
Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգային շրջանը կվերսկսի Արցախում մարտնչող զինվորներին նվիրված երեկոյով

Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգային գործունեությունը կվերսկսի Արցախում քաջաբար մարտնչող հերոսներին նվիրված համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագրում հնչելու են Արամ Խաչատրյանի «Զանգերով» սիմֆոնիան և Ալեքսանդր Հարությունյանի հանրահայտ Շեփորի կոնցերտը։ Համերգին որպես մենակատար հանդես կգա Կիրիլ Սոլդատովը:
Լրագրողները դեկտեմբերի 10-ին հնարավորություն ունեցան ներկա լինել համերգի փորձին և զրուցել երաժիշտների, դիրիժորի հետ:
Սոլդատովն ասաց, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է Հարությունյանի Շեփորի կոնցերտը կոմպոզիտորի հայրենիքում կատարելը:
«Այն աշխարհում ամենահաճախ կատարվող ստեղծագործություններից է, որում ներկայացված են հայ ժողովրդի բոլոր ապրումները, կոլորիտը, մշակույթը: Համավարակից, պատերազմից հետո գուցե երաժշտասերների համար դժվար լինի համերգասրահ գալը, սակայն ես կանեմ հնարավոր ամեն բան, որ հանդիսատեսն իրեն լավ զգա: Երաժշտությունը մթնոլորտ է ստեղծում, և մեր նպատակն է ինչ-որ չափով ոգևորել, խաղաղեցնել մարդկանց»,-եզրափակեց Կիրիլ Սոլդատովը:
Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հիշեցրեց, որ մարտի 13-ից համերգներ չեն ունեցել, հետո վերսկսել են փորձերը, սակայն պատերազմ է սկսվել և կրկին ամեն ինչ կանգ է առել: «Ոչ ոք ոչինչ չէր ցանկանում անել, բայց հասկացանք, որ պետք է աշխատել և համերգներով հանդես գալ: Պատերազմից հետո համերգներն սկսում են հայկական ծրագրով՝ Հարությունյանի շեփորի կանչով՝ մի կոնցերտով, որը, լինելով համամարդկային, հանրահայտ ստեղծագործություն, շատ հարազատ և հասկանալի է հայերիս: Իսկ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան պատերազմի ահազանգ է, որում կան տագնապներ. Մի հատվածը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, բայց հետո կա նաև հաղթանակ: Մեզ համար 4-րդ մասի հաղթանակն ինչ-որ մի օր վերածնվող Արցախն է, վերածնվող Հայաստանը, այն, որ մենք պետք է համախմբվենք, հզորանանք»,-ընդգծեց Թոփչյանը:
Դիրիժորը խոստովանեց, որ շատ կոտրված են եղել աշխատանքի սկզբնական փուլում, դժվար են նվագել, բայց պետք է հզորանալ, ունենալ աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը, ֆուտբոլի թիմերից մեկը, լավագույն գիտնականներին, լավագույն թատրոնները, լավագույն ՏՏ մասնագետներն ու շեն երկիր կառուցել: «Այդ ժամանակ ոչ ոք չի կարող մեզ հարվածել: Տաղանդավոր ժողովուրդ ենք, բայց մեզ պետք է կրթել: Բոլորս պետք է հիանալի Հայաստան ունենալու ցանկություն ունենանք»,-ասաց Թոփչյանը:
Նա տեղեկացրեց, որ նվագախմբի երաժիշտներից 4-ը որպես կամավոր եղել են ռազմաճակատում: Այժմ վերադարձել են և միացել իրենց գործընկերներին:
Ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը, որը պատերազմի առաջին օրերին երաժիշտ ընկերների հետ մեկնել է Արցախ, 20 օր եղել է Քարվաճառում: «Կորուստներ չենք ունեցել, բայց եղել են արտառոց իրավիճակներ, որոնց պատրաստ չէինք, բայց մեր պատրաստակամությունն այնքան մեծ էր, որ կարողացանք դիմակայել»,-շեշտեց նա:
Երաժիշտը խոստովանեց, որ ռազմաճակատում գտնվելու օրերին մտքում պտտվել են այն ստեղծագործությունները, որոնք կատարել են վերջին փորձերի ընթացքում: Տպավորվել է Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան: «Վերադառնալուց հետո դժվար էր անցնել առօրյա կյանքին, սակայն պետք է մի կողմ թողնել հույզերն ու կենտրոնանալ երաժշտության վրա, ինչը կօգնի առաջ շարժվել»,-եզրափակեց Գրիգորյանը:
Համերգի ընթացքում պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները. ամեն երրորդ աթոռն է զբաղեցված լինելու: Դահլիճը կհյուրընկալի 400 հանդիսատեսի: