«Ո՞ւր են կորել, թող պադվալներից դուրս գան, սահմաններն են գծում, թուրքի ուզածով են անում, էս ի՞նչ են անում»․ Բերդաշեն համայնքի բնակիչ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքը, չնայած նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով Ադրբեջանի հսկողության տակ չի անցնում, բայց տեղի բնակիչներն ամեն օր են զգում ադրբեջանցիների ներկայությունը։
Այժմ գյուղի բնակիչները ստիպված ամեն օր պետք է կռիվ տան ադրբեջանցիների հետ, որպեսզի կարողանան իրենց մշակովի հողատարածքների բերքը հավաքել։
Բերդաշեն համայնքի բնակիչ, ազատամարտիկ Կամո Աղաջանյանի խոսքով՝ ադրբեջանցիները գյուղից հեռու են 6 կմ, իսկ իրենց հողատածքներից՝ մոտավորապես 200 մետր, ու հիմա ստիպված են ադրբեջանցիների վերհսկողության տակ կատարել նռան բերքահավաք։
«Ես այս պահին գտնվում եմ գյուղից 6 կմ հեռավորության վրա, իմ հողատարածքում եմ։ Այս տարածքները պատկանում են Բերդաշեն համայնքին՝ դեռ վաղուց։ Հիմա այդ տարածքների մի մասը մանրից անցնում է ադրբեջանցիներին՝ մերոնք, խաղաղապահ ուժերը հետ են գնում, թշնամին առաջ է գալիս։ Ադրբեջանցի ու ռուս գեներալները միասին սահմաններ են գծում, բայց հայկական կողմից մարդ չկա, պատկերացրեք, առանց հայի՝ այս մի բուռ հողին պետական սահման են գծում։ Բոլորը փախած են, ես չգիտեմ՝ ուր են։ Հավատացեք, արդեն «նադայել» եմ եղել՝ բոլորին զանգելով, միայն Արայիկ Հարությունյանին ու Նիկոլ Փաշինյանին չեմ զանգել, հնարավորություն չեմ ունեցել հետները խոսել, մնացած բոլորին տեղեկացրել եմ՝ ինչ է կատարվում։ Ո՞ւր են կորել, թող պադվալներից դուրս գան, սահմաններն են գծում, թուրքի ուզածով են անում, էս ի՞նչ են անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կամո Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ 10 հեկտար հողատարածքից երկու հեկտարն այս օրերի ընթացքում արդեն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, և եթե այսպես շարունակվի՝ ամբողջ տարածքը կկորցնեն։
«Հիմա գյուղում քիչումիչ մարդ մնացել է, ով հնարավորություն ունեցել էր՝ պատերազմի օրերին գնացել էր, դե, հիմա մի մասը հետ է եկել։ Ես իմ նռան այգում եմ, ադրբեջանցի զինվորներից 100 մետր հեռավորության վրա եմ, մինչդեռ նրանց փոխարեն՝ պետք է կանգնած լինեին ռուս խաղաղապահները, նրանցից հետո նոր՝ ադրբեջանցի զինվորները։ Թուրք զինվորն իմ այգու տակ է կանգնած, բայց այդտեղ չպետք է լիներ, սա մեր վարչական շրջանի տարածքն է, երեկ ռուս գեներալին եմ դա բացատրել, ասել եմ՝ մեր Բերդաշենի տարածքը սկսվում է մոստից, դուք ինչո՞ւ եք մոստից առաջ եկել։ Թուրքը «GPS»-ը բացում է ու ցույց է տալիս, թե սրանք ադրբեջանական տարածքներ են, դե ռուսն էլ ի՞նչ իմանա, թե նախկինում այդ տարածքներն ինչպես են եղել։ Ռուս գեներալը նստել է թուրք գեներալի մեքենան, ու թուրքը որտեղ ոտքը դնում է, այնտեղ սահմանը գծվում է»,- ասաց մեր զրուցակիցը։
Չնայած ադրբեջանցիների ներկայությանը, Կամո Աղաջանյանը վստահեցնում է՝ որևէ տեղ գյուղից չի գնալու և հենց թշնամու «քթի տակ» շարունակելու է նռան բերքը հավաքել։ Ճիշտ է, այս տարի նորմալ բերք չկա, քանի որ այգին մնացել է թշնամու «սնարյադների» տակ, բայց ինչ էլ որ մնացել է՝ կհավաքի։
«Հիշո՞ւմ եք, անցած տարի Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրեց Շուշի չայ խմելու ու մուղամ լսելու, տեսա՞ք, որ իրականություն դարձրեց։ Եթե մեր պատկան մարմիններն ականջները կախած նստեն, հինգ տարի հետո ոչ թե Շուշիում է չայ խմելու, այլ Երևանում։ Նիկոլ Փաշինյանը գոռգոռում էր, թե հայը Դեր Զորի ճամփորդ չէ, հիմա թող դուրս գա ու պատասխան տա այդ հազարավոր զոհերի համար։ Մենք ոչ թե Դեր Զորի ճամփորդ դարձանք, այլ մի տասը գլուխ էլ ավելի դարձանք, թող իմանա մեր հարգարժան վարչապետը։ Ես կորցնելու բան չունեմ, 90-ականներից պատերազմի մեջ եմ ու հեչ կորցնելու բան չունեմ, թող գետինը մտնեն ու պադվալներից դուրս գան։ Թշնամուն ոչխար էին ասում, հիմա տեսաք՝ ոչխարն ով է, հենց այսպես էլ կգրեք»,- եզրափակեց Կամո Աղաջանյանը։