«Արծիվը»
Մարտունեցի երկու տարեկան Արծվիկն է: Տանեցիներն «Արծիվ» են ասում: Պատերազմի հենց առաջին օրն է վիրավորվել, վիրահատվել է և, ինչպես իսկական արծիվ, դժվարություններին ի պատասխան՝ ժպտում է:
«Էդ ի՞նչ ա գլխեդ»,- հարցնում է հայրը:
«Աբադոկ»,- հազիվ հասկանալի արծվիկերենով պատասխանում է Արծվիկը:
«Էդ հո՞ւվ ա տրալ էդ աբադոկը»,- շարունակում է հայրը:
«Տոտան»,- հնչում է Արծվիկի պատասխանը:
Վերջույթների և գանգուղեղային վնասվածքներ ունի Արծվիկը: Դեռ ոտքը գետնին դնել չի կարողանում, բայց փոքրիկ արցախցուն դա չի խանգարում, խաղում է շնիկների հետ: Արծվիկի տատիկը պատմում է, որ առավոտյան շատ վաղ կրակոցներ են լսել, որոշել են հավաքվել, գնալ ապաստարաններ:
«Ժամը 7 անց էր, դեռ 8-ը չկար, մեկ էլ ձայներ ենք լսում: Իգորը հելավ դուրս, ասում ա՝ «մամ, էս ի՞նչ են անում, բեզպիլոտնիկներ են խփում, էս քանի՞սը խփեցին մերոնք, վերտալյոտ խփեցին մերոնք», տեսանք կրակում են-կրակում են, երեխեքի մի մասը հելել են, ասում են՝ գնանք, մեր տան մոտ էլ պադվալ չկա, երեխեքն ասեցին՝ հավաքվենք-գնանք պադվալները, ոնց որ կրակում են»,- պատմում է տիկին Վիկտորյան:
Արծվիկի հայրը՝ Իգորը, ավտոբուս է բերել, որ ընտանիքին տեղափոխի, մինչ հավաքվել են, որ գնան, թշնամին իրենց տան տարածքն է հրետակոծել: Արծվիկի 9-ամյա քույրիկն ու իրենց հարևանուհին տեղում մահացել են:
«Ես մեր պատի տակ էի կանգնած, երեխեքը ներսում էին, մյուս տղայիս երեխաները ներսում էին, տղայիս տղան պոստում էր, Իգորն էլ շտապում էր, որ ավտոբուսը խոդի գցի, երեխեքին տանի պադվալ: Մեկ էլ տեսանք՝ եկավ ուղիղ մեջները խփեց, էն մի երեխես մնաց տեղում, մեր հարևանի հետ, անմիջապես մահացան: Հարսս՝ վիրավոր, մի կերպ էր կանգնում, մյուսներին օգնում էր, որ հավաքվեն ավտոբուսում»:
Մնացածն էլ՝ մի մասը՝ վիրավոր, շուտափույթ հասել են Մարտունու հիվանդանոց: Ճանապարհին էլ հրետակոծել են, ավտոբուսին չի կպել:
«Էս մի հարևանի կողմն ընգավ, էն մի կողմն ընգավ, մեր դիմացն ընգավ, ավտոբուսին բան չեղավ, փառք Աստծուն, մնացածը մնացին: Էդ անխնա մարդիկ, էդ արնախում մարդիկ, չգիտեմ՝ ինչ են ուզում էս 30 տարի»:
Տիկին Վիկտորյան նեղսրտում է, որ Մարտունին թողել, եկել են: Ասում է՝ թուրքը միայն խաղաղ բնակչության դեմ է կարողանում պատերազմել: Արծվիկի մայրը, որ նույնպես բեկորային վնասվածքներ ունի, պատմում է, որ որդու վիճակը ծանր է եղել, տեղափոխել են Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ Երևան:
«Օպերացիա արեցին, ապաքինվում է: Վախ չկա մեջը, շոկ չկա, չի հիշում՝ ինչ ա եղել, նույն Արծիվն է, թեթև ա տանում թե՛ նարկոզը, թե՛ վիրահատությունը, պինդ ա երեխեն, որպես երկու տարեկան՝ չէի պատկերացնում, որ սենց հեշտ կտանի»:
Բժիշկները դուրսգրման ժամկետներ չեն նշել, ասել են՝ հենց կազդուրվի, այն ժամանակ էլ դուրս կգրենք: Այս պահին ընտանիքը միայն կացարանի խնդիր ունի: Այդ հարցն էլ լուծման փուլում է:
«Տան խնդիրն է ամենակարևորը: Մարդիկ կան՝ օգնում են, ուղղակի ուզում ենք հիվանդանոցին մոտ լինի, որ գնանք-գանք, ես էլ բեկորային վնասվածքներ ունեմ: Մի ոտքս վիրահատել են, ուշ եմ լավանում, հետո կանցնեն մյուսին»:
Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում, բացի Արծվիկից, թշնամու կրակից վիրավորված այլ երեխաներ էլ կան:
«Ամենածանրը Գևորգյան Ռոբերտն էր՝ Մարտակերտից»:
Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը պատմում է, որ այն մեքենային, որի մեջ եղել է Ռոբերտը, հարվածել է թշնամու անօդաչու թռչող սարքը, ինչի պատճառով այն գլորվել է ձորը:
«Կոմայով էր մի քանի օր, հետո գիտակցությունն աստիճանաբար վերականգնվեց, ինքը միացված էր արհեստական շնչառության սարքին, հիմա հանված է, նաև զոնդը հանեցինք, ինքնուրույն ուտում է»,- ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
Վարդենիսում վիրավորված Նարեկն էլ է նույն հիվանդանոցում: 14-ամյա տղայի վիճակը լավ է, միայն թթվածին է ստանում: