«Եթե Թուրքիան որոշի միջամտել, Ռուսաստանը մեծ հաշվով ոչինչ չի կարողանա անել». Ֆելգենգաուեր

«Մոսկվայի ռազմական ռեսուրսներն Անդրկովկասում սահմանափակ են և անհամեմատելի Թուրքիայի ռեսուրսների հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը, անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին, Ռուսաստանի միջնորդական ջանքերին և ռուս-թուրքական դիմակայությանը ԼՂ հակամարտության գոտում:

Հիշեցնենք, որ այսօր հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներ է ունեցել  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկատվություն տարածվեց նաև, որ ՌԴ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ:

Պավել Ֆելգենգաուերի խոսքով, ռազմական տեսանկյունից կա երկու սցենար՝ կամ կշարունակվի այս ամենը մոտավորապես մեկ շաբաթ և կվերականգնվի հրադադարը, կամ կշարունակվի և կխորանա պատերազմը, որը կերկարաձգվի և հասկանալի չէ, թե ինչպես կավարտվի: Ռուսաստանի հնարավոր պահվածքը, նրա խոսքով, կախված է լինելու նրանից, թե ինչպիսին կլինի թուրքական միջամտությունը և ընդհանուր առմամբ կողմերի միջև ինչպես կզարգանա իրավիճակը:

«Եթե Թուրքիան կանցնի սահմանը Արաքսով, հարձակվի Երևանի վրա, ապա Ռուսաստանն, այո, կպատերազմի, իսկ եթե թուրքերը աջակցեն Ադրբեջանին, գործելով Արցախի շրջանում սահմանափակ տեխնիկայով, ապա ՌԴ-ն չի միջամտի: Դիվանագիտական առումով ներկայումս Ռուսաստանը պնդելու է, որպեսզի դադարի կրակը, ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ, որպեսզի վերականգնվի հրադադարը, բայց թե ինչ ավելի լուրջ քայլերի կարող է դիմել  Ռուսաստանը, բարդ է ասել, քանի որ Մոսկվան իր հերթին բազմաթիվ սուր արտաքին քաղաքական  հարցեր ունի, որքանով կկարողանա մեծ դիվանագիտական ջանքեր ներդնել, անհասկանալի է,  ամեն ինչ ավելի շատ կախված է կոնկրետ իրավիճակի մասնակիցներից, քան Մոսկվայից: Մոսկվան չի ցանկանում ստատուս քվոյի փոփոխություն, արդեն իսկ առկա հավասարակշռությունը, ստատուս քվոն ձեռնտու են Մոսկվային քիչ թե շատ, ուստի պատերազմը  մինչ հաղթական ավարտ ամեն տարբերակով  ամենաքիչն է ձեռնտու Ռուսաստանին:

Ռազմական իմաստով Ռուսաստանն էապես թույլ է Թուրքիայից հենց Անդրկովկասում, եթե Թուրքիան որոշի միջամտել, Ռուսաստանը մեծ հաշվով ոչինչ չի կարողանա անել բացառությամբ միջուկային զենքի կիրառումը, քանի որ ռուսական փոքր կոնտինգենտը Հայաստանում՝ մեկ ոչ մեծ  բրիգադը, մի քանի ինքնաթիռներ,  կարելի է ևս մի քանիսը  բերել, դրանք գտնվում են  հարվածի տակ, ցամաքային եղանակով Վրաստանով տեխնիկա հասցնելը խնդիր է, Վրաստանում խնդիրներ կան այդ գործընթացը կազմակերպելու ճանապարհին, իսկ թուրքերի առավելությունը ճնշող է, Մոսկվայում դա լավ են հասկանում,  Ռուսաստանի համար  Անդրկովկասում ցամաքում  Թուրքիայի հետ  խնդիրներ լուծելը շատ բարդ է: Էրդողանը ևս բազմաթիվ արտաքին քաղաքական խնդիրներ ունի, այդ թվում տնտեսական լուրջ խնդիրներ, ուստի կարող  է իրեն թույլ տալ, որ Ադրբեջանը պարտություն կրի, բայց կաջակցի Ադրբեջանին, թե ինչպես դեռ հարց է, ամեն ինչ կախված է լինելու, թե ինչպես կզարգանա իրավիճակը շփման գծում»,- ասաց Ֆելգենգաուերը:

Նա նշեց, որ ՀԱՊԿ-ից որևէ աջակցություն սպասելը Արցախյան հակամարտության գոտում ֆորմալ առումով պետք չէ: Իսկ թե ինչպես կաջակցի Ռուսաստանը, նրա խոսքով, դա ևս այս պահին կասկածելի է: Նրա խոսքով, Ռուսաստանը չի ցանկանում հարաբերություններ վատթարացնել Բաքվի հետ, Ռուսաստանին հարկավոր է և Երևանի, և Բաքվի հետ հարաբերություններ, որպեսզի երկու պետությունն էլ ճանաչեն ռուսական ազդեցությունը:

«Մոսկվայում կա հզոր հայկական լոբբի, կա հզոր ադրբեջանական լոբբի, այնպես որ՝ Մոսկվայում դա ևս դեր է խաղում: Հայաստանում և Ղարաբաղում զորահավաքը վատ նշան է, քանի որ դա նաև շատ թանկարժեք է, դա երկար պահել հնարավոր չէ, դա թույլ է տալիս ենթադրել, որ կարող է և մեծ պատերազմի վերաճել այս ամենը: Հայ-ռուսական հարաբերություններն ինչ–որ առումով ազդում են Մոսկվայի արձագանքի վրա, բայց կարևոր են Մոսկվայի ռազմավարական ուղղությունները, այս պահին այդքան կարևոր չէ՝ Սարգսյանն է, թե այլ գործիչներ Ղարաբաղից, որոնք շատ անձնական կապեր ունեին Մոսկվայի հետ, թե  Փաշինյանը, ում այդքան էլ չեն սիրում գունավոր հեղափոխության համար, կարևոր են  ռազմավարական շահերը:

Ռուսաստանի ռազմավարությունը հետևյալն է՝  վերականգնել իր ազդեցությունն Անդրկովկասում, վերադառնալ իր  սովետական սահմաններին, իսկ դա ենթադրում է, որ հարկավոր են սերտ հարաբերություններ՝ վասալային, Բաքվի և Երևանի հետ, և եթե  ֆորմալ առումով Հայաստանը արդեն դաշնակից է, Ռուսաստանին Հայաստանի օգտին վիճել ԱԴրբեջանի հետ կամ հակառակը, նպատակահարմար չէ, հենց  այդ պատճառով քաղաքականությունը հավասարակշռված է, տարածաշրջանային պատերազմը Ռուսաստանի համար շատ վատ տարբերակ է: Իսկ ինչ անե՞լ, Մոսկվայում 1995 թվականի  քննարկումներին ներկա եմ եղել, դրանք պտտվում էին ռուս խաղաղապահներ հակամարտության գոտում տեղակայելու շուրջ,  դա կարող է հետաքրքրել նաև այսօր: Սակայն մինչ դա ջանալու են  ճնշել իրավիճակը, բայց Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են մաքուր ռազմական տեսանկյունից, այնտեղ միայն մեկ բրիգադ է, կարելի է օդով տեղափոխել դեսանտ, բայց Վրաստանով սպառազինել հնարավոր չէ: Լավրովը  կփորձի կամ անձամբ կլինի տարածաշրջանում, կզանգեն, կպահանջեն, բայց պարտադրել հնարավոր չէ: Սահմանափակ են հնարավորությունները»,- ասաց Ֆելգենգաուերը:

Տեսանյութեր

Լրահոս