Թուրքիայի դեմ բողոքը բավարարելու դեպքում ՄԻԵԴ-ը փաստացի առաջին միջազգային կառույցը կլինի, որը կարձանագրի Թուրքիայի ներգրավվածությունն այս հակամարտության մեջ
Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Ըստ էության այս գործընթացի ընթացակարգը նույնն է, ինչ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու՝ ՀՀ կառավարության՝ ՄԻԵԴ ներկայացրած դիմումի դեպքում:
Ուշագրավ է, թեև Թուրքիայի անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին չկա, այսինքն՝ Թուրքիան որպես հակամարտող կողմ հանդես չի գալիս, բայց արդեն իսկ կան մի շարք պետությունների մակարդակով արված հայտարարություններ, որոնք ասում են, որ Թուրքիան հակամարտության տարածք է ուղարկում ահաբեկչական խմբավորումների: Եվ ըստ էության Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշերն արտատարածքային իրավազորության վերաբերյալ՝ թույլ են տալիս նաև Թուրքիային պատասխանատվության կանչել կյանքի իրավունքին իրական վտանգ ստեղծելու համար:
Ընդհանուր կոնցեպցիան, թերևս, հենց դա է, որ ուղարկելով ահաբեկիչներ և վարձկաններ, որոնք չեն անցնում պատշաճ մարտական պատրաստվածություն, և ըստ էության մասնակից են եղել այնպիսի գործողությունների, որոնց ժամանակ պատերազմական գործողություններն ավելի շատ կանոն են եղել, քան բացառություն, Թուրքիան միտումնավոր կյանքի իրավունքի ոտնահարման համար էական նպաստավոր պայմաններ է ստեղծում:
Ինչպես Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու գանգատի դեպքում, այստեղ ևս ՄԻԵԴ պատասխանը կստացվի շատ կարճ ժամանակահատվածում, և շատ կարևոր հանգամանքն է այն, որ Թուրքիայի դեմ բողոքը բավարարելու դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստացի առաջին միջազգային կառույցը կլինի, որը կարձանագրի Թուրքիայի ներգրավվածությունն այս հակամարտության մեջ:
ՄԻԵԴ-ի որոշումները թե Ադրբեջանի, և թե Թուրքիայի դեպքում էական նշանակություն կունենան հետագայում այս երկրներին իրավական պատասխանատվության ենթարկելու գործում, և եթե հայոց բանակի անկոտրում կամքի, մարտունակության շնորհիվ ու Աստծո կամոք մենք այս պատերազմից առանց տարածքային կորուստների դուրս գանք, հետագայում առհասարակ բացառվեն նման իրավիճակները, այսինքն՝ ամենաբարձր մակարդակում արձանագրվի, որ կոնկրետ պետություններում կա ազգային խտրականություն, էթնիկ զտումների դիտավորություն և այլն:
Խնդիրն Ադրբեջանին և Թուրքիային հետագայում պատասխանատվության կանչելն ու դա դիվանագիտական ասպարեզում նրանց վրա ուժգին ճնշում գործադրելու, տարածքային հավակնությունները կանխելու նպատակով օգտագործելն է: