«Սյունիքում ապահով է, սյունեցին Սյունիքում է, անհանգստանալու որևէ առիթ, համենայն դեպս՝ այս պահին, չկա». Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար
Երկու օր առաջ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտնեց, թե թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին։ Ի՞նչ վիճակ է այսօր Սյունիքում: 168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը հայտնեց, որ մարզում խուճապ չկա:
«Հանդարտ, աշխատանքային, նորմալ իրավիճակ է, խուճապ չկա»,- ասաց Էդգար Մարտիրոսյանը:
Հստակեցնող հարցին, թե կարո՞ղ ենք վստահեցնել, որ Սյունիքում նույն աշխատանքային, սովորական առօրյան է, Էդգար Մարտիրոսյանը պատասխանեց.
«Բնականաբար, նույնը չի, քանի որ Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված, և Արցախում պատերազմ է ընթանում, բայց մարդիկ համախմբված են, կենտրոնացված են, և ամենօրյա սովորական աշխատանքն է ընթանում: Եվ այն գործողությունները, որոնք պիտի օժանդակեն, որ թիկունքը ամուր լինի և առաջնագիծը ամուր լինի, բնականոն հունով ընթանում են»:
Սյունիքի մարզպետարանի ներկայացուցչից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք մարզում լսելի՞ են կրակոցների ձայներ:
«Կապանում, որտեղ ես եմ գտնվում, լսելի չեն: Չեմ բացառում, որ Արցախի Հանրապետության սահմանակից բնակավայրերում կամ տարածքներում հրետանային համազարկի ձայները կարող են լսելի լինել»,- ասաց Էդգար Մարտիրոսյանը:
Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը վստահեցրեց՝ Սյունիքում անվտանգ է:
«Սյունիքում ապահով է, սյունեցին Սյունիքում է, որևէ խնդիր չեմ տեսնում այդ առումով, անհանգստանալու որևէ առիթ, համենայն դեպս՝ այս պահին, իմ կարծիքով, չկա»,- զրույցը եզրափակեց Էդգար Մարտիրոսյանը: