«Դիմում եմ թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին, որպեսզի առհասարակ բացառեն ու զերծ մնան այդ Tik-Tok սոցիալական ցանցում գտնվելուց ընդհանրապես». Արման Թաթոյան
«Առաջին պահից սկսած, երբ Ադրբեջանը հրետանային և ռազմաօդային ագրեսիվ հարվածներով սկսեց հարձակման ենթարկել Արցախի Հանրապետությունը, ակնհայտ էր, որ թիրախային հարձակման են ենթարկվում քաղաքացիական բնակավայրերը: Ընդ որում, ուսումնասիրությունները վստահ ապացուցում են, որ չի դրվում որևէ տարբերություն քաղաքացիական բնակչության կամ ռազմական օբյեկտների միջև՝ դրանով նաև իրական վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքն ու առողջությունը»,-միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ պետք է նշել, որ այդ հարվածներն ակնհայտ նպատակային են եղել:
Վերջինս նշեց նաև, որ կա 4 զոհ խաղաղ բնակչության շրջանում, և ակնհայտ է, որ վտանգված են տարեց մարդկանց, կանանց ու երեխաների կյանքն ու առողջությունը:
«Զոհերի և տասնյակ վիրավորների թվում էլ կա կանայք, երեխաներ, տարեց մարդիկ, և խնդիրն այն է, որ այս գործողություններն ուղեկցվում են նաև խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու կամ առհասարակ դրանք պարալիզացնելու ուղղությամբ: Խոսքը վերաբերում է կապի միջոցներին, խաղաղ բնակչության տեղաշարժման համար օգտագործվող տրանսպորտային միջոցներին: Ակնհայտ է, որ այդ գործողություններն ունեն համակարգված բնույթ»,-ասաց ՀՀ ՄԻՊ-ը:
Արման Թաթոյանի խոսքով՝ այս բոլոր հարձակումներն ուղեկցվում են ատելության ինտենսիվ ու լայնածավալ խոսքով:
«Միշտ էլ եղել է արմենաֆոբիայի բարձր մակարդակ, ու գնալով այն բարձրանում է էթնիկ հայերի նկատմամբ: Սեպտեմբերի 27-ի մեր մոնիթորինգը ցույց է տալիս, որ դարձել է համակարգված, շատ ավելի ուժեղացված, տարածվում են հատուկ պատրաստված տեսանյութեր սոցիալական ցանցերով՝ Facebook, Twitter, Tik-Tok, որոք նպատակ ունեն խաղաղ բնակչության շրջանում առաջացնել վախ, տագնապ: Քարոզչություն է գնում բռնության, այդ թվում նաև սպանության կոչերով»,-նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ ընդգծելով, որ մասնագետների հետ քննարկումներ են եղել այդ սոցիալական ցանցերի վտանգավորության վերաբերյալ:
Նա նկատեց, որ եզրահանգումը եղել է այն, որ դրանցից առավել վտանգավորը Tik-Tok կոչված սոցիալական ցանցն է, որովհետև այդ տիրույթում հնարավոր չէ հսկել ստացված կոնտենտը:
«Թե ադրբեջանական, թե թուրքական աղբյուրներից եկող համակարգված մեծ ծավալի ատելության խոսքը վկայում է այն մասին, որ թիրախավորված են երեխաները: Ես դիմում եմ թե երեխաներին, թե ծնողներին, որպեսզի առհասարակ բացառեն ու զերծ մնան այդ ռիկ-տոկ սոցիալական ցանցում գտնվելուց ընդհանրապես և ուշադրություն չդարձնել ու չօգտվել որևէ կասկածելի տեղեկատվությունից»,-ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ ասվածը վերաբերում է կամ նոր ստեղծված, կամ նոր գործի դրված «հայ» օգտատերերի կողմից տարածվող ապատեղեկատվությանը:
ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրեց նաև, որ ամեժամյա կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ, ով բարձր որակի փաստահավաք առաքելություն է սկսել, ինչպես նաև քաղաքացիական բնակչության, ՀՀ Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Ազգային ժողովի, միջազգային կառույցներում մեր դեսպանների հետ:
«Միջազգային ասպարեզում մեր աշխատանքի մասին խոսելիս պետք է նշեմ, որ բոլոր հաղորդումները հատուկ սկզբունքով են կազմվում: Դրանք պատահական չեն: Մենք հատուկ ցանկ ունենք և ուղարկում ենք միջազգային կառույցներին՝ այդ հաղորդումներում թիրախավորելով հատկապես ռազմավարական նշանակության հարցերը: ՀՀ ՄԻՊ-ն ունի Ա միջազգային ամենաանկախ ինստիտուտի կարգավիճակը, և դա օգտագործելով՝ մենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին հաղորդումներ ենք ներկայացնում»,-նշեց նա՝ հավելելով, որ մի քանի անգամ ինքն անձամբ արդեն խոսել է մի քանի միջազգային կառույցների ղեկավարների հետ ու ներկայացրել իրավիճակը:
Խոսելով ՄԻԵԴ ուղղարկված գանգատի վերաբերյալ հարցի մասին, որով Հայաստանը պահանջում է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ, Արման Թաթոյանն ասաց, որ ՄԻՊ-ն այս փուլում միջամտելու իրավասություն չունի, բայց գործի ընթացքից կախվածէ կարող են դիտարկել երրորդ կողմ ներգրավելու հարցը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործում:
Մանրամասները՝ տեսանյութում: