«Այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ». Արծրուն Հովհաննիսյան

Երեկ երեկոյան ուշ ժամին տեղի ունեցած մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություներով առաջանալ:

Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ վաղն ինտերակտիվ քարտեզով ցույց կտան այդ տարածքները:

«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, որոնց միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով` միաժամանակ հրետակոծելով, ռմբակոծելով Արցախի քաղաքները: Ամբողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություններ են ունեցել: Բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը: Նույն ժամանակահատվածում Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառներում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ոչնչացման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր նույնիսկ թողնելով մեքենաներ փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են` Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և այլն: Որոնողական և ոչնչացման գործընթացներն այս ուղղությամբ շարունակվում են»,-նշեց նա` հավելելով, որն հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն:

«Այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ, ես հավատում եմ հայ զինվորի բազկին, հայ զինվորի խելքին, հմտությանը, տոկունությանը։ Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, եթե ինչ-որ տեղ էլ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին: Հաճախ մենք, այո, նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ավելի թանկ է, նոր բնագծեր ենք զբաղեցնում: Բայց սա ճակատագրական չէ, վիճակը ծանր է, մարտերը` դաժան, բայց անելանելի չէ: Այսօր հայ գեներալը շատ հաճախ ավտոմատը ձեռքին կռվում է, կամ հակատանկային միջոցը ձեռքին տանկ է խոցում»,-ամփոփեց նա:

Տեսանյութեր

Լրահոս