Վերջին օրերին բազմաթիվ փաստեր են արձանագրվում
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանաթուրքական լայնածավալ ագրեսիայի՝ բոլոր ուղղություններով իրականացված նախապատրաստական քայլերի վերաբերյալ: Ընդ որում, բոլոր ուղղություններով էլ Բաքուն չի խորշում բացահայտ կեղծիքից ու նենգախոփումներից: Ագրեսիայի նախօրյակին ադրբեջանական haqqin.az կայքը, որպես «մասնագիտական» նախապատրաստություն, հրապարակել է ոմն Ֆարհադ Միրզոևի մի գրություն, որով նա փորձում է ժխտել Արցախի ինքնորոշման իրավունքը և «ջախջախել հայ քաղաքական գործիչների ու իրավագետների փաստարկներն ու հիմնավորումները»: Կայքը, հավանաբար հասկանալով, որ այդ նյութը պարզունակ խաբեություն է ու խնդրի նենգափոխում, փորձում է արհեստականորեն արժևորել այն՝ թվարկելով հեղինակի «արժանիքները»՝ «հայտնի մասնագետ միջազգային իրավունքի ոլորտում», Բրիտանական «Չիվնինգ» կրթաթոշակով միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան, առաջին ադրբեջանցին, որը PhD աստիճան է ստացել Մեծ Բրտանիայում, Քեմբրիջի ու Հարվարդի շրջանավարտ է տնտեսագիտության և իրավունքի բնագավառում և այլն:
Բարձրագույն կրթության և գիտության մասին տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած մարդու համար պարզ է, որ այդ ամենը որևէ ձևով չի կարող հեղինակի մասնագիտական որակները բնութագրել, այլ պարզապես նպատակ ունի Քեմբրիջի ու Հարվարդի հիշատակումով սովորական ընթերցողի վրա որոշ տպավորություն գործել: Այլ պարագայում այս ամենը ուշադրության արժանի չէր լինի, սակայն հաշվի առնելով, որ գրությունը ադրբեջանաթուրքական ագրեսիայի նախապատրաստական միջոցառումների մի տարր է, ստորև ցույց կտրվի, թե հեղինակն ինչ խաբեության ու նենգափոխումների է դիմել Ղարաբաղյան հակամարտության էությունը աղավաղելու և այլ հարթություն տեղափոխելու համար, որը որևէ առնչություն չունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քառորդ դարից ավելի շարունակվող գործընթացի հետ: Հեղինակը նախ ձևակերպում է հարցադրումը՝ ի սկզբանե փորձելով հիմնովին նենգափոխել հիմնախնդիրը:
Նա պնդում է, որ Հայաստանի «պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, այլ միայն որոշ ժամանակահատված ստիպողաբար ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության կենտրոնական ղեկավարության և անձամբ Իոսիֆ Ստալինի կողմից փոխանցվել է Ադրբեջանական ԽՍՀ վերահսկողության ներքո: Հայկական կողմի հիմնական փաստարկն այն է, որ մինչև 1918թ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակումը Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը չէին գտնվում Ադրբեջանի կազմում կամ դրա վերահսկողության ներքո՝ լինելով առնվազն վիճելի տարածքներ»:
Ակնհայտ է, որ ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետները խնդրի կարգավորման վերաբերյալ երբեք այդ պատմական փաստերի վրա չեն հիմնվել: Պատահական չէ, որ իբր գիտությամբ զբաղվող կեղծարարը գոնե մեկ հղում չի անում՝ որպես «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը» հավաստող աղբյուր: Քանի որ պարզապես նման որևէ աղբյուր չկա: Ավելին, Ղարաբաղյան խնդրով զբաղվելու ցանկություն ունեցող ցանկացած մեկը չի կարող գոնե չիմանալ, որ 13 տարի է, ինչ խնդրի կարգավորման հիմքը միջազգային իրավունքի երեք սկզբունքներն են՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության և ուժի ու ուժի օգտագործման սպառնալիքի չկիրառման սկզբունքները1 ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և անհեթեթ է «պաշտոնական դիրքորոշում» որոնել այդ շրջանակներից դուրս: Այդուհանդերձ, ստորև կբերվեն հեղինակի բոլոր «փաստարկները»՝ ցույց տալով, որ «միջազգային իրավունքի հայտնի մասնագետ» ներկայացողի կողմից պարզունակ և անհիմն միջոցներով միջազգային իրավունքի հարթությունից պատմական հարթություն խնդրի տեղափոխման փորձը և այնպիսի «փաստարկների» օգտագործումը, որոնք կապ չունեն ո՛չ միջազգային իրավունքի, ո՛չ խնդրի էության հետ, նպատակ ունի խուսափել իրավունքի ոլորտում առկա հստակ սահմանումներից, սպառիչ ու անժխտելի լոուծումներից և կեղծարարության միջոցով պատմական փաստերի աղավաղումով խնդիրը տեղափոխել գոնե բանավեճի հարթություն:
«Միջազգային իրավունքի հայտնի մասնագետը», մի կողմ թողնելով իր մասնագիտությունը, նախ փորձում է անդրադառնալ պատմական փաստերի, որոնք վերաբերում են Ադրբեջանի խորհրդայնացմանը: Իհարկե, «մոռանալով» նշել, որ Ադրբեջան պետություն մինչև Ռուսական կայսրության փլուզումը երբեք գոյություն չի ունեցել, և Ազգերի լիգան էլ չի ճանաչել նման պետության գոյությունը՝ տարածքային նկրտումների պատճառով, նորահայտ տնտեսագետ-«իրավագետ»-«պատմաբանը» անօրինական է հայտարարում ԽՍՀՄ կազմավորման պայմանագիրը՝ հավանաբար
համարելով, որ ab initio լատիներեն եզրույթի օգտագործումը լիովին բավարար է դրա համար, և Ադրբեջանը հայտարարում է օկուպացված:
Թեկուզ և արդեն գոյություն չունեցող, բայց ժամանակին աշխարհի երկրորդ գերտերությունն ու երկբևեռ աշխարհակարգի երկրորդ բևեռը «խորտակելուց» ոգևորված՝ նա Ադրբեջանին «շնորհում է» Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու իրավունք «Զանգեզուրի և այլ արևմտաադրբեջանական հողերի», իսկ քաղաքակիրթ լեզվով՝ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Այսօր, երբ ադրբեջանաթուրքական հրոսակները Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիան ուղղել են նաև Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանամերձ քաղաքների ու գյուղերի նկատմամբ, ակնհայտ է, որ «միջազգային իրավունքի մասնագետ» ներկայացող անձն իր գրությունը հրապարակելով՝ ոչ միայն զբաղվել է կեղծիքներ ու նենգափոխումներ տարածելով, այլև կատարել է միջազգային իրավունքով սահմանված ծանր հանցագործություն՝ ՄԱԿ-ի անդամ Ադրբեջանին հրահրելով ռազմական ագրեսիայի ոչ միայն ինքնորոշված Արցախի Հանրապետության, այլև ՄԱԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետության դեմ:
Հավանաբար զգալով, թե ուր է գլորվում, նա փորձում է, ինչպես ինքն է ձևակերպել, «չտարվել պոպուլիզմով» և «վերադառնալ» միջազգային իրավունքին: Հայաստանի պաշտոնական տեսակետի նենգափոխման փորձից հետո հեղինակն անցնում է Արցախի ինքնորոշման իրավունքի ժխտմանը՝ սկսելով խնդրի կարգավորման հետ կապ չունեցող կառույցի՝ Մարդու իրավունքների եվրոպական
դատարանի «Չիրաղովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի վերաբերյալ որոշումից: Իհարկե, որևէ ուղղակի հղում չի բերում, պարզապես դիմում է կեղծիքի:
Այն հանգամանքը, որ դատարանը Հայաստանին է ճանաչում որպես դիմողների կորուստները փոխհատուցող սուբյեկտ, «հայտնի մասնագետը» փորձում է ներկայացնել որպես փաստ, որ դատարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ճանաչում որպես ինքնուրույն սուբյեկտ: Խեղճ «մասնագետը» անգամ չգիտի, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշումներ է ընդունում ոչ թե «ինքնուրույն սուբյեկտների», այլ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների վերաբերյալ:
Ի տարբերություն նրա՝ դատարանը գիտի, որ առայժմ ԼՂՀ-ն Եվրոպայի խորհրդի անդամ պետություն չէ: Ակնհայտ է, որ «միջազգային իրավունքի հայտնի մասնագետն» անգամ ինքնանվաստացման ճանապարհով փորձում է կեղծ «փաստեր» հորինել:
Նա, այնուամենայնիվ, միջազգային իրավունքին մոտենալու երկու երկչոտ փորձ անում է: Նախ փորձում է հարցը տեղափոխել uti possidetis juris (ինչին տիրապետում ես, տիրապետիր) սկզբունքի հարթություն՝ «հիմնավորելով», որ անկախանալով՝ Ադրբեջանը, որպես պետական սահմաններ, ստացել է խորհրդային հանրապետության կարգավիճակում ունեցած վարչական սահմանները:
Ոգևորվելով՝ խեղճը հասնում է տխմարության՝ գրելով. «Համաձայն այդ դոկտրինայի, Ադրբեջանի Հանրապետության անկախություն ձեռք բերելու պահից Ադրբեջանական ԽՍՀ վարչական սահմանները, որոնց մեջ գտնվում էին ԼՂԻՄ-ը և Նախիջևանի ԻՀ-ն, տրանսֆորմացվել են միջազգային օրենքների, որոնք, իրենց հերթին, պաշտպանված են միջազգային իրավունքով»:
Իսկապես, միայն Քեմբրիջի ու Հարվարդի շրջանավարտ «միջազգային իրավունքի հայտնի մասնագետին» հարիր խոշոր «գիտական» հայտնագործություն է՝ «վարչական սահմանների տրանսֆորմացիա միջազգային օրենքների»:
Հիմա՝ նշված սկզբունքի մասին: Որևէ մեկը չի կարող մատնանշել ինքնորոշման հակամարտության որևէ դեպք, որը լուծում է ստացել այդ սկզբունքի հիման վրա: Երբ հեղինակը նշում է «Բուրկինա Ֆասոն ընդդեմ Մալիի» գործը՝ որպես նախադեպ, դիմում է նոր կեղծիքի, քանի որ անգամ այդ գործի անվանումից է երևում, որ դա երկու ճանաչված պետությունների սահմանային վեճ է և ոչ մի կապ չունի ինքնորոշման հետ:
Հավանաբար ինքն էլ հասկանում է, որ խղճուկ փորձերը դժվար թե որևէ մեկին համոզեն, փորձում է օգտագործել 1991թ. ԱՊՀ հիմնադրման փաստաթղթի հետևյալ հատվածը «կողմերը ԱՊՀ շրջանակներում ընդունում և հարգում են տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Հերթական աճպարարության փորձը:
Նախ նյութի հեղինակը «չգիտի», որ եթե անգամ որևէ համաձայնագիր հակասում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, իսկ ինքնորոշման իրավունքը հենց նման կարգավիճակ ունի, ապա այդ ավելի ցածր կարգավիճակ ունեցող փաստաթուղթը իրավական որևէ ուժ չունի: Հետևաբար, ցածր կարգավիճակ ունեցող փաստաթղթերին հղում անելը պարզապես աճպարարություն է: Սակայն այս դեպքում անգամ նման պնդման կարիք չկա: Այդ համաձայնագրի կողմերը փաստաթղթով կարգավորել են իրենց հարաբերությունները:
Ավելին, ՄԱԿ-ի անդամ պետությունները նման պարտավորություն ստանձնել են բոլոր անդամ պետությունների նկատմամբ: Սակայն դա բացարձակապես չի նշանակում, որ այդ պետությունների սահմանները հավերժական են և բացարձակապես անձեռնմխելի: Միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերը նման բան չեն սահմանել, այլ արձանագրել են, որ անդամ պետությունները պետք է հարգեն մյուս անդամների տարածքային ամբողջականությունը և իրավունք չունեն ուժի կամ դրա սպառնալիքի կիրառմամբ որևէ այլ անդամ պետությունից որևէ տարածք անջատել և միացնել իրենց:
Օրինակ, ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը արձանագրում է. «ՄԱԿ-ի բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում ձեռնպահ են մնում ուժի սպառնալիքից կամ կիրառումից ինչպես ցանկացած պետության տարածքային անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության դեմ, այնպես էլ որևէ այլ ձևով, որն անհամատեղելի է ՄԱԿ–ի նպատակների հետ»:
Ավելին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը ինքնորոշմանն առնչվող մի շարք գործերի, մասնավորապես, Կոսովոյի դեպքի հետ կապված որոշման մեջ հստակորեն արձանագրում է, որ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքը գործում է միան ՄԱԿ-ի անդամ պետությունների հարաբերությունների կարգավորման նպատակով, իսկ ինքնորոշման իրավունքը՝ ինքնորոշվող կողմի և մետրոպոլիայի միջև հարաբերությունների կարգավորման:
Հետևաբար, այդ սկզբունքները ոչ մի կապ չունեն Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Ակնհայտ է, որ «միջազգային իրավունքի հայտնի մասնագետը» բացահայտորեն խուսափում է միջազգային իրավունքի շրջանակներում խնդրի դիտարկումից:
Հաջորդ քայլով նա փորձում է օգտագործել ԽՍՀՄ օրենսդրությունը: Իհարկե, կարելի է քննարկել հակամարտության ընթացքը խորհրդային տարիներին և ցույց տալ, որ այդտեղ ևս Ադրբեջանը որևէ իրական փաստարկ չունի, բայց պարզ է, որ այսօր դա կունենա միայն պատմական նշանակություն, սակայն ոչ իրավական, և որևէ ազդեցություն չի կարող ունենալ խնդրի կարգավորման վրա:
Դա թերևս հասկանում է նաև հեղինակը՝ որպես վերջին փաստարկ բերելով միջազգային իրավունքի նորմերի ու կարգավորումների հետ որևէ առնչություն չունեցող երկու գաղափար:
Դրանցից առաջինը վերաբերում է նախկին Հարավսլավիայի տարածքում փլուզումից հետո ծայր առած հակամարտությունների կարգավորման նպատակով ստեղծված Բադինթերի հանձնաժողովի կարծիքին, ըստ որի՝ այդ տարածքում անկախ պետություններ կարող են ձևավորել միայն նախկին հանրապետությունները: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ այդ հանձնաժողովը որևէ էական
դերակատարություն չունեցավ նախկին Հարավսլավիայի տարածքում ծագած հակամարտությունների կարգավորման գործում, այն հանգամանքը, որ որոշ հակամարտություններում ինքնորոշման փորձեր էին արվել ռազմական ագրեսիայի կիրառմամբ, այն հանգամանքը, որ ի հեճուկս այդ կարծիքի ՄԱԿ-ի հարյուրից ավելի անդամ պետություններ, այդ թվում՝ Եվրոպական միության անդամ երկրների ճնշող մեծամասնությունն ու ԱՄՆ-ը, ճանաչել են Կոսովոյի անկախությունը, պետք է արձանագրել, որ «հայտնի մասնագետը» նոր նվաճման է հասել՝ հանձնաժողովի կարծիքը հակադրելով միջազգային իրավունքի նորմերին:
Եվ վերջին հուսահատ ճիգը: «Մասնագետը» մեր ժամանակներին առնչվող իր «փաստարկներից» ինքն էլ բավարարված չլինելով՝ ստիպված է հարյուր տարի հետ գնալ ու կառչել Ալանդյան կղզիների լուծումից, երբ չկար ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ներկայիս միջազգային իրավունքը: Միանգամայն արժանապատիվ եզրափակում «միջազգային իրավունքի հայտնի մասնագետի» համար, որի գրությունը բացարձակապես չի անդրադառնում ո՛չ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, ո՛չ խնդրի կարգավորմանը՝ դրա հիման վրա, ո՛չ էլ բավարարում է բարեկրթության տարրական չափանիշներին:
Թեև, եթե անցյալն այդքան գրավիչ է համարում, կարող էր հազար տարի հետ գնալ ու վերադարձնել խաշնարած բաշիբոզուկներին իրենց տափաստանները՝ հիմնավորապես լուծելով խնդիրը:
Ադրբեջանաթուրքական տարատեսակ կեղծիքների ու նենգափոխումների շարքում այս գրությունը հերթականն է ու ոչ վերջինը՝ ակնհայտ ցածրորակ մասնագիտական շղարշով պատված:
Միգուցե այդ որակը պայմանավորված է սեպտեմբերի 27-ին պլանավորված լայնածավալ ագրեսիայի արագ նախապատրաստման նպատակադրումով:
Մնում է հուսալ, որ ագրեսիան էլ, որ հավանաբար պլանավորել են Միրզոևի նման «հայտնի մասնագետներ», նույն որակն ունի է և նույն արդյունքը կունենա:
Տիգրան Թորոսյան
Քաղաքական գիտությունների դոկտոր,
Հեռանկարային հետազոտությունների և նախաձեռնությունների կենտրոն
«ԼՈՒՅՍ հիմնադրամ» գրառմամբ հրապարակված նյութը պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերով։ Հրապարակված նյութի բոլոր իրավունքների բացառիկ իրավատերը «ԼՈՒՅՍ» հիմնադրամն է։