասնավորապես, այն ծախսերի մասին է, որոնք առնչվում են հատկապես հասարակության անապահով հատվածին։

Չի սպասվում կենսաթոշակների ու նպաստների բարձրացում։ Այսինքն՝ այդ խմբերում ընդգրկված հարյուր-հազարավոր քաղաքացիներ կշարունակեն ավելի վատ ապրել, քան ապրում էին մինչ այդ։

Այնպես չէ, որ մյուսների դեպքում ավելի լավ է լինելու։ Տնտեսական ցածր ակտիվությունը ոչ մի կերպ չի նպաստում հասարակության նույնիսկ աշխատող հատվածի եկամուտների ավելացմանը։ Նրանք ևս ստիպված են լինելու առերեսվել սոցիալական իրավիճակի վատացման հետ։

Այսօր արդեն դա ակնհայտ է։ Մի կողմից՝ տեղի է ունենում լայն սպառման ապրանքների գների համատարած բարձրացում, մյուս կողմից՝ կրճատվել ու կրճատվում են մարդկանց եկամուտները։

Որքան էլ Կենտրոնական բանկը հայտարարի, որ Հայաստանում գնաճի հետ կապված խնդիրներ չկան, առկա է գնաճի ցածր մակարդակ, նույնիսկ ավելի ցածր, քան նպատակային ցուցանիշն է, միևնույն է, դրանից սպառողների կյանքում բան չի փոխվում։ Նրանք ամեն օր առնչվում են թանկացումների հետ, որոնք ընդգրկում են հատկապես առաջին կարևորության ապրանքային շուկաները։ Ու դրանց ազդեցությունը շատ ու շատ ավելի մեծ է, քան այն չնչին գնաճը, որը պաշտոնապես արձանագրվում է Հայաստանում։

Նախկինում մատի փաթաթան դարձրած այս երևույթին հիմա կառավարության ղեկավարը շան տեղ չի դնում։

Վերջին շրջանում թանկացել են բազմաթիվ ապրանքներ՝ կաթնամթերքը, ալյուրը, հացամթերքները, ձուն, շաքարավազը, ձեթը, կարագը, ոչ պարենային ապրանքներից՝ բենզինը, գազը և այլն։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Թեև դրանից երևույթի էությունը չի փոխվում։ Թանկացել են բազմաթիվ ապրանքներ՝ հարվածելով սպառողների գրպանի պարունակությանը։

Թանկացումները կապվում են տարբեր գործոնների հետ, որոնցից մեկն էլ դրամի արժեզրկումն է։ Տնտեսության մեջ ու հասարակական կյանքում ձևավորված անորոշությունները մեծացրել են ճնշումն ազգային արժույթի վրա։ Չնայած դրամը կայունացնելու Կենտրոնական բանկի փորձերին, այն շարունակում է շատ ավելի բարձր դիրքում մնալ, քան կար 2 ամիս առաջ։

Դրամի արժեզրկումը ներմուծվող ապրանքների թանկացման պատճառ է դարձել։ Այդ թանկացման ազդեցությունն իրենց վրա կրում են սպառողները։ Հիմա նրանք ստիպված են բազմաթիվ ապրանքների ձեռքբերման դիմաց շատ ավելին վճարել, քան վճարում էին 1-2 ամիս առաջ։

Հասարակության եկամուտների կրճատման պայմաններում՝ գների նկատվող համատարած բարձրացումը խորացնում է սոցիալական լարվածությունը, որն առանց այդ էլ լարված էր։ Բազմաթիվ գործոնների հետևանքով՝ տարեսկզբից ականատես ենք լինում այդ երևույթին։ Բայց վերջին ամիսներին ահագնացումն էլ ավելի է ակտիվացել։

Այս իրավիճակը տանում է հասարակության աղքատացման։ Աղքատության մակարդակը Հայաստանում նախկինում էլ ցածր չէր, սպասվում է, որ առաջիկայում ավելի կխորանա։

Վերջին տվյալներով, որոնք վերաբերում են անցած տարվան, բնակչության առնվազն յուրաքանչյուր չորրորդն աղքատ է։ 2019թ. Հայաստանում աղքատ է եղել ավելի քան 772 հազար մարդ։ Նրանք կազմել են բնակչության 26,4 տոկոսը։ Ծայրահեղ աղքատները գերազանցում են 40 հազարը։

Ոչ մի հույս չկա, որ առաջիկայում այս մարդիկ ավելի լավ են ապրելու։ Ընդհակառակը՝ սպասվում է, որ նրանց թիվը մի բան էլ ավելանալու է։ Երկրի տնտեսական իրավիճակը աղքատության կրճատման օգտին չէ։ Դեռ պետք է սպասել նաև գործազրկության ավելացման։ Թեև այս տարի գործազրկությունը մեր երկրում արդեն հասցրել է խորանալ։

Վերջին տվյալներով՝ Հայաստանի բնակչության 17-18 տոկոսն աշխատանք չունի։ Խոսքն առնվազն 220 հազար մարդու մասին է։ Ու այս մարդիկ ամեն օր բախվում են նոր թանկացումների հետ։

Թանկացումների հետևանքները մեղմելու փոխարեն՝ իշխանությունները ձեռքերը լվացել, մի կողմ են քաշվել։ Հայտարարությունները, որ գործ ունենք գների հիմնավորված բարձրացումների հետ, սպառողներին ոչինչ չեն տալիս։ Դրանից սպառողների եկամուտները չեն ավելանում, իսկ ծախսերը չեն պակասում։ Հարկավոր են գործնական քայլեր՝ մարդկանց վրա գների թանկացման ճնշումը թուլացնելու համար։ Հակառակ դեպքում՝ տեղի է ունենալու այն, ինչ տեղի է ունենում։ Չնայած դա իշխանություններին կարծես այնքան էլ չի մտահոգում։

Արցախի հետ կապված խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո՝ հիմա նրանք զբաղված են իրենց քաղաքական անորոշ ապագայի հարցերով։ Իսկ հասարակությունը, որն իր ուսերի վրա իշխանության բերեց այս մարդկանց, ստիպված է դեռ երկար սպասել և հուսալ, որ մի օր իր կյանքը բարելավվելու է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս