«Թուրքիայի և Ադրբեջանի կարևոր նպատակներից մեկը, որը որոշ ժամանակ հետո կսկսեն իրագործել՝ Սյունիքին տիրանալն է». Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի նախագահը դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ ատելություն չունի, խնդիրը Հայաստանի ղեկավարության հետ է։

«Այսօր եղբորս էլ եմ ասել (նկատի ունի Ալիևին), եթե այդ ուղղությամբ դրական քայլեր լինեն, մենք էլ մեր սահմանները կբացենք։ Մեր դռները Հայաստանի դեմ փակելու որևէ խնդիր չունենք։ Հայ ժողովրդի նկատմամբ էլ ատելություն չունենք։ Մեր խնդիրը Հայաստանի ղեկավարության հետ է»,- նշել էր Էրդողանը։

168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը և առհասարակ հայ-թուրքական հարաբերություններին, նկատեց՝ համոզված է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն միայն այն դեպքում, երբ Հայաստանն ընդունի իր առաջ քաշած նախապայմաններն ու պահանջները։

«Եթե Հայաստանն ընդունի Թուրքիայի առաջ քաշած պայմանները, այն է՝ հրաժարվի ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, այլև վերահաստատի ու ընդունի Կարսի պայմանագիրը, նաև ամբողջապես հրաժարվի Արցախից ու Արցախը պաշտպանելուց, այդ ժամանակ միայն Թուրքիան կգնա Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման։ Այս երեք նախապայմանը կամ ավելի շուտ պահանջը՝ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության հիմքում են դրված։ Այս պահանջներից Թուրքիան երբեք չի հրաժարվել, եթե մենք դրանք ընդունենք, գուցե սկսեն մեզ հետ հարաբերությունները շարունակել, եթե չընդունենք, ապա կճնշեն ու կշարունակեն այն քաղաքականությունը, որը հիմա վարում են»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքագետը նաև ընդգծեց՝ որպես պատմաբան՝ չի կարող մոռանալ, որ 1920 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն իր արտգործնախարարին հրաման էր տվել՝ Կարաբեքիր փաշային, որը մտել էր Երևան, որ Հայաստանը մեջտեղից պետք է վերացնի։ Թուրքիայի մոտ նույն մոտեցումը նաև այսօր է։

«Թուրքիայից որևէ լավ, նորմալ բան չեմ սպասում»,- հավելեց նա։

Թե Բաքվում ինչու նման հայտարարություն արեց Էրդողանը, ինչ նպատակ է հետապնդում, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց՝ այդ ամենը թուրքական դիվանագիտության առանձնահատկությունն է։

«Թուրքիան Ադրբեջանի հետ միասին այս փուլում իրենց առջև որոշակի նպատակ էին դրել ու հասան այդ նպատակին, այս փուլում կարևոր են համարում ցույց տալու, որ իրենք խաղաղասեր են, հումանիստ են, և այլն։ Նաև՝ այս փուլում ցանկություն չունեն շարունակելու ռազմական գործողությունները, բայց համոզված եմ, որ որոշ ժամանակ անց կրկին շարունակելու են վարել ագրեսիվ քաղաքականություն։ Կարծում եմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կարևոր նպատակներից մեկը, որը որոշ ժամանակ հետո կսկսեն իրագործել՝ Սյունիքին տիրանալն է, որովհետև պետք է ցամաքային կապ ստեղծեն Նախիջևանի ու Ադրբեջանի միջև։ Ադրբեջանում արդեն իր տարածքների հետ կապված քարտեզ կա, որտեղ ներառված է նաև Սյունիքը՝ մինչև Սևանա լիճ։ Սա է Թուրքիայի այսօրվա «խաղաղասիրության» քարոզի իմաստը»,- շեշտեց նա։

Թուրքագետի խոսքով՝ ապագա բոլոր սպառնալիքներն ու վտանգները հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է խորացնի և սերտ համագործակցի Ռուսաստանի Դաշնության հետ։

Ինչ վերաբերում է Էրդողանի այս հայտարարությանը և Ալիևի՝ Զանգեզուրին, Սևանին ու Երևանին տիրանալու նկրտումների վերաբերյալ հայտարարություններին, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ ՀՀ արտգործնախարարության կողմից այդ երկու հայտարարություններին էլ պետք է տրվեն շատ կտրուկ ու հստակ պատասխաններ։

«Էրդողանը Բաքվում գովաբանում էր Էնվեր փաշային, որը Հայոց ցեղասպանության իրականացման հիմնական պատասխանատուներից էր, հանցագործ։ Այնպես որ, նույնիսկ այդ խաղաղասիրական հայտարարություններին պետք է տրվի վճռական պատասխան»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Տեսանյութեր

Լրահոս