Թուրքիայի կողմից կոնֆլիկտում ներգրավվելու փորձը արհամարհանք է Մինսկի խմբի ֆորմատի նկատմամբ. թուրքագետ

Ղարաբաղյան պատերազմն ավելի բյուրեղացրեց Թուրքիայի ապակառուցողական, ահաբեկչական մտածողության դրսևորումները և ի ցույց դրեց աշխարհին«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Նախ ուզում եմ նշել, որ տարբեր կոնֆլիկտներում Թուրքիայի ներգրավվելու ոճը, ըստ էության, նույնական է: Այսինքն՝ իրականացնել ռազմական ագրեսիա, ներխուժել կոնֆլիկտների լուծման տիրույթ, եթե ոչ դիվանագիտական ճանապարհով, ապա ռազմական, և դրանից հետո փորձել տեղ գրավել բանակցությունների սեղանի շուրջ: Մենք հիմա ականատես ենք լինում թուրքական այդ ոճի հերթական դրսևորմանը»,- ասաց թուրքագետը:

Դրա նախադեպերը կան: Սիրիական կոնֆլիկտում Թուրքիան ներգրավվեց ու ագրեսիա իրականացրեց այդ պետության դեմ: Լիբիական կոնֆլիկտում նույնպես ներգրավվում է իր ռազմական ներկայությամբ, ղարաբաղյան կոնֆլիկտում Թուրքիայի այդ քաղաքական ոճը նույնպես դրսևորվեց և Ադրբեջանի միջոցով, ուղղակի ագրեսիա իրականացնելով Հայաստանի նկատմամբ, այսօր փորձում է տեղ գրավել բանակցությունների սեղանի շուրջ:

«Բացի այն, որ փորձում է ներգրավվել կոնֆլիկտի մեջ, սա բացահայտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի նկատմամբ, սա բացահայտ մարտահրավեր է աշխարհում ձևավորված միջազգայնորեն ճանաչված հարթակների նկատմամբ: Եվ Թուրքիայի բացահայտ նկրտումներն են` մտնել տարատեսակ կոնֆլիկտների մեջ, որտեղ չունի մանդատ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս