«Գիտեք, հիմա մեր գյուղում ինչ վիճակ է, տեսել եք, չէ՞, որ ծովը փոթորկում է, ամեն ինչ կուլ է տալիս, որոշ ժամանակ անց հանդարտվում է, տեսնում ես՝ ոչինչ չի մնացել». Բերդաշենի բնակիչ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում կրքերը քիչ թե շատ հանդարտվել են, բնակիչները լծվել են բերքահավաքի գործին, հավաքում են թշնամու «սնարյադներից» քիչ թե շատ անվնաս մնացած բերքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բերդաշեն համայնքի բնակիչներից մեկն ահազանգել էր, որ թշնամին իրենց նռան այգիներից գտնվում է 100-200 մետր հեռավորության վրա, բնակիչները վտանգավոր են համարում գնալ նռան այգիներ և հավաքել իրենց բերքը:
168.am-ի հետ զրույցում Բերդաշեն համայնքի բնակիչ Կամո Աղաջանյանն ասաց, որ այս պահին գյուղում համեմատաբար հանգիստ է, ճիշտ է, վտանգն ամբողջովին չի անցել, սակայն մարդիկ հասկանում են, որ դեռ հայկական զորքը և ռուս խաղաղապահը համայնքի վարչական տարածքում է և կարող է վտանգը կանխել:
«Գյուղում մարդկանց տրամադրությունը նորմալ է, էլի: Գիտեք, հիմա մեր գյուղում ինչ վիճակ է, տեսել եք, չէ՞, որ ծովը փոթորկում է, ամեն ինչ կուլ է տալիս, սրբում տանում է, որոշ ժամանակ անց փոթորիկը հանդարտվում է, տեսնում ես՝ ոչինչ չի մնացել, բայց երկնքում արև է դուրս եկել: Մեր մոտ հենց այսպիսին է տրամադրությունը»,- նշեց Կ. Աղաջանյանը:
Նա նաև շեշտեց, որ մտահոգվում է ոչ միայն Բերդաշենի հետագա ճակատագրի համար, այլև Մարտունի քաղաքի վարչական շրջանի, քանի որ թշնամին ակնհայտ նպատակներ ունի, վերցնելու այն, ինչը չարաբաստիկ եռակողմ հայտարարությամբ նրան չի հանձնվում:
«Բնակիչներից շատերն այսօր վերադարձել են գյուղ, ես, օրինակ, այսօր թուրք զինվորների թքի տակ գնացի իմ նռան այգի բերքահավաքի, վաղն էլ եմ գնալու: Մենք չենք կարող ամեն ինչ հենց այսպես թողնել»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ադրբեջանցի զինվորները, ռուս խաղաղապահների համազգեստով մտնում են հայկական գյուղեր, փորձում են մարդկանց սպանել, առևանգել, Կամո Աղաջանյանն ասաց, որ նման դեպքի չի հանդիպել, տեղեկություն չունի և ոչինչ չի կարող ասել.
«Ամեն դեպքում մեր Բերդաշենում նման դեպք չի գրանցվել»:
Կամո Աղաջանյանը վստահ է, որ, եթե հայկական դիվանագիտությունը շարունակի այսպես լուռումունջ նստել, ապա երկու տարի հետո կորցնելու են ոչ միայն Արցախի մնացած հատվածը, այլև Հայաստանն ամբողջությամբ:
«Եթե մեր դիվանագիտական այրերը, քաղաքական գործիչները, ժողովուրդը չխփեն մեկ մեխի, ապա մեր երկիրը արդեն դարձել է ու ավելի է դառնալու «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը», որի արդյունքում ունենալու ենք փոշիացած հայրենիք, իսկ ժողովուրդը դառնա գնչու, գնա ձորերում վրանների մեջ ապրի: Փաշինյանն ասում էր` մեր ժողովուրդը Դեր Զորի ճամփորդ չի դառնա՝ դարձանք, Մեհրիբան Ալիևային հրավիրում էին Շուշի թեյ խմելու ու մուղամ լսելու, այսպես շարունակվելու դեպքում հաջորդ հրավերը լինելու է Երևան, ու դա իրականություն կդառնա»,- շեշտեց նա:
Նա նաև վստահ է, որ, եթե ժողովուրդը միասնական ու ուժեղ լինի, թշնամին կհարգի Հայաստանին ու Արցախին:
«30 տարի մենք Արցախը պահում էինք, որովհետև թշնամին վախենում էր մեզանից, մենք ուժեղ էինք, նա չէր համարձակվում հարձակվել: Ապրիլին փորձեցին, հետ կանգնեցին, մեզանից զինադադար խնդրեցին, բայց մենք այնպես արեցինք, այնպես թուլացանք, որ հարձակվեցին: Մերոնք թող ականջներին օղ անենք, հերիք եղավ, թող ուշքի գան, միասին այս վիճակից դուրս գանք»,- եզրափակեց նա: