Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

«Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են»,-այս մասին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, հղում անելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարին։ «Ոչ մի նշան չկա, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռում գտնվող որևէ մեկը ողջ է», – մեջբերում է Press TV-ն նրա խոսքերը:

Իրանական լրատվամիջոցները նախօրեին հայտնեցին, թե Ռաիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։ Փրկարարական ջոկատները ժամանել էին վթարային վայր և ողջ գիշեր որոնել ուղղաթիռը վատ եղանակային պայմաններում։

Ըստ @ir_sputnik-ի՝ զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Մալիք Ռահմատին և ևս 5 մարդ (ներառյալ անձնակազմը)։

Կարդացեք նաև

Թուրքիան Իրանին օգնելու համար ուղարկել է 32 ալպինիստ և 6 մեքենա, ինչպես նաև ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի շտապ հանդիպում էր անցկացրել ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ՝ կապված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետ։ Նա խնդրել էր ուղերձ փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, որ ռուսական կողմը պատրաստ է անել ամեն ինչ՝ Իրանի նախագահին որոնելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պուտինի հանձնարարությամբ ուղղաթիռներ և 60 փրկարարներ կմիանան Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքներին։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է նախօրեին, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իրանին։

«Ցնցված ենք Իրանից ստացվող լուրերից։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռայիսիի, նախարար Աբդոլահյանի և ուղղաթիռում գտնվող մյուսների հետ են։ Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը, որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում։ Համացանցում տարածվում են կործանված ուղղաթիռի մասերի հայտնաբերման առաջին կադրերը։

Տեսանյութեր

Լրահոս