Բաժիններ՝

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին և ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (նախարարներին):

Ինչպես հաղորդում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և վերջին զարգացումները՝ ընդգծելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ հանձինս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Երևանում միջկառավարական խորհրդի նիստը կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Երևանում հոկտեմբերի 9-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս