«Ալիևի դիրքերը թուլացել են. նա ցայտնոտի մեջ է». Կարեն Վերանյան
«Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս այն քաղաքական լարված իրավիճակն ու դիրքերի թուլացումը, որ Ալիևն ունի հուլիսյան ռազմական գործողություններից հետո:
«Ալիևի՝ նման ցայտնոտ և ոչ ռացիոնալ պահվածքը ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում Ալիևի դիրքերը բավականին թուլացել են: Ալիևի դիրքերը թուլացել են նաև իր քաղաքական, դիվանագիտական թիմում, պաշտպանական ոլորտում էլ խնդիրներ կան: Սա այն իրավիճակն է, որը դրդում է Ալիևին փոխել գործելաոճը: Փորձ է կատարվում կոշտացնել Հայաստանի հետ հարաբերություններում հռետորաբանությունը, քաղաքական քայլերը: Դա խոսում է այն մասին, որ ավելի հավանական է՝ Ալիևը և՛ երկրի ներսում, և՛ արտաքին ճակատում դիմի որոշակի սխալ քայլերի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Կարեն Վերանյանի խոսքով՝ Ալիևը հիմա որոշակի բարդույթ ունի՝ Հայաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ գնալ բանակցությունների. «Սա խնդիր է իր համար, որովհետև նրա բանակցային դիրքերն են թուլացել հուլիսյան դեպքերից հետո»:
Նա նշեց, որ լարվածությունը պահպանվում է, և դրան միջամտում է Թուրքիան. «Որոշակի լարվածության աճ կարող է նկատվել, բայց չեմ կարծում, թե ունենալով բազմաթիվ խնդիրներ՝ Ալիևը գնա լայնածավալ գործողությունների»:
Նրա գնահատմամբ՝ Թուրքիան փորձում է օգտագործել Ադրբեջանի խաղաթուղթը և Հարավային Կովկասում մեծացնել լարվածությունը. «Էրդողանն այսօր կարողացավ հասնել նրան, որ Ալիևին դարձրեց ավելի վերահսկելի Թուրքիայի համար, Ալիևի իշխանությունն ավելի թուլացավ, և դրանից օգտվում է Թուրքիան»:
Հարցին՝ թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված իրենց ելույթներում հակահայ հայտարարություններ արեցին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի ելույթում Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարություններին, այդ երկրներից եկող սպառնալիքներին անդրադարձ չեղավ, ինչո՞ւ այդ կարևոր հարթակը չօգտագործվեց՝ այդ խնդիրները բարձրաձայնելու համար, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ արդեն որոշակի շեշտադրումներ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հայտարարություններին համարժեք հայտարարություններ և արձագանքներ Հայաստանը հնչեցրել է»:
Հետաքրքրվեցին՝ որո՞նք են այդ հայտարարություններն ու արձագանքները՝ Արտգործնախարարությունը Ալիևի հայտարարությունները հիասթափեցնող է համարում, իսկ Զոհրաբ Մնացականյանը՝ որակում հուզական:
«Ամեն դեպքում, հուլիսյան դեպքերից հետո և այդ դեպքերին հաջորդող գործընթացներում մեր դիրքերը բավական ամուր են: Սա թույլ է տալիս մեզ հնարավորինս խուսափել ավելորդ հայտարարություններից, հուզականությունից»,- ի պատասխան՝ ասաց նա:
Դիտարկմանը՝ նրանք միջազգային հանրությանն են դիմում, կոչերով են հանդես գալիս, ըստ էության, իրենք պատրաստվում են պատերազմի, բայց փորձում են Հայաստանին դա վերագրել, նա այսպես արձագանքեց. «Իսկ ե՞րբ չեն Թուրքիան և Ադրբեջանն այդպես հասցեագրված հայտարարություններով դիմել միջազգային հանրությանը»:
Նկատեցինք, որ նախկինում Հայաստանի կողմից էին արձագանքները բավականին կոշտ, նույն ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանին և Թուրքիային ուղղված հայտարարություններ են հնչել:
Փորձագետը նշեց, որ հայկական կողմի գործողություններն ու հայտարարությունները բավական համարժեք են այն իրավիճակին, որ ստեղծվել է Ադրբեջանում:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում