Վարկային արձակուրդներով կամ ներումներով ոչ մի հարց չի լուծվում. ժամկետանց վարկերի խրոնիկ հիվանդություն է հասնում

Բանկային համակարգը որոշեց վարկային արձակուրդ տրամադրել այս օրերին ռազմաճակատում գտնվող այն վարկառուներին, ովքեր խնդիր կունենան ժամանակին իրենց պարտավորությունները կատարելու հետ կապված։ Նրանց նկատմամբ տույժ-տուգանքներ չեն կիրառվի։

«Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է.
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի»,- հայտարարեց Հայաստանի բանկերի միությունը։

Սա, իհարկե, ողջունելի քայլ է բանկերի կողմից։ Բայց դրանով չէ, որ պիտի լուծվեն վարկային շուկայում ի հայտ եկած համատարած խնդիրները։

Ստեղծված տնտեսական ու սոցիալական դժվարությունների հետևանքով ֆինանսական համակարգում վերջին շրջանում չաշխատող կամ խնդրահարույց վարկերի կշիռն աճել է՝ հասնելով 7 տոկոսի։ Համավարակից հետո այդպիսի վարկերն ավելացել են ևս 1 տոկոսով։ Բայց 1 տոկոսն էլ փոքր թիվ չէ։ Միայն բանկային համակարգի վարկերը հասնում են 3,6 տրիլիոն դրամի։ Դրա 1 տոկոսը 36 մլրդ դրամ է, իսկ 7 տոկոսը՝ 252 միլիարդ։

Այս պահին այդքան խնդրահարույց կամ չաշխատող վարկեր կան բանկային համակարգում։ Տարադրամով արտահայտված՝ դրանք անցնում են 500 մլն դոլարից։

Ժամկետանց վարկերի խնդիր բանկային համակարգում միշտ էլ եղել է։ Միշտ էլ փորձել են ինչ-որ կերպ լուծումներ գտնել դրա համար, բայց ապարդյուն։

Այդպիսի մի քայլ արվեց նաև իշխանափոխությունից շատ չանցած։ Կառավարության հորդորով բանկերը գնացին ժամկետանց վարկերի տույժ-տուգանքների համաներման։ 13 մլրդ դրամի վարկային տույժ-տուգանքներ ներվեցին և 125 հազար վարկառուի վարկային պատմություն մաքրվեց: Ճիշտ է, համաներման արդյունքում դուրս գրվեցին վարկառուների կուտակած տույժ-տուգանքները, սակայն դա բնավ չթեթևացրեց նրանց հոգսը։ Ովքեր ինչպես մինչ այդ չէին կարողանում կատարել իրենց ստանձնած վարկային պարտավորությունները, այնպես էլ շարունակեցին չկարողանալ կատարել նաև դրանից հետո։ Կարճ ժամանակ անց նրանց մեծ մասը կրկին հայտնվեց նույն շրջապտույտի մեջ։

Համաներումը ոչ միայն չլուծեց ժամկետանց վարկերի խնդիրը, այլև նման նախաձեռնությունները մի բան էլ լարվածության տակ են դնում վարկային շուկան։ Դրա հետևանքով այն մտնում է սպասումների փուլ, ինչը ռիսկեր է ստեղծում ֆինանսական համակարգի համար։ Վարկային համաներումը վարկառուների մոտ ձևավորում է որոշակի հոգեբանություն՝ պարտավորությունների կատարման նկատմամբ։ Մարդիկ մտածում են, որ միևնույն է, ինչ-որ պահի իրականացվելու է վարկային համաներման և կուտակված տույժ-տուգանքների դուրսգրում։

Սա համակարգը տանում է խրոնիկ հիվանդության վտանգավոր ճանապարհով։ Նախորդ համաներումից անցել է ընդամենը 2 տարի և կրկին համաներման պահանջ է շրջանառվում, ինչը, սակայն, չի կարող լուծել խնդիրը։

Վարկերի տույժ-տուգանքների համաներումը չի թեթևացնում իր պարտավորությունները կատարելու հնարավորություն չունեցող քաղաքացու բեռը։ Եթե մարդը միջոցներ չունի, նրա համար բացարձակ միևնույն է, վարկային պարտավորությունները տույժ-տուգանքո՞վ են, թե՞ առանց դրանց։ Այսպես թե այնպես, նա ի վիճակի չէ սպասարկել այդ պարտավորությունները։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ տույժ-տուգանքները կհանվե՞ն, թե՞ չեն հանվի։

Ինչպես սովորաբար լինում է համաներումների դեպքերում, այդ ճանապարհով ընդամենը հետաձգվում և ոչ թե՝ լուծվում են խնդիրները։ Ժամկետանց վարկերի խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ թե համաներումների մեջ, այլ բոլորովին ուրիշ տեղ։ Բանկերը միշտ էլ հակված են եղել հրաժարվել տույժ-տուգանքներից, եթե վարկառուները պատրաստ են վերադառնալ իրենց պարտավորությունների պատշաճ կատարմանը։ Այնպես չէ, որ բանկերը ոգևորված են ժամկետանց վարկերի ավելացմամբ կամ տույժ-տուգանքների ձևավորմամբ։ Ժամկետանց վարկերի խնդիրը տույժ-տուգանքների մեջ չէ։

Հարկավոր է մտածել ոչ թե տույժ-տուգանքների ներման կամ պարտավորությունների հետաձգման, այլ վարկառուների վճարունակության բարձրացման մասին։ Այլապես անընդհատ հայտնվելու ենք նույն շրջապտույտի մեջ, որի հետևանքները հետագայում շատ ավելի ծանր են լինելու։

Վարկային բեռը թեթևացնելու հիմնավոր ճանապարհը սա է։ Բայց ճանապարհի սկզբից գնալու փոխարեն՝ մենք միշտ գնացել ենք վերջից, որովհետև այդպես ավելի հեշտ է, որքան էլ դրա արդյունքում խնդիրները ոչ թե լուծվել, այլ ընդամենը հետաձգվել են։ Պետք է մտածել ոչ թե համաներման, այլ մարդկանց վարկունակությունը բարձրացնելու մասին։ Ահա այստեղ է պետք փնտրել ժամկետանց վարկերի հարցի լուծումը, որտեղ պակաս անելիք չունի բանկային հատվածը։

Հասարակության վարկունակությունը խթանելու համար բանկերը պարտավոր են մտածել վարկերի պայմանները բարելավելու և մատչելիությունը բարձրացնելու մասին։

Վարկային պրոդուկտների գինը Հայաստանում չի համապատասխանում հասարակության վճարունակությանը։ Տոկոսադրույքները բարձր են, երբեմն անտրամաբանական բարձր։

Լուրջ խնդիր է վարկերի չերևացող բեռը։ Երբեմն տրամադրվող վարկերն այնպիսի թաքնված պայմաններ են պարունակում, որոնք արտաքուստ չեն երևում, բայց էապես ավելացնում են սպասարկման ծանրաբեռնվածությունը։ Մարդիկ էլ կարիքից դրդված՝ ստիպված մտնում են նման ծանրության տակ։

Բանկերն անելիք ունեն նաև տրամադրվող միջոցների նպատակային օգտագործման հետ կապված։ Քիչ չեն դեպքերը, երբ նպատակային վարկերը ծառայում են քաղաքացիների առօրյա կենցաղային կարիքների բավարարման համար։ Ասենք՝ գյուղվարկ են վերցնում, գնում հեռախոս գնում։ Չապահովելով վերարտադրություն՝ հետագայում դժվարություններ են առաջանում դրանց վերադարձելիության հետ կապված։

Սրանք են այն հիմնական խնդիրները, որոնք առկա են վարկային շուկայում։ Դրանք կարող են լուծվել մի կողմից՝ հասարակության վճարունակությունը բարձրացնելու, մյուս կողմից՝ վարկերի մատչելիության ապահովման ու օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցով։

Թե չէ, տույժ-տուգանքները ներելով կամ վարկային արձակուրդներ տրամադրելով՝ ժամկետանց վարկերի խնդիրը չենք լուծի։ Մի բան էլ ավելի կբարդացնենք բանկային համակարգի կյանքը՝ վարկառուների մոտ ձևավորելով հակումներ ժամկետանց պարտավորությունների կուտակման նկատմամբ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս