Բաժիններ՝

Նոր չափումն 86 սանտիմետրով ավելացրել է Էվերեստի բարձրությունը

Չինաստանը եւ Նեպալը հայտարարել են Երկիր մոլորակի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի նոր չափումների արդյունքները: Այժմ լեռան բարձրությունը պաշտոնապես կազմում է 8 848,86 մետր, այսինքն՝ 86 սանտիմետրով բարձր նախորդ գնահատումից: Այդ մասին գրել է «Սինհուան»: Նեպալցի գեոդեզիստներն Էվերեստի գագաթին են հասել 2019 թվականի մայիսին: Անցյալ տարվա հոկտեմբերին Կատմանդուն եւ Պեկինը համաձայնության են եկել լեռան բարձրության համատեղ հայտարարման շուրջը: ՉԺՀ-ի մասնագետները նույնպես այդ գագաթ են բարձրացել անցյալ տարվա մայիսին:

Լեռան բարձրությունը չափել են Beidou նավիգացիայի ազգային համակարգի միջոցով: Լեռան բարձրության կրկնական չափման պլանները Նեպալի կառավարությունում հայտնվեցին այն ենթադրությունների ֆոնին, թե աշխարհի ամենաբարձր լեռը ցածրացել է մի շարք ավերիչ երկրաշարժերից հետո, որոնք այդ երկրում տեղի ունեցան 2015 թվականի գարնանը: Դրանց զոհ դարձավ շուրջ 9 հազար մարդ Նեպալում, Հնդկաստանում, Չինաստանում եւ Բանգլադեշում:

Էվերեստը գտնվում է Նեպալի եւ ՉԺՀ-ի Տիբեթի Ինքնավար Շրջանի սահմանին: Տասնամյակների ընթացքում տարբեր երկրների գիտնականներ բազմիցս փորձել են չափել դրա բարձրությունը մինչեւ սանտիմետրի ճշգրտությամբ: Ավելի վաղ Նեպալն այն տեսակետի կողմնակցն էր, որի համաձայն լեռան բարձրությունը կազմում է 8 848 մետր (այդ ցուցանիշը 1954 թվականին արձանագրել են հնդկաստանցի տեղագիրները): 2005 թվականին ՉԺՀ-ի գիտնականներն ինչպես ավանդական գեոդեզիական մեթոդների, այնպես էլ արբանյակային տեխնոլոգիաների միջոցով հանգեցին այն եզրակացության, որ Էվերեստի բարձրությունը կազմում է 8 844,43 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս