«Եթե Ադրբեջանը Թուրքիային ներքաշի, այդ դեպքում մեզ պետք է, որ Ռուսաստանը դրան հակազդի». Ավետիք Չալաբյան
Այսօր վաղ առավոտից արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակոդի նախաձեռնած մարտական գործողություններն իրական և մեծ մասշտաբի պատերազմ է՝ Ադրբեջանի կողմից մեծ նպատակներով, ինչը, թերևս, սպասելի էր, որովհետև դեռևս մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց, թե իբր Հայաստանը հրաժարվում է բանակցային գործընթացից, ինչն իրականում անում էր հենց Ադրբեջանը, իսկ դա գործընթացը տանում էր դեպի պատերազմական վիճակ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով.
«Ադրբեջանը չի հրաժարվում այն գաղափարից, որ Արցախը որևէ կերպ չի կարող լինել իր կազմում, իհարկե, սրան ավելացավ նաև հուլիսյան մարտերի ժամանակ կրած պարտությունը։ Երբ հետևում եմ Ադրբեջանի վարած ռազմական գործողություններին, հասկանում եմ, որ Ադրբեջանը գնում է վաբանկ՝ որոշել են ամեն ինչ դնել այս պատերազմում, կա՛մ հաղթեն, կա՛մ պարտվեն։ Հակառակորդի կրած տեխնիկայի կորուստները հսկայական են և նրանք որոշել են որևէ կերպ ուշադրություն չդարձնել մեր հակազդեցությանը»,-ասաց Չալաբյանը։
Ըստ նրա՝ հայկական կողմն այս պահին ռազմական գործողություններ է վարում երկու պետությունների հետ.
«Թուրքիան դարձել է հակամարտության կողմ, մենք պետք է հասկանանք, որ մենք կռվում ենք իրականում երկու հակառակորդի հետ և որևէ երաշխիք չկա, որ մյուս հակառակորդը չի մասնակցի մատական գործողություններին՝ օրինակ Նախիջևանում։ Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, թե այս տարածաշրջանի մյուս խաղացողները՝ Ռուսաստանը և Իրանն ինչպես կարձագանքեն։ Այստեղ կարևորը ոչ թե կոչերն են, այլ գործողությունները։ Օրինակ՝ ամենակարևոր գործողությունը, որը կարող է անել Ռուսաստանը հետևյալն է, կարող է ցույց տալ՝ եթե Ադրբեջանը այս պատերազմում Թուրքիային ներքաշի, ապա Ռուսաստանը ևս կներքաշվի։ Դա մեզ համար կարևոր է այքանով, որ դա կսառեցնի Թուրքիայի նկրտումներն այս կոնֆլիկտի մեջ ներքաշվելու։ Մեզ համար կարևորը այն է, որ մեզ Թուրքիան թիկունքից չխբի»,-ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրը։
Ավետիք Չալաբյանի համոզմամբ՝ քանի որ Ռուսաստանը հարաբերվում է ոչ թե Հայաստանի իշխանության, այլև Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության հետ, Ռուսաստանը հասկանում է, որ չի՛ կարելի Հայաստանը հանձնել։
«Նրանք դա հասկանում են՝ նույնիսկ եթե իրենք այսօր ՀՀ իշխանությունների հետ ունեն որոշակի տարաձայնություն, միևնույն է՝ Հայաստանը համարվում է Ռուսաստանի կարևորագույն դաշնակիցը։ Ի դեպ, վերջերս ՌԴ-ում հարցում էր անցկացվել և ռուս ժողովուրդը Հայաստանը դիտարկում է իր 5 կարևորագույն բարեկամական երկրների շարքում։ Սա շատ կարևոր է։ Ռուսաստանը հասկանում է, որ չի կարելի Հայաստանի պես բարեկամ կորցնել, այդ երկրում այսպիսի ընկալում կա և խնդիրն այն է, թե որքանով ՀՀ իշխանությունը կկարողանա վերականգնել այրված կամուրջները»,-ասաց Չալաբյանը։
Հացազրույցի մանրամասները՝ տեսանյութում։