«Չի կարելի նման հարցը երկու տարի ձգձգել: Սա տնտեսությանն ուղղված ամենամեծ հարվածն է». Բագրատ Ասատրյան

168.am-ի զրուցակիցը Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն է:

– ԱՎԾ վերջին տվյալներով, Հայաստանում հանքարդյունաբերության ծավալները կրկնակի աճել են՝ կազմելով տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշի մոտ 25 տոկոսը: Վարչապետն օրերս խոսեց այն մասին, որ առանց հանքարդյունաբերության տնտեսական անկումը շատ ավելի մեծ կլիներ։ Այս իրողությանը զուգահեռ՝ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը դեռ նկատելի չէ. կողմերի միջև լարվածությունը շարունակում է մեծանալ: Լուծում տեսնո՞ւմ եք:

– Կառավարությունը պետք է որոշում կայացնի. կամ այո, կամ ոչ: Բոլոր տեղեկատվությունն ունեն. թե՛ էկոոլոգիայի, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական նշանակության: Կառավարությունը ստեղծված է վճիռ կայացնելու համար:

– Վարչապետը հայտարարեց՝ երկու տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Լիդիան Արմենիա» ընկերությանը հանքի շահագործման լիցենզիայից զրկելու հիմքեր չկան: Հետևաբար, վճիռն ինչպիսի՞ն պիտի լինի:

– Գուշակություն չանենք: Կառավարությունը թող մեկնաբանություններ տա, բայց իր խնդիրը վճիռ կայացնելն է: Չի կարելի նման հարցը երկու տարի ձգձգել: Սա տնտեսությանն ուղղված ամենամեծ հարվածն է: Բացե՞լ, թե՞ փակել՝ սա ավելի քիչ բացասական էֆեկտ է ունենալու, քան ընդհանրապես վճիռ չկայացնելը:

– Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում քաղաքական ասպեկտ կա՞, քանի որ, օրինակ, Թեղուտի հանքավայրի վերագործարկումը 2019-ին թե բնապահպանների, թե ակտիվիստների կողմից կարծես անտեսվեց, մի տեսակ աննկատ եղավ ամենը:

– Դժվարանում եմ ասել, սակայն կարծում եմ՝ կա: Համենայնդեպս, այն աղմուկը, որն Ամուլսարի շուրջ կա, դրան համաչափ վերաբերմունք  էկոլոգների և բնապահպանների կողմից այլ դեպքերում չենք տեսել: Մենք գիտենք, որ Ամուլսարը միակը չի, բայց նաև գիտենք, այն ամենափնթի հանքավայրը չի: Ես ինքս Զանգեզուրից եմ, գիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվում: Սոդքով, Վարդենիսով բոլորս կարող ենք անցնել և տեսնել, թե ի՞նչ է լինում՝ անխնա, ուղղակի շահագործում է գնում: Բայց, չգիտես ինչո՞ւ, որևէ մեկն այս հարցերը չի դնում: Իսկ Ամուլսարի դեպքում հարցադրումը սուր է, ինչն էլ առիթ է տալիս մտածելու, որ այլ մղումներ կան:

– Իսկ եթե «Լիդիան-Արմենիա» ընկերությունն այդուհանդերձ որոշի գնալ միջազգային դատարան, ի՞նչ կլինի:

– Այստեղ կան դրական և բացասական կողմեր: Դրականն այն է, որ մեր երկիրը մտածում է բնակչության ապահովության և ապագայի մասին: Սա նշանակում է, որ Հայաստանը երրորդ կարգի երկիր չէ: Բայց բացասականն այն է, որ կոնկրետ ներդրողներ, կոնկրետ ներդրումներ են արել, և իշխանափոխության արդյունքում նման իրավիճակ է ստեղծվել: Սա ներդրումային տեսանկյունից ոչ կայուն երկրի տպավորություն է թողնում:

ԱՍՏՂԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս